Sunday, November 13, 2011

Տեղափոխվել եմ

Այս բլոգն այլեւս չի թարմացվելու, քանի որ հիմա բլոգ ունեմ մեր թերթի կայքում՝ http://www.aravot.am/:
Բայց սա էլ չի վերացվի՝ գուցե որոշ ժամանակ անց նորից վերադառնամ այս հարթակ:

Saturday, October 15, 2011

Ֆուտբոլային տենդն ինձ էլ վարակեց: Մի քիչ

Վաղուց բլոգումս ոչինչ չեմ գրել: Ահավոր զբաղված էի, բացակայում էի Հայաստանից եւ այլն: Բայց ամենակարեւորն այն է, որ նշանակվել եմ առցանց Առավոտի խմբագիր, եւ շուտով մեր էջում եմ բլոգ ունենալու:
Իսկ առայժմ` տեղադրում եմ իմ առաջին եւ գուցե միակ սպորտային հարցազրույցը: Ես այնքան ոչ սպորտային մարդ եմ, որ անգամ Վարդան Մինասյանին դեմքով չգիտեի: Մի 50 էջ նյութ էի կարդացել այս հարցազրույցից առաջ` պատրաստելով հարցերս: Ու վերջում իրեն հարցրի, թե հարցերիցս երեւաց, որ ֆուտբոլից բան չեմ հասկանում: Ինքը պատասխանեց, թե երեւաց, որ վարժ կարդալ եմ կարողանում: Սրամիտ, համեստ ու զուսպ մարդ է մեր ազգային հավաքականի մարզիչը:

Wednesday, September 14, 2011

ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՌԱԲԻԶ

Հին ժամանակներում նման ուղերձները վերնագրում էին` բոլոր բարի կամքի տեր մարդկանց:
Արդեն գիշերվա 4-ն է, իսկ ես արթուն եմ: Կեսգիշերից քիչ անց մեր դիմացի հարեւանի տանը սկսեցին երգել: Երեւում էր, որ մի քիչ պրոֆեսիոնալ են: Տղաս ասաց, որ Սպիտակցի Հայկոյի ձայնն է: Սկզբում դեռ մի քիչ տանելի էր: Բայց հետո...
Պատուհանները բաց են` այլընտրանք չկա, կխեղդվեի թթվածնի պակասից: Երբ քաղաքի ձայները լռեցին` այդ "Սպիտակցի Հայկոյի" ձայնը սկսեց հնչել այնպես, կարծես անմիջապես հենց մեր պատուհանների տակ էր երգում:
Որոշ ժամանակ դադարում էր, ու սկսում էի ննջել, բայց հենց պիտի ընկղմվեի քնի մեջ` երգ էր սկսվում` "Պարսկաստանի խոոոոոորքից": Հատկապես անտանելի էր "Իմ հիվանդ մայրը ձյուն ուզեց մի օր" երգը, որը միանգամից բարձր նոտայից է սկսվում, ու հնչում այնքան աղեկտուր...
Ինչ որ տեղ 3.30-ի սահմաններում ես գժի պես դուրս թռա ու պատուհանից սկսեցի գոռալ` խիղճ ունեցեք:
Ինչ որ պահի պատուհանները փակեցի... անօգուտ: Լրիվ խորհրդային այս մուլտֆիլմի հերոսի հոգեվիճակում էի:

Վերջը որոշեցի անքնությունս օգտագործել: Վերջին շրջանում ժամանակ չեմ ունենում բլոգումս գրելու համար: Սրանից էլ լավ առիթ: Հույս ունեմ, որ ի վերջո` կհոգնեն, իրենց քունն էլ կտանի կամ էլ` Աստված տա, երգողի ձայնը կկտրվի:
Ախր, ամեն ինչը մի կողմ` ահավոր սարսափելի է ռոք սիրող մեկի համար այս ռաբիզ կլկլոցը: Առանց այն էլ դրանից ոչ մի կերպ հնարավոր չէ խուսափել` երթուղային լինի, տաքսի, որեւէ սրճարան... Դեռ այնտեղ ի վերջո կարող ես խնդրել անջատել` թեեւ խեթ հայացքների արժանանալու գնով: Բայց հիմա ինչ անեմ ես, բարի կամքի մարդիկ: Արտերկրում այս դեպքում ոստիկանություն կկանչեին, բայց ես մտավախություն ունեմ, որ մի նման բան եթե անեմ, ու եթե դա իրոք Սպիտակցի Հայկոն է` ուղղակի իր ունկնդիրների շարքերը կստվարացնեմ:

Բայց թունելի վերջում լույս երեւաց` մի 5 րոպե կլինի` հիվանդ մայրը ձյուն չի ուզել: Ու համ էլ մեքենայի ձայն լսեցի: Կարող է Հայկոն ուրիշ տեղ էլ նվագելու գործ ուներ:

Հ. Գ.  Առավոտյան պետք է ներկա լինեի Մեդիա եւ անիմացիա վարպետության դասին, որը վարելու է գերմանացի կինոքննադատ Յոհաննես Ուոլթերզը: Գեղամ ջան, Ինտերնյուսի ընկերներ ջան` հուսով եմ, դուք արդեն հասկացաք, թե ինչու չեմ մասնակցելու դրան:


Հ. Հ. Գ. Համացանցում գտա «Իմ հիվանդ մայրը» երգը` սպիտակցի Հայկոյի կատարմամբ: Ու հիմա վստահ եմ` ինքն էր: Յախք, յախք, մինչեւ վերջ 

Wednesday, August 31, 2011

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅԵՐԵՆՆ ԱՌԱՎԵԼ ՃԿՈՒՆ Է ԵՎ ԲԱՐԲԱՐՈՍ


Սպանըններ, 
փլըզման, 
վերակաղնման, 
ունդունում, 
Արեւելյան Տիմոր…

Ռոբերտ Քոչարյանի հայերենի հանդեպ կարոտախտ ապրողներն այն կարող են ըմբոշխնել այստեղ:

Tuesday, July 26, 2011

ԻՆՉ ԳՐԻ ԱՐԱՄԸ, ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՄԱՌԸ

E ակումբին տված հարցազրույցում իմ գլխավոր խմբագիրը` Արամ Աբրահամյանը ասել է /տեսագրությունում այդ հատվածը սկսվում է 15-րդ րոպեից/, թե իբր ես օգոստոսին էլ գրելու թեմաներ կգտնեմ:

Շնորհակալ եմ վստահության համար, բայց սույնով հերքում եմ այդ պնդումը:
Կարծում եմ` ոչ միայն իմ, այլ նաեւ շատ այլ լրագրողների համար գրելու նյութը "քչություն է անում": Գուցե դրա համար էլ այսքան սեւեռվել ու կենտրոնացել ենք իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ երկխոսության վրա: Այն, իհարկե, կարեւոր իրադարձություն է, բայց դրա լուսաբանման ինտենսիվությունն արդեն անցնում է չափն ու սահմանը:

Majority of Armenian News Sites are Also Controlled from the Same Center | Media.am

Majority of Armenian News Sites are Also Controlled from the Same Center | Media.am

Monday, July 18, 2011

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ


«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանում է Հայաստանի վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը։ Զրույցը վարում են Աննա Իսրայելյանը եւ Տիգրան Ավետիսյանը։

Պարոն Սարգսյան, վերջերս դուք նշեցիք, որ ներկայումս գնաճը կազմում է 3.5 տոկոս, մենք մտել ենք դեֆլյացիոն փուլ եւ հուլիսին ու օգոստոսին նույնպես լինելու է գնանկում։ Ձեր այս խոստումը արդեն իսկ վիճարկվում է տնտեսագետների կողմից։ Մասնավորապես՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը երեկ նշեց, որ տարիներ շարունակ, անգամ ամենավատ տարիներին, ամռան այս ամիսներին միշտ էլ գնանկում է արձանագրվել, ինչը հիմնականում պայմանավորված է հայաստանյան շուկայի սեզոնայնությամբ։ Հիմա դուք կարո՞ղ եք վերստին խոստանալ, որ առաջիկայում մենք իրոք գնանկման ականատես կլինենք։

Առաջինը՝ ես խոստումներ չեմ տալիս գնանկման մասին, այլ տալիս եմ այն գնահատականները, որ հնչեցնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը։ Եվ երկրորդը՝ ես ասել եմ բառացիորեն նույնը, ինչ որ ասել է Բագրատ Ասատրյանը։

