Saturday, March 5, 2011

ԿՅԱՆՔԻՍ ԱՄԵՆԱՈՒՐԱԽ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ. ԱՊԱՐԱՆ ԹԻՎԻ

Այս մասին արդեն գրել է Սամվել Մարտիրոսյանը, որի եւ Աննա Բարսեղյանի հետ միասին ներգրավված էինք Երեւանի մամուլի ակումբի այլընտրանքային լրատվամիջոցների վերաբերյալ մի ծրագրում: Այն ժամանակ ես բլոգ չունեի, ուստի չէի կարող հրապարակել այս տեսագրությունը:

Չնայած իմ թախանձագին խնդրանքներին, որ ուղարկվի հաղորդման ամբողջական տեսագրությունը` Ապարան ԹիՎԻ-ի ղեկավարը, մեկ է, ուղարկեց մոնտաժված տարբերակը, ուստի մի թեթեւ բացատրեմ, թե կադրում ինչ է կատարվում:
Որ պարզ դառնա, թե ինչու ես հենց սկզբից փլվեցի, լսելով "Այսօր Ապարանի հեռուստատեսության հյուրերն են"` պետք է տեսնեք, թե ինչ էինք տեսնում մենք` երկտեղանի մի մահճակալ: Մենք հենց ներս մտանք այդ "տաղավարը"` ես հետաքրքրվեցի, թե հատկապես որտեղ է լինելու նկարահանումը: Տանտերը, որը նաեւ հեռուստաընկերության ղեկավարն ու օպերատորն էր` հարցրեց. "Բայց դու ինչ գործ ունես իմ կնգա կռավաթի հետ": Համաձայնեցի` ոչ մի գործ չունեմ, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է` ով է "այլ պայմաններում" նստում այնտեղ, որտեղ մենք էինք նստած: Տպավորությունն այն է, որ այդտեղ նստողները նաեւ պիտի գնահատականներ բարձրացնեին` տեխնիկայի, արտիստիզմի եւ այլնի համար:


Հաղորդման սկզբում մարդն անկեղծորեն ասաց, որ իր տեսախցիկը "զոոմ" չունի: Ես կարգին չհասկացա, թե խոսքն ինչի մասին է, մինչեւ մեզ ընդհանուր պլանով նկարելուց հետո` նա ծափ տվեց, կանգնեցնելով հաղորդումը, եւ տեսախցիկը գրկած առաջ եկավ` խոշոր պլան նկարելու:

Հաղորդումը, որ ընդհանուր առմամբ` բավական լուրջ էր, առանց այդ էլ հաճախ էր ընդհատվում: Ասենք, ես խոսում էի այն մասին, թե այլընտրանքային լրատվամիջոցների մասին խոսակցությունը "հաց չկա` բուլկի կերեք" խորհրդին է հավասարազոր, հաշվի առնելով, թե ինչ վիճակում են մեր մարզային թերթերը, մարզային հեռուստաընկերությունները... Եվ այստեղ աչքս ընկնում էր այդ մահճակալին ու հաղորդումը բնականաբար դադարում էր` առանց որեւէ ծափի: Նույն կերպ եղավ, երբ խոսում էի, թե ինչով է լեցուն մեր հեռուստաեթերը: Ու քանի որ ծիծաղելով հա կադրից դուրս էի ընկնում` ի վերջո առաջարկեցին, որ Սամվելն ինձ թեւանցուկ արած նստի: Քանի որ բոլորս էինք հա այդպես փչացնում կադրը` Սամվելը պատասխան առաջարկ արեց, որ բոլորս` շղթայով իրար թեւանցուկ արած նստենք:

Մի պահ Աննան շատ հուզիչ խոսք ասաց, թե "այո, պատանիները մտնում են Օդնոկլասնիկի, բայց արդյոք էլ ուրիշ ինչով կարող են զբաղվել պատանիները": Ես ու Սամվելն առաջարկեցինք, որ տեսախցիկը 180 աստիճանով շուռ տան, որ պարզ դառնա, թե էլ հատկապես ինչով կարող են զբաղվել պատանիները:

Վերջում հեռուստաընկերության ղեկավարն ասաց` "Իմ խելքն ասա. յանի ինչի էի ձեզ եթեր տրամադրում, որ դեռ էդքան էլ ծիծաղեցիք": Նաեւ "սպառնաց" ինձ, որ ամեն շաբաթ պիտի գամ "Ապարան Թիվի" հարցազրույց տալու: Ես անկեղծորեն ասացի, որ պատրաստ եմ գալ նաեւ աշխատելու այստեղ, թե չի ինչ են էս "Առավոտն" ու "Ազատություն" ռադիոկայանը` այնտեղ իսկի մի բազմոց էլ չկա, որ քնեմ, հանգստանամ:

Որպես վերջաբան` ինձ շատ դուր եկավ ընկերներիցս մեկի արձագանքն այս պատմությանը: Ասաց` այ, դու ծիծաղում ես, բայց Discovery, Animal planet` դրանք բոլորը նման պայմաններում են նկարահանվում:

15 comments:

  1. փլվեցի ծիծաղից ... hysterical ... this is hysterical ...

