Wednesday, March 9, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-7

"Երեւան՚" հեռուստաընկերության մրցութային առաջարկում հայրենական արտադրության հաղորդումների ծավալի վերաբերյալ նշված երկու տարբեր թվերից ՀՌԱՀ-ը հիմք է ընդունել այն մեկը, որը նրան առավելություն էր տալիս մրցակցի նկատմամբ:

Մինչ այժմ բոլոր հեռուստաընկերությունները, որոնց առաջարկները ներկայացրել ենք՝ միայնակ էին մասնակցել մրցույթներին: Երիտասարդական ուղղվածության թիվ 8 մրցույթն առաջինն է, որի մասնակիցները երկուսն էին՝ ՙԵրեւանն՚ ու ԱԼՄ-ն: Դիտարկենք, թե ինչ առավելություններ ուներ ՙԵրեւան՚-ի առաջարկը:




Իր ՙբիզնես ծրագիր՚ անվանված մրցութային առաջարկում ՙԵրեւանը՚ հիշատակելուց հետո, թե իրենց հեռուստաալիքը հեռարձակվելու է Երեւանի տարածքում՝ շարադրել է նման տվյալներ. ՙՄայրաքաղաքը զբաղեցնում է 227 քառակուսի կմ տարածք եւ գտնվում է ծովի մակերեւույթից 900-1200 մետր բարձրության վրա՚: Հավելվածներում անգամ Երեւանի մի քանի լուսանկարներ են ներառել՝ մասնավորապես ՀՀ նախագահի նստավայրի եւ ԱԺ պատկերները, Հանրապետության հրապարակը եւ այլն: Ծրագրի հիմնական մասում նշել են, թե Երեւանի բնակչությունը 1,1 մլն մարդ է (հավելվածում մանրամասնել են բնակչության թվաքանակն ըստ Երեւանի վարչական շրջանների եւ ներկայացրել հիմնական ժողովրդագրական ցուցանիշները), 286 հազարը երիտասարդներ են: Շարադրված է նաեւ կանանց տոկոսը, ամուսնության եւ ամուսնալուծության ընդհանուր գործակիցները եւ այլն:

Կարելի է ենթադրել, թե ինչու են Երեւանում գրանցված ամուսնալուծությունների քանակի մասին տվյալներ տեղադրել իրենց մրցութային առաջարկում՝ ՙԵրեւան՚ հեռուստաընկերությունը չէր վարանում իր ամեն օր 3 ժամ տեւողությամբ ՙSMS-Chat՚ ծրագրում տեսահոլովակներին զուգահեռ տեղադրել ՙԿկատարեմ ամուսնալուծված կանանց բոլոր ցանկությունները՚ կարգի հայտարարություններ: Իսկ մրցութային այս առաջարկում էլ նշել են, թե այդ ծրագիրը ՙբովանդակային քննարկում է ծավալում երիտասարդներին հետաքրքրող բազում հարցերի շուրջ, եւ հնարավորություն է ընձեռում անմիջական շփում հաստատել հեռուստադիտողների միջեւ, օգնում է տարբեր բարդույթներով անձանց անկաշկանդ շփման՚: Մեր դիտարկումներով՝ հիմնականում ոչ թե տարբեր, այլ մեն մի՝ սեռական բարդույթներով անձանց միջեւ էր ծավալվում այդ ՙբովանդակային քննարկումը՚:

Ծրագրում ներկայացրել են մայրաքաղաքի 44 երիտասարդների՝ պատահական հեռախոսազանգերի միջոցով արված հարցման արդյունքները: Եվ քանի որ նրանցից 2-ն ասել էին, թե նախընտրում են դիտել "ՙթոլկ-շոու", թերեւս այդ պատճառով էր ՙԵրեւան՚ հեռուստաընկերության պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը վերջերս media.am-ին տված հարցազրույցում հայտնել. "Կունենանք առնվազն երկու թոք՝ հանրությանը հետաքրքրող թեմաներով՚": Երկու մեջբերման դեպքում էլ՝ պահպանել ենք բնագրի անաղարտությունը:

Նույն հարցման արդյունքներից դատելով՝ երիտասարդներին ընդհանրապես չի հետաքրքրում քաղաքականությունը՝ միայն ժամանցային, երաժշտական եւ նման այլ հաղորդումներ: Եվ այդ պատճառով էլ ե՜ւ մրցութային առաջարկում է նշված, թե նման հաղորդումները կազմում են իրենց հեռուստածրագրի ՙծանրակշիռ մասը՚, ե՜ւ Արտյոմ Հակոբյանն էր ասել. "Ուզենք, թե չուզենք քաղաքականությունն այսօր մարդկանց վրա բացասաբար է անդրադառնում: Մենք կփորձենք հնարավորինս զերծ մնալ քաղաքական քննարկումներից, թող երիտասարդությունը մեզ մոտ միայն դրական լիցքերով լի հեռուստանախագծեր տեսնի՚": Սակայն դժվար է գուշակել, թե ինչպես են հաջողելու ե՜ւ ՙմիայն դրական լիցքերով լի՚ նախագծեր իրականացնել, ե՜ւ կատարել մրցութային առաջարկում ներառված խոստումները, թե պարբերաբար պատրաստելու են հաղորդումներ, ասենք, ՙ"Մայրաքաղաքի մաքրության եւ այգիների պահպանության վերաբերյալ՚":