ԱՄԵՆԱՊԱՏՎԱՎՈՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ՍՏԱՑԱԾ ՄՐՑԱՆԱԿՆ Է

Ես այսօր երկրորդ անգամ արժանացա Երեւանի մամուլի ակումբի մրցանակին: 
Առաջին անգամ արժանացել էի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները լուսաբանելու համար, իսկ այժմ ահա հեռուստահեռարձակման արտոնագրման անցած տարի ավարտված մրցույթներին ներկայացված հայտերի մասին իմ հոդվածաշարի համար: Հոդվածաշարի առանձին մասեր հրապարակել եմ նաեւ իմ բլոգում: 
Այս մրցանակաբաշխությանն անդրադարձել են Մարդիկ, Ռիփորթ, Թերթ, News, Ա1+ կայքէջերը, Ազատություն ռադիոկայանը եւ  168 ժամ թերթը: 



Saturday, July 2, 2011

Ահա թե ինչպես էր ընթանալու երկխոսությունը

Տեսակետների խաչմերուկ, 2 հուլիսի, 2011

Ներքաղաքական զարգացումների մասին են խոսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մկրտիչ Մինասյանը եւ ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը

Thursday, June 23, 2011

համաՑԱՆՑԱՅԻՆ չՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեջբերում 7or.am-ից ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Սասուն Միքայելյանի հետ որևէ խնդիր չունի.
–Միքայելյանի հետ, միշտ էլ ասել եմ, որ բավական լուրջ մտերիմ ընկերներ ենք եղել, էլի այդ ընկերությունը կշարունակվի, բայց մոտեցումները, բնականաբար, 180–360 աստիճանով կտարբերվեն քաղաքական առումով։

Իմ հարցադրումը Որտեղ կհայտնվի Գալուստ Սահակյանը, եթե նրա մոտեցումները 360 աստիճանով տարբերվեն Սասուն Միքայելյանի դիրքորոշումներից: Մի անգամ էլի նման բան էր ասել, թե իր տեսակետները 360 աստիճանով տարբերվում են ընդդիմությունից, ինչն առիթ էր տվել լրագրող Դիանա Մարկոսյանին եզրակացնել, որ նա անցել է ընդդիմության շարքերը:

Մեջբերում ՚Առավոտ՚՚-ից Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում "Ժառանգության" ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հարցի կապակցությամբ ասել է. “Այդ հարցադրումը նաև վկայությունն է այն փաստի, որ որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որպեսզի ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը չկայանա` մտահոգվելով, որ իրենք այդ դեպքում լուսանցքում կհայտնվեն: Մինչդեռ լուսանցքում չհայտնվելու լավագույն լուծումը ՀԱԿ-ի շուրջ համախմբվելն է»:

Իմ հարցադրումը Արդյոք հենց այդ պատճառով չեն ՀԱԿ-ում գտնվում որոշ մանր մունր ուժեր, որոնցից ոմանք անգամ ՀԱԿ-ին քննադատելով հանդերձ` դուրս չեն գալիս այդ կառույցից, թերեւս էլի “լուսանցքում չհայտնվելու”, եւ հայտնի առակի եզան պոզին նստած ճանճի պես` ասելու համար, թե մենք էլ էինք վարում:

Thursday, June 16, 2011

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ ՓՈՐՁ :)))))))))))))

Թուրքական հեռուստաալիքներից մեկով մամուլի տեսությունը ներկայացնող թուրք հաղորդավարն ուղիղ եթերում պատռել է օրաթերթը։ Հաղորդավար Մուրադ Շահինը, ներկայացնելով «Թարաֆ» օրաթերթի առաջնորդող հոդվածը՝ զայրացել և պատռել է թերթը։ Հաղորդավարին բարկացրել է «Թարաֆում» լույս տեսած հետևյալ արտահայտությունը՝ «Թուրքիան թուրքերինն է»:
Ըստ tert.am-ի

Saturday, June 11, 2011

ԵՐԲ ԶԳԱՑԻՔ, ՈՐ ԱՍՏԾՈ ԱՐԱՐԱԾ ԵՔ

Գրեթե ամեն անգամ, երբ ինձ հեռուստաընկերություն են հրավիրում հարցազրույցի` մի պատմություն լինում է:

Ասենք, մի անգամ կանչել էին ՀՀԿ-ի մասին կարծիքս ասելու` ֆիլմ էին նկարում: Ես մեջբերեցի Աշոտ Նավասարդյանի խոսքերը, թե "Հանրապետական կուսակցություն գալիս են տալու` առողջությունը, ընդունակությունները, կյանքը եւ ամենակարեւորը` ոգին, այստեղ վերցնելու, ստանալու ոչինչ չկա, ով որ որեւէ բան ստանալու ակնկալիք ունի` կարող է հենց հիմա հեռանալ": Շատ ակնհայտ էր, թե ՀՀԿ հիմնադիրի այս խոսքերը որքան չեն համապատասխանում իշխանության կուսակցությանը: Դա հասկացել էին նաեւ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, եւ խոսքս կրճատել էին: Ստացվել էր ավելի զվարճալի մի բան. "Հանրապետական կուսակցություն գալիս են տալու": Ի դեպ, այդ ֆիլմը ցուցադրվել է ՀՀԿ-ի քսանամյակի տարեդարձի հանդիսավոր արարողության ժամանակ, եւ բոլոր հրավիրյալ բարձրաստիճան հանրապետականները լսել են դա:

Monday, June 6, 2011

ՀՀԿ-Ն ԵՎ ՀԱԿ-Ն ԱՌԱՆՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼ ԵՆ ԵՐԿԽՈՍՈՒՄ

Հրաժարական է տվել նախարարի խորհրդականը

 Հրաժարական է տվել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանը: Նշենք որ նա մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել, սակայն հասարակությանն առավել  հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մայիսի 21-ին ԱԱԽ-ԵՄ  խորհրդաժողովի ընթացքում slaq.am-ի տեսախցիկն արձանագրեց, թե ինչպես էր  Արմեն Գևորգյանը դիտում ինտերնետային մի պոռնո կայքէջում առկա էրոտիկ լուսանկարներ:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամլո խոսնակ Սյուզի Հայրապետյանը Slaq.am-ի թղթակցի այն հարցին, թե նախարարի գլխավոր օգնականի հրաժարականի դիմումը կապ ունի՞ արդյոք տարածված հայտնի տեսանյութի հետ' պատասխանել է, որ հրաժարականի դիմումում որևէ հիմնավորում նշված չէ, իսկ հրաժարականի դիմումը նախարար Տիգրան Դավթյանը բավարարել է: Նշենք, որ հրաժարականի դիմումը ներկայացվել է մայիսի 30-ին և հենց նույն օրն էլ մակագրվել է նախարարի կողմից:
Ըստ ամենայնի, հրաժարականի դիմումը պայմանավորված է աղմուկ բարձրացրած տեսանյութով  և մամուլում  և FB սոցիալական ցանցում  ծավալած բուռ քննարկումներով, ինչից Գևորգյանին փաստացի հնարավոր չեղավ խուսափել անգամ Մոսկվա գործուղման մեկնելով:
Հ. Գ. Մի հավելում՝ իմ կողմից: Ընկերներիցս շատերն այս կապակցությամբ մեկնաբանություն էին անում, թե թող նրա վրա քար նետի նա, ով.... Համաձայն եմ, բայց այնուամենայնիվ՝ սրան ուզում եմ պատասխանել հայտնի անեկդոտով մի մարդու մասին, որին լողավազանից հեռացնում են այնտեղ չիշիկ անելու համար: ՚Բայց բոլորն էլ չիշիկ են անում լողավազանում՚,- պատասխանում է հեռացվողը: ՚Հա, բայց դու ցատկահարթակից էիր անում՚,- հնչում է պատասխանը:

Saturday, May 28, 2011

ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Այս գրությունն ազդարարում է, որ չի կարելի նստել կամ պառկել հանրային մայթերին առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան ժամը 9-ը: Ենթադրվում է, թե մնացած ժամանակ կարելի՞ է քնել փողոցում:








Friday, May 20, 2011

Պոռնո` աշխատաժողովի ընթացքում (տեսանյութ)

Այսօր ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներում անցկացվել է բարեփոխումների առաջին աշխատաժողովը, որին ներկա է եղել նաև ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Աշխատաժողովի որոշ մասնակիցներ այնքան են ձանձրացել դրա ընթացքում, որ որոշել են ժամանակն իզուր «չվատնել» եւ համացանցային փնտրտուքով զբաղվել: Slaq.am-ի տեսախցիկը որսացել է, թե ինչպես է աշխատաժողովին մասնակցող պաշտոնյան պոռնո դիտում այդ ընթացքում:
www.slaq.am

Monday, May 2, 2011

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

Մի վատ սովորություն ունեմ` հանգստանալ չեմ կարողանում. միշտ հետս նախկինում` թերթեր, իսկ հիմա համակարգչային ֆայլ դարձրած նյութեր եմ ունենում` հոդվածներ, որոնք ավելի վաղ չեմ հասցրել ընթերցել:
Ահա եւ այդ պատճառով միայն հիմա` բավական ուշացումով կարդացի այն, ինչ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր ապրիլին.

