Saturday, April 30, 2011

ԼԵՆԻՆԸ ՍԻԵԹԼՈՒՄ

Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում: Երկար տարիներ անց` առաջին անգամ դա զգացի այստեղ` Ամերիկայում: Այն պահին, երբ տան ճանապարհին` ավտոբուսից տեսնելով Լենինի արձանը, ինձ զգացի այնպես` կարծես գտել եմ կորցրած հարազատիս: Մեղա, մեղա, երբեք չէի պատկերացնի, որ զուգահեռ կանցկացնեմ Լենին եւ հարազատ բառերի միջեւ :
Բայց դե` մի կերպ պիտի բացատրեմ, չէ, թե ինչու է իմ բլոգի այս գրառումը հենց Սիեթլում, ավելի ճիշտ` դրա Ֆրեմոնթ արվարձանում կանգնեցված Լենինի արձանի մասին:

Կարող էի գրել Մայքրոսոֆթ ընկերության յուրօրինակ փոքրիկ քաղաք այցելությանս եւ այնտեղ տեսածս տեխնոլոգիական հրաշքների մասին:
Կարող էի գրել, որ այսօր այցելել եմ  Մայքրոսոֆթի համահիմնադիր Փոլ Ալլենի հիմնադրած երաժշտության թանգարան, որտեղ արտակարգ ցուցադրություն կար Նիրվանայի եւ Ջիմի Հենդրիքսի մասին:
Եվ վերջապես, կարող էի գոնե գրել այսօր տեսածս մի մարդու մասին, որը փողոցով մեկ գոռում էր. "I'm tired, I'm so f...ing tired, man": Յանիմ` սաղից հոգնածն ինքն է: Թեեւ մենք էլ մի օրի չենք:
Բայց դե`անհուսալիորեն Խորհրդային Միության ծնունդ պիտի լինես, որ այս ամեն ինչից առանձնացնես էքս մեծ առաջնորդին:

Ավտոբուսից իջա` բնածին եւ լրագրողական հետաքրքրությունս բավարարելու, թե ոնց է ստացվել, որ մենք մեր բոլոր հրապարակներից հանել ենք այս արձանը, բայց ահա այն հայտնվել է այստեղ: Որ Լենինը եղել է Լեհաստանում, նաեւ Ռազլիվում` աղոտ հիշում եմ, բայց ինչպես է հասել Ֆրեմոնտ: Հենց այդ հարցի պատասխանը կար արձանին կից ցուցանակում, որի վրա մի հանճարեղ լուսանկար է:

Ահա այսպես: Մարդկանց, որ այսքանից հետո տվայտանքների մեջ կընկնեն, թե բա սենց գյոզալ ապրանքը մարդ դուրս կգցեր կամ կվաճառեր, առաջարկում եմ շատ չոգեւորվել. Լենինից քիչ հեռու` Ֆրեմոնտում տրոլլի արձան էլ կա: Ահա այն:

ՈՒ նաեւ ասեմ, որ թեեւ ամերիկացիները տեղավորել են տեղահան արված առաջնորդին, բայց առանձնապես հարգալից էլ չեն նրա նկատմամբ` զարդարում են, տարբեր բաներ հագցնում: Մի օրինակ, թե ինչպես են վարվում հետը:

No comments:

Post a Comment