Եվս մի դժվար բացատրելի հանգամանք կա այս մրցութային առաջարկում: Արշակունյանց 2ա հասցեում գտնվող Մամուլի շենքում տեղակայված բոլոր այլ խմբագրություններին չեն սեփականաշնորհվել իրենց տարածքները, որոնք նրանք զբաղեցնում են տարիներ շարունակ: Բայց այ ՙԵրեւան՚ հեռուստաընկերության միակ բաժնետեր եւ նախագահ Վարշամ Ղարիբյանին, որպես բացառություն, սեփականաշնորհվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության տնօրինման ներքո գտնվող Մամուլի շենքի 983,7 քառակուսի մետր տարածք: Նա էլ այն անհատույց տրամադրել է ՙԵրեւանին՚, սակայն վարձակալության զիջված գումարը՝ 10 տարվա համար 592 մլն դրամ, ներառված է բիզնես ծրագրում որպես հիմնադրի ներդրում:

Այսպիսով չի սպառվում հանելուկների շարքը: Ծրագրի 13-րդ էջում ՙԵրեւանը՚ նշել է, թե ամսական ընդհանուր եթերաժամում իր հայրենական արտադրության հաղորդումները կազմելու են նվազագույնը 55%: Իսկ 15-րդ էջում մի աղյուսակ է ներկայացրել հաղորդումների նախատեսվող բաշխվածության մասին, որտեղ հայրենական հաղորդումները 2011-2020 թվականներին կազմել են արդեն 86-88%: Եվ հենց այս երկրորդ ցուցանիշն է հիմք ընդունել ՀՌԱՀ-ը՝ իր թիվ 93-Ա որոշման մեջ նշելով. ՙԵրեւան հեռուստաընկերություն՚ ՓԲ ընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում միջին հաշվարկով կազմում է 87,2% (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, ՙԲիզնես ծրագիր՚` էջ 15 )՚: Հիշեցնենք, որ ՙԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ՚ ՍՊԸ-ի հայրենական արտադրության հաղորդումների ծավալը կազմել էր 80,5%: Եվ հայրենական հաղորդումների ծավալը հենց այն 2 չափանիշներից մեկն է, որով ՙԵրեւանի՚ առաջարկը համարվեց ԱԼՄ-ին գերազանցող:


Իր ծրագրում ՙԵրեւանը՚ հանգամանալից նշել է, թե ինչպես է լուսաբանելու Երեւանի թատերական ու մշակութային այլ օջախների անցուդարձը, ՙՀին ու նոր Երեւան՚ հաղորդմամբ պատմելու ՙքաղաքի լույսի եւ ստվերի, հմայքի ու պերճանքի, երեւանցու տագնապի, հույզի ու հույսի՚ մասին, սակայն գրեթե շրջանցել այն ծրագիրը, որը մեծ տեղ ունի այս հեռուստաընկերության եթերում՝ ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունները: ՙԳրեթե՚ վերապահումը վերաբերում է նրան, որ այս ծրագիրը հիշատակել են հավելվածներում, թե շաբաթական 21 անգամ եթեր ունի՝ ամեն անգամ 45 րոպե միջին տեւողությամբ, ու նաեւ ՙֆինանսական կանխատեսումներ եւ վերլուծություններ՚ բաժնում են որպես իրենց եկամտի աղբյուրներից մեկը նշել ՙԱվտոշուկայում հայտարարությունների դիմաց վճարը՚:
ՙ
Երեւանը՚ նշել է, թե կանխատեսում են 1,704 միլիոն դրամի ընդհանուր եկամուտներ, ընդ որում՝ ՙգովազդից եւ այլ ծառայություններից եկամուտը կանխատեսվել է 1,097 միլիոն դրամ՚: Անհրաժեշտ սկզբնական ֆինանսական միջոցները հիմնականում ապահովելու են ՙ3 կազմակերպությունների 10 տարվա գովազդային ծառայության դիմաց սկզբնական վճարումով՝ ընդամենը 400 մլն դրամ գումարի չափով՚: Այդ 3 կազմակերպություններն են ՙԷլիտ Շանթ՚, ՙԷկո Ֆուդ՚ եւ ՙԱպարանք Շանթ՚ ՍՊԸ-ները, որոնք էլի Վարշամ Ղարիբյանի սեփականությունն են՝ բիզնես ծրագրում նշված է. ՙԴրանք վերահսկվում են հեռուստաընկերության հիմնադրի կողմից՚: Այսինքն, նույն սեփականատիրոջը պատկանող մի ընկերություն թուղթ է տվել մյուսին, որ պատրաստվում է գովազդների դիմաց վճարել նրան: ՀՌԱՀ թիվ 93-Ա որոշման մեջ սա այսպես է մատուցվել. ՙԵրեւան հեռուստաընկերություն՚ ՓԲ ընկերության միակ բաժնետերը ներկայացրել է հավաստող փաստաթղթեր, ըստ որոնց լիցենզիայի գործողության ողջ ժամկետում պարտավորվում է 400 000 000 ՀՀ դրամ ներդրում կատարել՚: Այո, բիզնես ծրագրին կցվել են այդ ընկերությունների հետ նախնական համաձայնագրերը: Եվ զարմանալի է, բայց փաստ՝ գովազդի տեղադրման եւ նկարահանման վերաբերյալ ՙԷլիտ Շանթ՚ ՍՊԸ-ի հետ համաձայնագրում կա միայն մի կողմի՝ ՙԵրեւան՚ հեռուստաընկերության կնիքը:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

No comments:

Post a Comment