-Մի բան ես հաստատ լավ չեմ հասկանում. քրիստոնյա ժողովուրդը ո՞նց կարող է այսքան դժգոհ լինել կյանքից: Ես հասկանում եմ` սոցիալական խնդիրներ կան, արդարության անհրաժեշտություն կա, բայց գիտեմ նաև, որ մարդը պարտավոր է ամեն օր Աստծուն շնորհակալ լինել՝ իրեն կյանք պարգևելու համար: Լա՛վ, ինչո՞ւ մենք պետք է աշխարհում առաջին տեղն զբաղեցնենք դժգոհ լինելու առումով: Տատս հավատացյալ կին էր, միշտ ասում էր՝ համբերությունը կյանք է: Հիմա մենք դարձել ենք անհամբեր, անհանդուրժող, ագրեսիվ: Ես շատ հաճախ զարմանում եմ նաև որոշ մարդկանց ատելության վրա: Գիտեք՝ կան ազգեր, որ ավելի ծանր վիճակում են, քան մենք, ունեն շատ ավելի ծանր խնդիրներ, բայց այսքան դժգոհ չեն։ Ինչպես ասում էր Վիլյամ Սարոյանը` ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է:

Այս ամենին ի պատասխան մեջբերում եմ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ասածը. "Այսօր ՀՀ-ում, բացի իշխանություններին մոտ կանգնած մարդկանցից, գոհ մարդ չկա":

Ես հավելեմ` իմ առանձնազրույցներից դատելով, շատ իշխանավորներ էլ առանձնապես գոհ չեն մեր կյանքից: Դե, վարչապետը թերեւս բացառություն է:

Saturday, April 30, 2011

ԼԵՆԻՆԸ ՍԻԵԹԼՈՒՄ

Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում: Երկար տարիներ անց` առաջին անգամ դա զգացի այստեղ` Ամերիկայում: Այն պահին, երբ տան ճանապարհին` ավտոբուսից տեսնելով Լենինի արձանը, ինձ զգացի այնպես` կարծես գտել եմ կորցրած հարազատիս: Մեղա, մեղա, երբեք չէի պատկերացնի, որ զուգահեռ կանցկացնեմ Լենին եւ հարազատ բառերի միջեւ :
Բայց դե` մի կերպ պիտի բացատրեմ, չէ, թե ինչու է իմ բլոգի այս գրառումը հենց Սիեթլում, ավելի ճիշտ` դրա Ֆրեմոնթ արվարձանում կանգնեցված Լենինի արձանի մասին:

Friday, April 29, 2011

ԽՄԲԱԳԻՐԸ ՊԻՏԻ ՇԱՏ ԼԱՎ ԻՄԱՆԱ ՕՐԵՆՔԸ

International center for journalist (ICFJ) կազմակերպության կազմակերպածՆոր մամուլ, նոր մարտահրավերներ. Լրագրության լավագույն փորձառությունը նոր ժամանակաշրջանի համար”  ծրագրի ընթացքում Վաշինգթոնում գտնվող հայ լրագրողներս առիթ ունեցանք հանդիպելու Fletcher, Heald & Hildreth, PLC հեռարձակման եւ հաղորդակցության իրավական գրասենյակի հատուկ խորհրդական Քեյվին Գոլդբերգի հետ: Այս իրավաբանի հետ զրույցը Ամերիկայում խոսքի ազատության եւ մամուլի հարցերի` մասնավորապես այն խնդրի վերաբերյալ, թե ինչպես են այստեղ կարգավորվում վիրավորանքի եւ զրպարտության հետ կապված պատասխանատվության հարցերը` զուգահեռների տեղիք տվեց հայաստանյան իրականության հետ:
Եվ այսպես` նախ լավ լուրերը: Ամերիկայում երբեք պատասխանատվության չէին ենթարկի որեւէ մեկին գավառացի անվանելու համար: Քեյվին Գոլդբերգը մեր հիշատակմանը, թե Հայաստանի նախկին նախագահը փորձում է պատասխանատվության ենթարկել թերթերից մեկին` իրեն նաեւ գավառացի անվանելու համար` պատասխանեց, թե ԱՄՆ-ում դա չէին համարի վիրավորանք, այլ կգնահատեին ուղղակի կարծիք, որի համար պատասխանատվության չեն ենթարկում: Սակայն հաստատ պատասխանատվության կկանչեն, ասենք, նման հայտարարության համար` “Իմ կարծիքով, նա մարդասպան է”:

Wednesday, April 20, 2011

ՄԵՐ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ


Էս են հերթն է, որում կանգնած էր Հրայր Թովմասյանը:
Թեեւ ինքն արդարադատության նախարար է, բայց հերթում հիմա ես եմ առաջինը` իր անցած տեղերն անցնելով գիշերով:

Վաշինգթոնում Ռուզվելտի մեմորիալում հաջորդ հայտնվող հայն արդեն այս դռնով պիտի ներս մտնի: Ուրիշ ձեւ չկա:

ՋՈՒՋՈՒԼԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Ապրիլի 19-ին այցելել էինք Google-ի Վաշինգթոնի գրասենյակ. Այն լեցուն էր գույներով` կարմիր, դեղին, կանաչ բազկաթոռներ, բարձիկներ, մեծ ու փոքր գնդեր, խաղալիքներ`Google-ի պատկերով: Կարծես մանկապարտեզի երեխաների համար նախատեսված սենյակ լիներ` շատ լավն էր:
Հանդիպեցինք Google Public Policy director Robert O. Boorstin-ին եւ News media industry manager Sean Carlson-ին: Հումորով մարդիկ էին, որոնք լիքը հետաքրքիր բաներ պատմեցին: Նրանց համակարգչի վրա ցույց տվեցի Ջուջուլին: Sean Carlson-ն ահագին ուրախացավ: Մանավանդ հնչեղության վրա:


Այնպես որ` կարելի է ասել, որ կայացավ Google-ի եւ Ջուջուլի պատմական հանդիպումը:

Saturday, April 16, 2011

GOODBYE ARMENIA!!!!!

Առավոտյան մեկնում եմ ԱՄՆ: Այնտեղ կլինեմ մոտ մեկ ամիս, որի հիմնական մասը պետք է media internship անցնեմ` լրագրողական փորձառությունս կատարելագործեմ The Seattle times օրաթերթում:
Այսքան մանրամասն պատմում եմ, քանի որ ՀՀԿ-ական մի պատգամավորի երբ ասացի, որ ուղեւորվում եմ Ամերիկա` այնպես հարցրեց, թե ինչու եմ գնում, որ ձայնի հնչերանգը ճշգրտորեն "թարգմանելով"` ասացի, որ պետք է որպես լրտես վերապատրաստվեմ: Ինքը ծիծաղեց ու ասաց. "Դու կարող ես արդեն դասեր տալ":
Դե տեսնենք, թե ոնց կստացվի:
Նկարում մի պատկեր է Սիեթլից: Քաղաքի մասին նաեւ գիտեմ այն, որ այստեղ են հավաքված այն հայ հաքերները, որոնց հաջողվել էր կոտրել Մայքրոսոֆթի կայքէջը, եւ դրա դիմաց նրանք շատ արագ տոմս էին ստացել դեպի Սիեթլ` աշխատելու Մայքրոսոֆթի գրասենյակում:
Մնացածը բլոգում կգրեմ դեպքի վայրից:
Լավ մնացեք:

Tuesday, April 12, 2011

ՊԱՏՃԵՆՈՒՄ ԵՆՔ` ԱՌԱՆՑ ԱՆԳԱՄ ՍՏՈՒԳԵԼՈՒ

Սա ԵԽԽՎ պաշտոնական կայքէջից Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաեւայի հարցը եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի երեկվա երկխոսությունն է, որի տեքստը հրապարակվել էր արդեն երեկոյան:

Ms PASHAYEVA (Azerbaijan) – On 8 March 2011, the Armenian armed forces targeted through a sniper a nine-year-old child, Fariz Badalov, an inhabitant of the district of Aghdam who was playing in a yard. They murdered that minor. Such activities by the Armenian side contradict international law. We would like to know your attitude to this issue. What role can – and should – the Council of Europe play in the cessation of such activities, as well as the implementation of Parliamentary Assembly Resolution 1416, which demands the liberation of the territories occupied by Armenia?