    ReplyDelete
  2. իիիինչ ուրախ օր եք ունեցել !!!!

    ReplyDelete
  3. Սեդուլիկ, դու Սամվելի գրածն էլ կարդա: Ես չեմ հիշատակել այն, ինչ ինքն արդեն գրել էր: Ասենք, որ հաղորդման ընթացքում դրսում կով բառաչեց, ու ինքը գնաց պատուհանը փակեց: Կամ, որ Գեղամը Բաղդասարյան` ԵՄԱ-ից, շատ տխուր ու ամեն նախադասությունից հետո պաուզաներով` վերջում ասաց. "Առաջ այդ հեռուստաընկերությունն այլ վայրում էր: Ուղղակի հիմա իր գործերը վատացել են: Առաջ հյուրասենյակում էր: Ու ես վախենում եմ, որ գործերն էլի վատանան":

    ReplyDelete
  4. Այ մարդ, էս մարդիկ լավ օրից չէ, որ կով են պահում կամ ննջասենյակում նկարահանում:):)

    ReplyDelete
  5. Հասկանալի է, Մարիաննա ջան, բայց դու նաեւ մեր վիճակը պատկերացրու, որ այդ պայմաններում այլընտրանքային լրատվամիջոցների մասին էինք խոսում :Ճ

    ReplyDelete
  6. eli wataca :)))))))) haziw ei moracel :))))

    ReplyDelete
  7. Բա դա մոռանալ կլինի? Թե շատ է հետդ նման բաներ պատահել, Սամվել ջան :Ճ

    ReplyDelete
  8. es mi angamn er :) wor zoom chkar :)

    ReplyDelete
  9. Վերջը էս ծրագրը գրվե՞ց, թե բռակ համարվեց: :)

    ReplyDelete
  10. Չէ, այս մասերը հանած` լավ էլ լուրջ ծրագիր էր: :Ճ Հաղորդման մնացած հատվածներում ես ողբերգական դեմքով, լարված նստած էի, որ հանկարծ էլի չծիծաղեմ:

    ReplyDelete
  11. Ոնց եմ բաց թողել այս գրարումը?!?! Լացում եմ արդեն ծիծաղից :D :D

    ReplyDelete
  12. Դիանա ջան, դու մեր վիճակը պիտի տեսնեիր` հենց այն պահից սկսած, երբ մտանք այդ "ստուդիա" եւ սկսեցինք բջջայիններով նկարել այն.... :Ճ

    ReplyDelete
  13. Չեմ հիշում, թե վերջին անգամ, երբ էի սենց ծիծաղել:Էլ չեմ ասում, որ առաջին պարագրաֆից հետո մտածեցի, թե էտ անկողինը օգտագործում են ֆանդռեյզինգի համար :)))))))))))))

    ReplyDelete
  14. emmahar անունով ստորագրած մեկը, որին ճանաչելու պատիվը չունեմ, իր մեկնաբանության մեջ անձնական վիրավորանքներ է գրել: Իսկ վիրավորանքներ իմ բլոգում չեն եղել ու չեն լինելու, այդ պատճառով էլ դրանք ջնջել եմ: Իսկ մեկնաբանության մնացած մասը վերահրատարակում եմ:

    Հարգելի Աննա, չգիտեմ ինչպես լինքերով հասա Ձեր բլոգին ու կարդացի Ձեր կյանքի լավագույն օրերից մեկի մասին:Պատկերացրեցի մի նման լավագույն օր էլ չէիք կորցնի եթե մեր պոլիկլինիկայի բժիշկների հետ 2002 թ-ի ձմռանը ամեն կիրակի այցելեիք Ապարանի գյուղերը: և հատկապես ինչքան կփլվեիք ծիծաղից Ալագյազ գյուղի կիսաքանդ դպրոցը այցելելուց ,որտեղ հողե գետնին դրված հնադարյան նստարաններին մի կերպ կքանստած բժիշկները սառցակալած մատներով նույն գյուղի բնակիչների , հիմնականում ազգությամբ եզդիներ,սարցակալած մարմիննեին էին զննւմ:Ու հատկապես դժվար կլիներ վերականգնել ուղղահայաց,ոչ հորիզոնական, սողացող ,դիրքը, եթե տեսնեիք որ այդ մեղմ ասած ապարանցիները բժշկին այցելում էին նոր հագուստով,մաքուր,ի տարբերություն որոշքաղաքաբնակների:Ձեր այս հոդվածանմանը և քոմենթները հիշեցնում են ինձ Հ2-ով հեռարձակվող Պահմտոցի+ հաղորդման խեղկատակներին, որոնք արևածաղկի սերմ վաճառող տատիկներին և թոշակի ծանրությունից կռացած պապիկներին ձեռք առնելով իրենց նման խեղկատակներից ծիծաղի փշրանքներ ու եթերաժամ են կորզում: Բա կովի բառաչը... Աջափնյակի մի շարք փողոցներով 92-93 թթ-ից սկսած ամեն աոավոտ մի իսկական նախիր է արածելով "զբոսնում",իսկ Դուք ապշում եք, որ իրեն լրագրող անվանող մարդը ԿՈՎ է պահում:

    ReplyDelete