Mr JAGLAND – I shall not respond to that specific question, but a point has been missed in our work. We do not do enough work on human rights in the areas of so-called frozen conflicts. You mentioned one of them. We should try to contribute more. We are doing a little in the Georgian conflict through confidence building and human rights measures. However, I think that the Council of Europe should consider how we can be more relevant in the areas that you mentioned.


Իսկ ահա թե նույն երկխոսությունն ԱՅՍՕՐ ինչպես է ներկայացված հայկական կայքերում

"ԵԽԽՎ ընդլայնված գարնանային նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան ԵԽ գլխավոր քարտուղար Տյոբորն Յագլանդին հարցրել է. «Կարո՞ղ է Եվրոպայի խորհուրդը ԵԽԽՎ 1416 բանաձևի կատարման ճանապարհին, որը պահանջում է ազատել Ադրբեջանի «օկուպացված» տարածքները, դրական դերակատարություն ունենալ, և պե՞տք է նման դերակատարություն ունենա, ըստ ձեզ»։

Հարցին ի պատասխան` գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե այն ամենը, ինչի մասին խոսում է Գանիրա Փաշաևան, փաստ է.

–Կարծում եմ, որ մենք չենք կարող բավականաչափ աշխատել «սառեցված հակամարտությունների» տարածաշրջանում, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Մենք լուրջ արդյունքների ու առաջընթացի չենք հասել այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ մենք պետք է մեր ներդրումն ունենանք այդ հակամարտությունների կարգավորման հարցում։ Այնպես, ինչպես մենք դա արեցինք, թեկուզ և ոչ մեծ չափերով, ռուս–վրացական հակամարտության ընթացքում մարդու իրավունքների մթնոլորտի վստահության պաշտպանության ճանապարհին։ Կարծում եմ, ԵԽ–ն պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի այդ տարածաշրջաններում վճռականություն դրսևորելու համար":


Նույն տեքստն արդեն իսկ ընթերցել եմ երկու կայքերում, որոնցից եւ ոչ մեկը հղում չի արել` որտեղից այս տեքստը, որն ինչպես արդեն համոզվեցիք` բավական միտումնավոր խեղաթյուրված է: Ինձ համար ակնհայտ է, որ աղբյուրն ադրբեջանական է:
Ոչ մեկի չեմ ցանկանում դասեր տալ, բայց կարծում եմ` գործ ունենք ոչ արհեստավարժ աշխատանքի հետ: Գուցե նաեւ` ոչ միայն դրա, այլ ինչպես ընդունված է անվանել` տեղեկատվական անվտանգության:

ՀՌԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ

"Առավոտ" օրաթերթում տպագրված "Այդպիսին են հաղթողների առաջարկները" եւ "Նրանք հեռարձակելու են մարզերում" իմ հոդվածաշարերում, որոնցից մի քանիսը տեղադրել եմ նաեւ այս բլոգում` հանգամանալից անդրադարձել եմ այն թերություններին, որոնք նկատել եմ` ուսումնասիրելով թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակման համար հայտարարված մրցույթների մասնակից հեռուստաընկերությունների փաթեթները: Ահա թե դրանց կապակցությամբ մեր հարցազրույցում ինչ պարզաբանումներ է տվել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:
Ըստ դրանց` ստացվում է, որ չնայած "Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին" օրենքին` իրականում ոչ ֆինանսական հավելյալ փաստաթղթեր էր պետք ներկայացնել` բիզնես ծրագրի հիմնավորվածությունն ապացուցելու համար, ոչ էլ անձնակազմի մասին անվանական տվյալներ` նրանց մասնագիտական պատրաստվածությունն ապացուցելու համար:
Ա1-ն էր սխալ, որ ներկայացրեց նման փաստաթղթեր ու ընկավ կրակը:

Monday, April 11, 2011

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Ապրիլի 8-ին, 2011թ, ԱՄՆ Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է 2010թ.-ի Մարդու իրավունքների մասին զեկույցը:
Զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ հատվածի ամբողջական տեքստին /հայերեն/ կարող եք ծանոթանալ այստեղ:

Sunday, April 10, 2011

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԻՄ ԲԼՈԳԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ

«Եթե ԶԼՄ-ները պետք է օբյեկտիվ լինեն, ապա բլոգները պետք է սուբյեկտիվ լինեն: Շատ նորմալ է, որովհետև բլոգների առջև չկա օբյեկտիվ լինելու խնդիր: Ինչու ստեղծվեցին բլոգները: Արևմուտքում լրատվամիջոցները մաքսիմալ օբյեկտիվ են, և առաջացավ սուբյեկտիվ տեսակետ գրող բլոգի անհրաժեշտություն: Մեզ մոտ լրատվամիջոցները մեծ մասամբ սուբյեկտիվ են, եթերը վերահսկվում է, թերթերը ևս կոնկրետ քաղաքական դիրքորոշում են արտահայտում: Ուստի սուբյետիվության խնդիր մեզ մոտ չկար: Բլոգերը ստացավ ազատություն արտահայտելու ծայրահեղ սուբյեկտիվ կարծիք»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Պապյանը:

Հ. Գ. Հանրության նեղ` այս բլոգի ընթերցողների շրջանակներով սահմանափակվող զանգվածներին հայտնեմ, որ Արթուր Պապյանն իր բազմաթիվ արժանիքներին զուգահեռ` մի "արատ" ունի. նա իմ բլոգի ադմինիստրատորն է եւ այն երեք անձանցից մեկը, ովքեր համոզեցին ինձ բլոգ բացել: Իսկ Արթուրը նաեւ ձեւավորեց այն ու ինձ սովորեցրեց բլոգերության այբուբենը:
Հիմա հարց` արդյոք լավ գործ է արել նա, եթե մինչ այս ես փորձում էի օբյեկտիվ լինել այն ԶԼՄ-ներում, որտեղ աշխատում եմ, իսկ իմ սուբյեկտիվ կարծիքն արտահայտելու այս անսահմանափակ հնարավորությունը ստանալով` ես պարբերաբար նեղացնում եմ մամուլի իմ գործընկերներին, քաղաքական իրադարձությունների մասին տեսակետ արտահայտելով` արժանանում եմ նկատողության, թե հանդես եմ գալիս որպես կողմ եւ այլն: :)

Saturday, April 9, 2011

Տեսակետների խաչմերուկ, 9 ապրիլի, 2011


Զրպարտության եւ վիրավորանքի համար ԶԼՄ-ների դեմ հարուցվող դատական հայցերի մասին են խոսում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը եւ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Tuesday, April 5, 2011

ՎՃԱՐԻՐ ՏՈՒԳԱՆՔԸ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ՎԻՐԱՎՈՐԻՐ, ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ

Ինձ համար հասկանալի են այն պատճառները, թե ինչու պիտի Հայաստանի որեւէ քաղաքացի, ինչպես դա արել էր "Հրապարակի" թղթակիցը` ցանկանա ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին գրել նման տողեր. «Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ ու արյունռուշտությամբ, առանձնակի փայլում է անմտությամբ: Ուղղակի մտածում ես` ՀՀ նախագահի աթոռում թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ չէ»: Կամ` «Երեւի տեղապահ Քոչարյանը ոչ միայն մտքի, այլեւ` հիշողության կարճության խնդիր ունի: Երեւի չի հիշում, թե 2003-ի նախագահական ընտրություններում ինքն ինչ ողորմելի վիճակում էր: Նա Մատենադարանի հարթակից բարբառում էր. «Ես եմ իմ կենսագրությունը կերտել»: Իհարկե, այնպիսի դավաճանության, պետական ու տնտեսական հանցագործությունների ու, ամենակարեւորը` արյան մեջ թաղված կենսագրություն, ինչպիսին իրենն է, այս երկրագնդի վրա հատուկենտ արարածներ են ունեցել: Նման գարշելի կենսագրությունները սովորաբար միայնակ էլ կերտում են»:

Ավելին, ինքս էլ եմ համարում, որ հիմնավոր են գնահատականները գավառականության եւ արյունռուշտության մասին:

ԲԱՅՑ:

Եթե ես շատ ցանկանամ ու որոշեմ հրապարակավ հնչեցնել համանման կամ նույն որակումները` նախապես գումար կկուտակեմ: Քանի որ այս ամենն այսուհանդերձ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ են, որոնք զանգվածային լրատվության միջոցով արտահայտելը ենթադրում է համապատասխան պատասխանատվություն եւ տուգանք:

Այնպես որ` այն ընթերցողները, որոնք ցանկանում են պաշտպանել իրենց նախընտրած թերթերի վիրավորելու իրավունքը` ճիշտ կանեն, հենց այսօրվանից կազմակերպեն հանգանակություն:

Ի դեպ, եթե ինքս երբեւէ հրապարակավ անձնական վիրավորանքներ հասցնեմ որեւէ մեկին եւ դրա համար ինձ ցանկանան ենթարկել պատասխանատվության` նախապես խնդրում եմ իմ հնարավոր բոլոր պաշտպաններին, որ դա չդիտարկեն իբրեւ ազատ խոսքի դեմ հալածանք:

Saturday, April 2, 2011

ՌԵԿԼԱՄԼԱՐ

Ես կարծում էի, թե անգերազանցելի է "Ջազզվե: Իսկական հայկական սուրճ` Իտալիայից" գովազդն իր անհեթեթությամբ, բայց հենց նոր լսեցի "Յոգուրտ Մոջո. Երբ խիղճդ հանգիստ է" գովազդային կարգախոսը":
Ի դեպ, մի գովազդ կա, որ ինչքան աչքովս ընկնում է` ժպտում եմ: Ահա սա է:

Friday, April 1, 2011

REBRENDING. ՀԵՔԻԱԹ ՈՍԿԵ ՄԿՆԻԿԻ ՄԱՍԻՆ

Հետեւելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հռչակած յուրօրինակ “Դեմքով դեպի գյուղը” կարգախոսին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ մարտի 29-ին այցելել էր Վայոց ձորի մարզ: Աշխատանքային այս այցի մասին խորհրդարանի կայքէջում երկար հաղորդագրություն կա, որտեղ մասնավորապես նկարագրվում է, որ Ելփին գյուղում նա խոստացել է լուծել ողջ գյուղի արտադրած խաղողի իրացման հարցը “ինչպես նաեւ, ֆերմերներից մեկի խնդրանքին ի պատասխան, խոստացավ մինչեւ տարեվերջ գյուղնախարարության աջակցությամբ լուծել մթերման սարքավորումների տեղադրման հարցը”, Զառիթափ գյուղում ԱԺ նախագահը խոստացել է գումար հատկացնել տրակտորի ձեռքբերմանն օժանդակելու համար, իսկ Սերս գյուղում տեղեկանալով, որ գյուղի դպրոցը մարզական գույք չունի, խոստացել է լուծել այդ հարցը. “Մարտիրոս գյուղում, ի թիվս այլ խնդիրների, դժվար է կարտոֆիլի սերմացուի հարցը. համայնքը հնարավորություն չունի այն ձեռք բերել: Հովիկ Աբրահամյանը խոստացավ որոշակի գումար հատկացնել այդ հարցը լուծելու համար: Տեղում լուծվեց նաեւ, համագյուղացիների վկայությամբ, սոցիալապես չափազանց ծանր ընտանիքներից մեկին աջակցություն ցույց տալու հարցը”: Բարձրունի գյուղում նա խոստացել է վճարել գյուղացիների երկու տարվա հողի հարկը: Եվ վերջապես այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ, “որտեղ արդեն նրա կողմից նվիրաբերված 5 համակարգիչներով կահավորվել էր ուսումնական հաստատության համակարգչային լսարանը”:

Այս ամենի համատեքստում, թերեւս պատահական չէ, որ պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ է գտել հետեւյալ պարբերությունը. “ԱԺ նախագահի վայոցձորյան երթուղում ներառված գյուղերում մարդիկ այնքան էին ոգեւորվել իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի այցելությունից, որ նրանցից մեկն Ազգային ժողովի նախագահին ասաց. «Ոսկե ձկնիկի օրն եք ընկել. Ձեզ տեսել ենք` մեր բոլոր կարիքների մասին պատմում ենք»”:

Շատ բնական է, որ “ձկնիկ” բառի մեջ անմիջապես ցանկանում ես փոխել առաջին տառը: Ի դեպ, շատ տարիներ առաջ, երբ Հովիկ Աբրահամյանն ուղղակի Արտաշատից ընտրված պատգամավոր էր` նրան մի հարց եմ տվել, որը հրապարակվել է “Առավոտում”: Ես հետաքրքրվել էի, թե ինչու են իրեն “Մուկ” անվանում, իսկ նա եղբոր արեւով երդվեց, որ չունի նման մականուն: Իսկ տարիներ անց, երբ նորից էր առաջադրել իր թեկնածությունը, որպեսզի հետո դառնա ԱԺ նախագահ` “168 ժամ” թերթին տված հարցազրույցում պատմել էր մականվան ծագումնաբանությունը, թե տնից հա քաղցրեղենը կորչում էր, եւ տատն ասել էր, թե կարող է այստեղ մուկ կա:

Մրցութային առաջարկներն արտագրե՞լ են իրարից

Երբեւէ առիթ չենք ունեցել դիտելու 1992-ից Ստեփանավան քաղաքում հեռարձակվող «Ֆորտունա» ՍՊԸ-ի հաղորդումները, որն այժմ մրցույթում հաղթելով՝ հնարավորություն է ստացել թվային հեռարձակման ցանցի միջոցով սփռվել ողջ Լոռու մարզում: Այդ բացը փորձեցինք լրացնել նրանց կայքէջի՝ միջոցով, որի վերաբերյալ մրցութային առաջարկում նշված է. «Այսօր աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած կազմակերպություն կամ անհատ կարող է ծանոթանալ Ստեփանավանում տեղի ունեցող ամենօրյա իրադարձություններին այդ ինտերնետային էջից»: Ցանկացած անհատ հավաքելով www.fortuna.am հասցեն, ինչպես եւ մեզ հետ պատահեց երեկ՝ կտեսնի, որ այդ էջը դատարկ է:

«Գրանդ» խումբն ունի եւս մի կապուղի

Մրցույթից անմիջապես առաջ՝ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին էր գրանցվել «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն, որի մասնակիցների ցուցակում են Երեւանի բնակիչներ Աիդա Սարիբեկի Ղազարյանը՝ 51%, եւ Սամվել Սերյոժայի Սահակյանը՝ 49%: Թեեւ վերջինիս մասնաբաժինը փոքր-ինչ ավելի համեստ է՝ մրցութային առաջարկում հետո նշված է. «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ի ներդրումային եւ զարգացման ծրագիրը իրականացվելու է ընկերության հիմնադիր Սամվել Սահակյանի միջոցներով»:
Իսկ «Տավուշ ՏՎ»-ի գործարար ծրագրի համաձայն՝ «Ընկերության հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ներդրումային գումարը կազմում է 90 մլն դրամ»: Արտոնագիր ստանալուն հաջորդող 6 ամիսների ընթացքում արվելիք այս ներդրումները հիմնականում ուղղվելու են «ժամանակակից տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ձեռքբերմանը»:
Թե ովքեր են այս անձինք եւ ինչ շահագրգռություն ունեին թվային հեռարձակում իրականացնելու Տավուշի մարզում՝ մեզ համար պարզ չէր, մինչեւ մրցութային առաջարկի հավելվածներում չընթերցեցինք «Գրանդ կոմերց» ՍՊԸ-ի մասնակիցների՝ 2010 թվականի ապրիլի 11-ին կայացած տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցների արձանագրությունը: Իսկ մասնակիցներն ընդամենը 2-ն են՝ 70% բաժնեմասով՝ Հրանտ Վարդանյանը, եւ 30% բաժնեմասով՝ Սամվել Սահակյանը: Եվ այստեղ վերջապես նույնականացրինք, որ Սամվել Սահակյանն ԱԺ նախկին պատգամավորն է՝ «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:

Ըստ այդմ՝ նախամրցութային պայմանավորվածություններով զրկվելով իրենց տնօրինած նախկին 2 կապուղիներից մեկից, որով հեռարձակում էին իրականացնում հանրապետության տարածքում՝ Հրանտ Վարդանյանի ղեկավարած «Գրանդ» խումբը ստացել է «խրախուսական մրցանակ»՝ հեռարձակում իրականացնելու հնարավորություն Տավուշի մարզում, որտեղ, հիշեցնենք, այս խումբը ծավալում է գյուղատնտեսական գործունեություն, եւ որտեղից պատգամավոր է ընտրվել պրն Վարդանյանի որդին՝ Միքայելը:
Ամբողջությամբ

Thursday, March 31, 2011

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՅՍՊԻՍԻՆ ԷԻՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

էլ ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում անել: Այս փաստաթղթերն էլ Հայ ԹիՎի-ի մրցութային առաջարկից են: Եվ դեռ այսքանից հետո ՀՌԱՀ-ը դատարանում խոսելու է «Ա1+»-ի փաթեթում առկա որոշ փաստաթղթերի մասին...

Wednesday, March 30, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-11

Մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք «Ա1+»-ի մրցակից «Արմնյուզ» ՓԲԸ-ի մրցութային փաթեթում առկա 6 պայմանագրերը, որոնցից եւ ոչ մեկը համապատասխան ձեւով կնքված ու ստորագրված չէր: Այսքանով չեն սպառվում «Արմնյուզի» թերի փաստաթղթերը, ընդ որում՝ եւս մեկ անգամ ենք շեշտում, որ ՀՌԱՀ-ի անդամները, որոնք «Ա1+»-ի առաջարկում առկա թերությունների մասին ազդարարեցին ասուլիսում եւ հարցազրույցներում՝ մինչ այժմ ծպտուն անգամ չեն հանել «Արմնյուզի» փաթեթում առկա առոչինչ փաստաթղթերի մասին: 

Sunday, March 27, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-10

Ահա եւ հասանք մրցութային գործընթացի թերեւս ամենահետաքրքիր մասնակցին՝ ՙԱրմնյուզ՚ ՓԲԸ-ին, որը մայրաքաղաքային սփռման, միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման թիվ 11 մրցույթի հաղթողն է: Իսկ ՙԱրմնյուզը՚ հետաքրքիր է առավել այն իմաստով, թե արդյոք նրա ներկայացրած առաջարկն անբի՞ծ է՝ իր մրցակից ՙԱ1+՚-ի համեմատ, որին ՀՌԱՀ-ը մեղադրեց թերի կամ ակնհայտ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ:

Միանգամից ասենք՝ ՙԱրմնյուզի՚ առաջարկը մղոններո՛վ է հեռու անթերի համարվելուց: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այս հեռուստաընկերությունն էլ է հաղթողի ընտրության համար կարեւոր չափորոշիչներից մեկը՝ իր տեխնիկական միջոցները ներկայացրել ուղղակի ինտերնետից ՙքաշած՚ նկարներով ու տեքստերով: Այս հնարքը հատկանշական է նաեւ այլ հեռուստաընկերությունների մրցութային առաջարկների համար:

Friday, March 25, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-9

Թիվ 10 մրցույթը, որում շահողը դարձավ «ԱՐ հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն՝ հայտարարված էր «մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու» հեռուստահեռարձակողների լիցենզավորման համար: Սակայն անգամ «ԱՐ»-ի ներկայացրած մրցութային առաջարկից, որն անվանել են բիզնես ծրագիր՝ ակնհայտ երեւում է «երկուսը մեկի մեջ», այսինքն՝ ե՛ւ «ԱՐ»-ի, ե՛ւ «Հայրենիքի» հաղորդումները ներառելու ձգտումը:

Thursday, March 24, 2011

WISH YOU WERE HERE



Ազատության հրապարակ էր եկել հայտնի ռոքեր Էդգար Բարսեղյանը` իր զորակցությունը հայտնելու արդեն 8 օր հացադուլի միջոցով քաղաքացիական պայքարի մեջ մտած Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին

Wednesday, March 23, 2011

ԸՆՏՐԵՔ ՆՈՒՅՆԻ ԵՎ ՆՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ

Իշխանամետ թերթերից մեկը մի ժամանակ օրումեջ ծաղրում էր Արտաշես Գեղամյանին: Նրան բացառապես Փրկիչ էր անվանում, ու իբրեւ Ոդիսեւս պատկերելով` տպագրում համապատասխան կոլաժներ ու ծաղրանկարներ: Իսկ այն բանից հետո, երբ Գեղամյանը պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը` նույն թերթը սկսեց ամենայն հարգանքով հարցազրույցներ անել նրա հետ, տպագրել Արտաշես Գեղամյանի աշխարհաքաղաքական ծավալուն վերլուծությունները:

Ընդդիմադիր թերթերից մեկը մի ժամանակ օրումեջ ծաղրում էր Ստեփան Դեմիրճյանին: Նրան բացառապես Ազգո էր անվանում, եւ տպագրում նրա պատկերով կոլաժներ ու ծաղրանկարներ: Իսկ այն բանից հետո, երբ Դեմիրճյանը պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը` նույն թերթը սկսեց ամենայն հարգանքով հարցազրույցներ անել նրա հետ:

Monday, March 21, 2011

ԲԵՐԵՑ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏԵՍՔԻ

ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է «Հայկական ժամանակ» օրաթերթի այն հարցին, թե ինչու, այնումենայնիվ, Ազատության հրապարակում մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նա չմոտեցավ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Որովհետև դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաև` ծոմապահության ցուցադրականությունը: Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դա դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր Հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռևս 5-րդ դարում ասել է հետևյալը.«Սատանան կործանում է թե՛ ծոմապահին, թե՛ նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, և մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում և կործանում» («Մատենագիրք Հայոց»,Ա, էջ 1170): Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ և համաշխարհային եկեղեցական մատենագրությունից: Ինչևէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլև լիակատար զորակցություն կհայտնեի նրան», – նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հ. Գ. Հիմա ինձ հետաքրքրում է` այն բոլոր վերլուծաբանները, ֆեյսբուքահայերը եւ այլք, որոնք անցած օրերին Տեր-Պետրոսյանի այս քայլը պաշտպանում էին` այն պայմանավորելով քաղաքական դրդապատճառներով, արդյոք վերափոխելու են իրենց գրածները եւ սկսելու են արվածն արդարացնել արդեն քրիստոնեական նկատառումներով:
Սակայն այս թեման ինձ համար այլեւս հետաքրքիր չէ: Ակնհայտ է` ՀԱԿ-ը նախապատրաստվում է խորհրդարանական եւ նախագահական ՀԵՐԹԱԿԱՆ ընտրություններին: Եվ ինչպես իշխանությունն է միշտ փորձում ոչնչացնել ընդդիմությանը, այնպես էլ հիմա իրենք են ձգտում առնվազն նսեմացնել (քրիստոնեական եւ ոչ քրիստոնեական բոլոր եղանակներով) ընդդիմադիր դաշտում իրենց մրցակիցներին, ցանկացած մեկի, որ կարող է իրենցից ապագայում թեկուզ մի քանի ձայն խլել:

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՆԿՈ

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր հանրահավաքում հայտարարեց. «Ես շատ բան չեմ կարող խոստանալ, բայց խոստանում եմ իմ սիրտը»։

P. S ԺԿ նախագահը փորձեց բարձրանալ Ազատության հրապարակում տեղադրված բեմի վրա և ելույթ ունենալ, սակայն ոստիկաններն արգելեցին։ «Գոնե մի հատ առանց միկրոֆոնի ելույթ ունենամ, ես էլ բարձրանամ էդ բարձունքի վրա»,- ասաց նա և բարձրացավ ոչ թե բեմ, այլ օպերայի շենքի մուտքի հարթակին։ «Միկրոֆոն չեն տալիս մեզ, ոչ էլ թողնում են պարենք»,- բողոքեց Կարապետյանը:

Sunday, March 20, 2011

ԱՐՁԱԳԱՆՔ

Էլեկտրոնային փոստով ստացա "Ժառանգություն" կուսակցության վարչության նախկին փոխնախագահ, իսկ այժմ ՀԱԿ-ի անդամ Մովսես Արիստակեսյանի արձագանքը բլոգում իմ նախորդ հրապարակմանը: Ես համաձայն չեմ դրա որոշ գնահատականներին: Բայց ինձ համար գլխավոր սկզբունք է` ես համաձայն չեմ ձեր տեսակետին, բայց ամեն ինչ կանեմ, որ դուք այն արտահայտելու հնարավորություն ունենաք: Եվ քանի որ պրն Արիստակեսյանը պնդում է, թե իր արձագանքը չի կարողանում ավելացնել մեկնաբանությունների բաժնին` դա կանեմ ինքս, անփոփոխ հրապարակելով այն նամակը, որն ինձ ուղարկել է:

Saturday, March 19, 2011

ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՑ ԳՈՆԵ ՄԵԿՆ ԱՐԴՅՈՔ ԿԱՍԻ` ՊԱՊԻ, ԴՈՒ ՃԻՇՏ ՉԵՍ

1991 թվականից լուսաբանելով Հայաստանի քաղաքական կյանքը` տեսել եմ դիրքորոշումների եւ գաղափարների 180 աստիճանով շրջադարձեր, ուստի կասկածով ու փոքր ինչ վերապահությամբ եմ վերաբերվում դրանց մասին հայտարարություններին:
Բայց միակ սկզբունքը կամ կանոնը, որին հավատում եմ անվերապահորեն` “բումերանգի կանոնն” է, թե շպրտածդ վերադառնալու եւ խփելու է ճակատիդ: Այսինքն, եթե դու իշխանություն ունենալով ընտրություն ես կեղծել, երբ իշխանություն չունենաս` ինքդ ես դառնալու ընտրությունների կեղծման զոհ: Եթե քաղաքական ընդդիմախոսներիդ հետ երկխոսությանը նախընտրել ես նրանց նկատմամբ հետապնդումները` վաղը քո կողմնակիցներն են արժանանալու նույն վերաբերմունքին: Կամ ավելի թարմ ու կոնկրետ օրինակ բերեմ` եթե Րաֆֆի Հովհաննիսյանի արած քայլին եւ այն հիմնավորող ելույթին անդրադառնալու փոխարեն` քո կողմնակից ԶԼՄ-ներն ու սոցիալական կայքերում համակիրները քննարկում էին նրա բեղերը թրաշելը` չի անցնի եւ երկու օր, եւ Ազատության հրապարակում 3 տարի անց հանրահավաք անելու հիրավի կարեւոր փաստին անդրադառնալու փոխարեն` ընդդիմախոսներդ միայն այն հարցը կտան, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը չմոտեցավ ու չբարեւեց այդ հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին:

Տեսակետների խաչմերուկ, 19 մարտի, 2011

Thursday, March 17, 2011

Ազատության հրապարակի ազատագրումը.flv

Ընդունեք պապու խոսքը



Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն Ազատության հրապարակում մարտի 17-ին. ՚Ես գիտեմ` ձեզանից շատերն ինձ պապի են ասում: Դա ինձ համար ամենամեծ պատիվն է, և ես հպարտ եմ դրա համար, հիմա ընդունեք պապու խոսքը՚

3 ՏԱՐԻ ԱՆՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Բանակցությունների արդյունքում ոստիկանները երթի մասնակիցներին թույլատրեցին մարտի 17-ի հանրահավաքը շարունակել Ազատության հրապարակում: Թերեւս պատճառն այսօր Երեւանում ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների եւ եվրոպական այլ պաշտոնյաների ներկայությունն է:

Wednesday, March 16, 2011

Ես՝ երկրորդ անգամ «Ցանցառներ» ռադիոյում

null
 «Ցանցառներն» ամեն շաբաթ հետեւում է ցանցում տարածվող նորություններին, թևածող մտքերին ու ծավալվող քննարկումներին և պատմում այդ մասին իր առցանց ունկնդիրներին:
Այս թողարկման մեջ.
  • Հեշթեգերի պայքար  Twitter―ում
  • Բլոգեր Արսեն Կարապետյանի, ով ցանցում հայտնի է որպես Dabavog, մեկնաբանությունները աստղագետ ու ապագա տիեզերագնաց ներկայացող Արթուր Պողոսյանի պատմությանը
  • Հայտնի լրագրող, նոր բլոգ. «Առավոտ»-ի լրագրող Աննա Իսրայելյանը միացել է հայկական բլոգոսֆերային:

Wednesday, March 9, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-7

"Երեւան՚" հեռուստաընկերության մրցութային առաջարկում հայրենական արտադրության հաղորդումների ծավալի վերաբերյալ նշված երկու տարբեր թվերից ՀՌԱՀ-ը հիմք է ընդունել այն մեկը, որը նրան առավելություն էր տալիս մրցակցի նկատմամբ:

Մինչ այժմ բոլոր հեռուստաընկերությունները, որոնց առաջարկները ներկայացրել ենք՝ միայնակ էին մասնակցել մրցույթներին: Երիտասարդական ուղղվածության թիվ 8 մրցույթն առաջինն է, որի մասնակիցները երկուսն էին՝ ՙԵրեւանն՚ ու ԱԼՄ-ն: Դիտարկենք, թե ինչ առավելություններ ուներ ՙԵրեւան՚-ի առաջարկը:

Tuesday, March 8, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ- 6

Ա-ԹԻՎԻ՚-ի մրցութային առաջարկից դատելով` բավական նվազ է հեռուստաընկերության թե’ սեփական հաղորդումների, թե’ մասնագիտական սեփական աշխատակազմի պաշարը: Իսկ բիզնես ծրագրի հիմնավորվածությունը հավաստող եւ ոչ մի փաստաթուղթ կցված չէ մրցութային առաջարկին:

Մայրաքաղաքային սփռման, ժամանցային ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 7 մրցույթի (չենք անդրադառնում թիվ 6` PTP-ի վերահեռարձակման մրցույթին) մասնակցի` ՙԱ-ԹԻՎԻ՚-ի մրցութային առաջարկում, որն անվանել են բիզնես ծրագիր` այս հեռուստաընկերությունը ներկայացվում է որպես անվանափոխված ՙԱրմենԱկոբ-ԹԻՎԻ՚ ՍՊԸ-ի իրավահաջորդ: Հայտնի է, որ, ինչպես եւ ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության պարագայում էր` սա էլ է ընդամենը հնարք. այս դեպքում էլ է ոտնահարվել ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքի հետեւյալ պահանջը. ՙՀեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի՚:

Saturday, March 5, 2011

ԿՅԱՆՔԻՍ ԱՄԵՆԱՈՒՐԱԽ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ. ԱՊԱՐԱՆ ԹԻՎԻ

Այս մասին արդեն գրել է Սամվել Մարտիրոսյանը, որի եւ Աննա Բարսեղյանի հետ միասին ներգրավված էինք Երեւանի մամուլի ակումբի այլընտրանքային լրատվամիջոցների վերաբերյալ մի ծրագրում: Այն ժամանակ ես բլոգ չունեի, ուստի չէի կարող հրապարակել այս տեսագրությունը:

Չնայած իմ թախանձագին խնդրանքներին, որ ուղարկվի հաղորդման ամբողջական տեսագրությունը` Ապարան ԹիՎԻ-ի ղեկավարը, մեկ է, ուղարկեց մոնտաժված տարբերակը, ուստի մի թեթեւ բացատրեմ, թե կադրում ինչ է կատարվում:
Որ պարզ դառնա, թե ինչու ես հենց սկզբից փլվեցի, լսելով "Այսօր Ապարանի հեռուստատեսության հյուրերն են"` պետք է տեսնեք, թե ինչ էինք տեսնում մենք` երկտեղանի մի մահճակալ: Մենք հենց ներս մտանք այդ "տաղավարը"` ես հետաքրքրվեցի, թե հատկապես որտեղ է լինելու նկարահանումը: Տանտերը, որը նաեւ հեռուստաընկերության ղեկավարն ու օպերատորն էր` հարցրեց. "Բայց դու ինչ գործ ունես իմ կնգա կռավաթի հետ": Համաձայնեցի` ոչ մի գործ չունեմ, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է` ով է "այլ պայմաններում" նստում այնտեղ, որտեղ մենք էինք նստած: Տպավորությունն այն է, որ այդտեղ նստողները նաեւ պիտի գնահատականներ բարձրացնեին` տեխնիկայի, արտիստիզմի եւ այլնի համար:


Thursday, March 3, 2011

Բողոքի ցույցեր և բախումներ Հանր. հրապարակում



մարտի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների ամփոփ տեսագրությունը: «Առաջին լրատվականի» տեսխցիկը արձանագրել է սեփականության իրավունքից զրկվածների և փողոցային առևտրով զբաղվողների բողոքի ցույցերը կառավարության առջև, ոստիկանների կոպիտ արձագանքը նրանց գործողություններին, բախումը ցուցարարների շահերը պաշտպանող «Ժառանգության» պատգամավորների և ոստիկանների միջև, Անահիտ Բախշյանի ինքնազգացողության վատացումը և Վարդգես Գասպարիին բերման ենթարկելը:

Wednesday, March 2, 2011

Հեռարձակման մրցույթներ փաստացի չեն եղել

2011 թվականի հունվարի 26-ին «Հրապարակ» օրաթերթում հրապարակվեց հետեւյալ հարցուպատասխանը «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանի հետ
- Որոշ ժամանակ առաջ խոսք էր գնում, որ Ձեր հեռուստաընկերությունը՝ «Ար»-ը, պետք է փակվի: Ինչ-որ համաձայնության եկա՞ք, ինչ-որ հարցեր լուծվեցի՞ն, որ չփակվեց հեռուստաընկերությունը:
- Չէ, տենց խոսք չկար կոնկրետ «Ար»-ի մասին: Ուղղակի կար որոշում, որ երկու հեռուստաալիք ոնց որ թե համարվում էր շատ, կամ չգիտեմ իրենք ոնց էին համարում: Մեզ ընդամենը թույլ տվին մի հեռուստաընկերություն ունենալ, որի մեջ խտացրինք երկու հեռուստաալիքների հաղորդումները:
- Ասել է թե՝ «Հայրենիքն» այլեւս չի՞ լինելու եթերում:
- Երկուսն էլ լինելու են: Ցերեկվա ժամերին լինելու է «Հայրենիքը», երեկոյան ժամերին՝ «Ար»-ը:

Ընդամենը մի քանի տող, որոնցում կա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի առնվազն մի քանի խախտումների մասին վկայություն:

Monday, February 28, 2011

ՀԱՃԱԽՈՐԴԸ ՈՉ ՄԻՇՏ Է ՃԻՇՏ

Շաբաթ օրը "Երկիր Մեդիա" հեռուստաընկերության "Խմբագիր" հաղորդաշարն ինձ հրավիրել էր հեռակա բանավեճի իրենց հասարակական-քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր Գեղամ Մանուկյանի հետ` "Երկիր Մեդիայի" վերաբերյալ իմ հոդվածի վերաբերյալ: Բնականաբար, բավական քաղաքակիրթ բանավեճ էր` Գեղամի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, եւ, ի դեպ, համարում եմ, թե անկախ ամեն ինչից` "Երկիր Մեդիա"-ի եթերում բազմակարծության աստիճանն ավելին է, քան մնացած հեռուստաընկերություններում:

Գեղամը բացատրում էր, թե ինչու իրենք ՀԱԿ-ի հանրահավաքների հայտարարությունները եթեր չեն հեռարձակում` նշելով, թե դրա համար հատուկ թույլտվություն է պետք, որ հավաքն արտոնված է: Ես էլ առարկում էի, թե ՀՅԴ հավաքների մասին բոլոր հայտարարությունները իրենք այնուամենայնիվ հեռարձակում են:

Տեսակետների խաչմերուկ, 26 փետրվարի, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ- 5

Բավական ուշագրավ մանրամասներ կարելի է իմանալ՝ ընթերցելով հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները: Այսպես պարզեցինք, որ լուծարվել է ՙՇարմ՚ ՓԲԸ-ն: ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության, ինչպես իրենք են այն անվանել՝ գործարար ծրագրի սկզբում նշված է. ՙՄուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻՎԻ՚ ՓԲԸ-ն (նախկին ֆիրմային անվանումը ՙՇարմ՚ ՓԲԸ) իրավաբանական անձ համարվող, շահույթ ստանալու նպատակ հետապնդող առեւտրային կազմակերպություն է՚: ՙՇարմ՚-ի գործադիր տնօրեն Հրանտ Թոխատյանը մեր հարցմանն ի պատասխան հաստատեց՝ այո՜, ՙՇարմ՚ ՓԲԸ-ն լուծարվել է, ստեղծվել է ՙՇարմ՚ Հոլդինգը:

Կարելի է գուշակել, թե ինչու է արվել այս անվանափոխությունը: ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքի համաձայն՝ ՙՀեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի՚: Եվ որպեսզի սքողվի հանրահայտ փաստը, որ ՙՇարմի՚ ստացած արտոնագիրը 2002 թվականից ուղղակի ձեռքից ձեռք է անցել, եւ հեռուստաընկերությունն այս ընթացքում փոխել է 3 սեփականատերեր՝ ՙՇարմ՚ ՓԲԸ-ն իր իրավական կարգավիճակի անունն ի վերջո զիջել է Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող հեռուստաընկերությանը:

Sunday, February 27, 2011

ԴԵԺԱՎՅՈՒ

"Երկիր Մեդիա" հեռուստաընկերությունը արդեն մեկ ժամ է` նոր հաղորդավար ունի, որին զանգում են, խնդրում մեկնաբանել Միջին Արեւելքում տեղի ունեցող կամ այլ իրադարձությունները: Ինքն էլ ձեռքը ձեռքի վրա դրած` ծանրումեծ ասում է. "Ունենք հեռախոսազանգ" եւ խոսում, ինչպես ինքն է ասում, Լեւոն Պետրոսյանի, իշխանավարելու, "հարցերն իրենց անուններով կոչելու", նաեւ այն մասին, թե ժողովուրդը սպասում է, որ "լույս լինի թունելից" եւ այլն:
Արձանագրեց, թե սա ԱԼՄ չի, որ ասեն, թե հեռախոսազանգերը սարքել են: Համ էլ գոռաց եթերից` "Չեք տեսնում, ինչ է կատարվում, անպայման է` մատը մտնի ձեր ԱՇԿԸ":
Մի խոսքով` այդ անունը ջնջել չի լինի:
Կարապետիչը վերադարձավ հայկական հեռուստաեթեր:
Բոլորիս մեծ ավետիս:

Wednesday, February 23, 2011

ԳՐՎԱԾԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Առիթ ունեցել եմ անդրադառնալ Շանթի մրցութային առաջարկին, որտեղ իրենց լրատվական քաղաքականությունը բնորոշված էր իբրեւ անկողմնակալ եւ վստահություն էր արտահայտված, թե այժմ թե՜ լրատվության մատուցման ընդգրկունության եւ թե՜ մյուս իմաստներով՝ ՙՇանթիլրատվությունը հարում է համաշխարհային հեռուստատեսային առաջատարների չափանիշներին":

Հետաքրքիր է, համաշխարհային առաջատարներից արդյոք որ մեկի եթերում կարելի էր այնպիսի սյուժե տեսնել, ինչպիսին փետրվարի 21-ին տեսա Շանթի լուրերում, որի ընթացքում աղջիկները Սուրբ Սարգիսի տոնի կապակցությամբ շնորհակալություն էին հայտնում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ անձամբ Գագիկ Ծառուկյանին: Այս ակնհայտորեն վճարված սյուժեն այդ օրը թափառող էր բոլոր հեռուստաալիքներում, եւ որեւէ մեկը, բնականաբար, ոչ մի նշում չէր արել, թե դա պատրաստվել է գովազդային հիմունքներով:


ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-4

Երկիր Մեդիա՚ հեռուստաընկերության մրցութային առաջարկում կամ, ինչպես իրենք են այն անվանել` ՙԵթերային հեռարձակման բիզնես ծրագրում՚ նշված է. ՙՀեռուստաընկերությունը հպարտորեն տարբերվում է մյուս ընկերություններից իր եթերում հայրենական արտադրության հեռուստահաղորդումների զգալի ծավալով: Այսօր մեր հեռուստահաղորդումների 90%-ը հայրենական արտադրության է, որի 80%-ը մեր սեփական արտադրության է՚: Նշենք, որ մինչ այժմ մեր ուսումնասիրած բոլոր մրցութային առաջարկներում, թղթի վրա արձանագրվածի համաձայն, ոչ մի հեռուստաընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը 90%-ից պակաս չէ:

Tuesday, February 22, 2011

ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ


Մարդ, որ այսպիսի սքանչելի բան է տեսնում` չի կարողանում միայնակ վայելել, ուզում է կիսել ուրիշների հետ: Սա թերթերից մեկում հրապարակված հարցազրույց է, որի նախաբանն արդեն իսկ փայլում է տրամաբանությամբ. Քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանին ներկայացված մեղադրանքի կապակցությամբ մանկապղծության թեման ակտուալ է դարձել, երեկ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ժամանակին համասեռամոլության դեմ պայքարի առաջամարտիկ Հայ Արիների Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանից”: