Wednesday, March 30, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-11

Մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք «Ա1+»-ի մրցակից «Արմնյուզ» ՓԲԸ-ի մրցութային փաթեթում առկա 6 պայմանագրերը, որոնցից եւ ոչ մեկը համապատասխան ձեւով կնքված ու ստորագրված չէր: Այսքանով չեն սպառվում «Արմնյուզի» թերի փաստաթղթերը, ընդ որում՝ եւս մեկ անգամ ենք շեշտում, որ ՀՌԱՀ-ի անդամները, որոնք «Ա1+»-ի առաջարկում առկա թերությունների մասին ազդարարեցին ասուլիսում եւ հարցազրույցներում՝ մինչ այժմ ծպտուն անգամ չեն հանել «Արմնյուզի» փաթեթում առկա առոչինչ փաստաթղթերի մասին: 

«Արմնյուզի» մրցութային փաթեթի 208 էջում ներառված է Փարիզի բնակիչ Արման Ավագյանի հետ պայմանագիրը՝ ծառայությունների մատուցման վերաբերյալ: Հետագայում նա ներկայացվում է իբրեւ իրենց եվրոպական թղթակցային կետի ղեկավար: Նրա հետ պայմանագիրը, ինչպես եւ ավելի վաղ մեր ներկայացրած 6 փաստաթղթերը՝ էլի ստորագրվել է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին, այսինքն՝ իրենց հայտը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ՀՌԱՀ աշխատակազմ ներկայացնելու սահմանված ժամկետից (հոկտեմբերի 10-20) օրեր առաջ: Ի դեպ, «Panorama.am»-ի, «Պանարմենիան Մեդիա»-ի, «Մեդիա» սթայլ» ՍՊԸ-ի՝ tert.am-ի, «Առկա»-ի, «Արմենպրես»-ի եւ «Նովոստի-Արմենիա»-ի հետ բոլոր պայմանագրերը կնքվել են այդ վերջնաժամկետից հազիվ մի քանի օր առաջ, ինչը թեեւ հարց է առաջացնում, թե 2003 թվականից գործող «Արմնյուզը» մինչ այդ՝ առանց լրատվական գործակալությունների հետ պայմանագրերի, ինչպե՞ս է աշխատել, բայց այնուամենայնիվ՝ այդ բոլոր փաստաթղթերը գոնե պատշաճ ստորագրված ու կնքված են: Մինչդեռ տեղեկություններ հավաքելու եւ տրամադրելու վերաբերյալ Արման Ավագյանի հետ այս պայմանագիրը կնքված է միայն «Արմնյուզի» կողմից: 

213-215 էջերում ներկայացված է հոկտեմբերի 4-ին «Արմնյուզի» կնքած պայմանագիրը ԱՄՆ-ում թղթակից Արմինե Ամիրյանի հետ, որը հայտնի է՝ «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից է: Ի դեպ, որպես «Արմնյուզի» աշխատակազմի անդամ ներկայացված է Հերմինե Բաղդասարյանը, որի մասին հենց մրցութային փաթեթում է նշված. «2010 թվականի փետրվարից մինչ օրս աշխատում է «Արմենիա Թի-Վի»-ի «Ժամը» լրատվականում: Ահա Արմինե Ամիրյանն էլ պայմանագրով պարտավորվել է լրատվական բնույթի տարբեր տեղեկատվություն հավաքել կամ ձեռք բերել եւ այն փոխանցել «Արմնյուզին»: Պայմանագիրը, սակայն, կնքված է էլի միակողմանի: Դե, պարզ է՝ Արմինե Ամիրյանը պարտադիր չէ, որ ունենա կնիք: Փոխարենը մեջբերված են նրա անձնագրի եւ սոցիալական քարտի համարները: Այս առումով որեւէ խնդիր չենք տեսնում, սակայն հիշեցնում ենք, որ «Արմնյուզի» մրցակից «Ա1+»-ի դեպքում ՀՌԱՀ-ը տեսել էր նման խնդիր: Եվ թերի էր համարել 280 հազար եվրո ներդրում անելու վերաբերյալ Աննա Տանելյանի տված հավաստագիրը, որը ճիշտ է՝ տիտղոսաթերթի վրա էր, կար հասցե, կայքի եւ էլեկտրոնային փոստի հասցե, հարկ վճարողի համարը եւ այլն, սակայն չկար կնիք ու ստորագրություն: Եվ ի դեպ, հիշեցնում ենք, որ աշխատակազմի մասին տվյալները ճիշտ նույնպիսի չափորոշիչ է, ինչպես դիմողի ֆինանսական հնարավորությունները կամ բիզնես ծրագրի հիմնավորվածությունը, ուստի հիմնավոր չի լինի հակափաստարկը, թե ներդրման վերաբերյալ փաստաթղթերի կնքված լինելն ավելի կարեւոր է, քան թղթակիցների հետ պայմանագրերը:
 

Անդրադառնանք մրցութային բուն առաջարկին: Այստեղ խոստում կա. «Արմնյուզ»-ը տեղեկացվածության պահանջը բավարարելուց զատ՝ ձեւավորելու է ակտիվ էներգետիկ միջավայր, որն իր հերթին խթանելու է քաղաքակրթական գործընթացները: Ակնհայտ է, որքան իրազեկ է քաղաքացին, այնքան ամուր են պետության եւ ժողովրդավարության հիմքերը: Եվ հակառակը՝ պետության եւ ժողովրդավարության ամուր հիմքերը նախեւառաջ ենթադրում են ազգաբնակչության բարձր աստիճանի իրազեկում: Հենց վերոնշյալ հետադարձ կապն է ընկած լինելու «Արմնյուզի» գործունեության հիմքում»: 4 ամիս է, ինչ նման խոստումներ պարունակող առաջարկով այս հեռուստաընկերությունը նորից արտոնագիր է ստացել, եւ յուրաքանչյուր հեռուստադիտող կարող է գնահատել՝ արդյոք այս ընթացքում իր գործունեությամբ այն իրոք ամրացրե՞լ է ժողովրդավարության հիմքերը:
 

Նույն կերպ՝ բազմակարծության վերաբերյալ ենթաբաժնում նշել են. «Կփորձի ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ քաղաքական երկխոսության մշակույթի վերականգնման, հասարակություն-իշխանություն փոխադարձ վստահության սերմանման, համաշխարհային քաղաքակրթության խորքային ճանաչման եւ դրանով իսկ ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»: Թեեւ «կփորձենք» ձեւակերպումով տրված խոստումը շատ հարաբերական է. դրա կատարումն ակնկալող հեռուստադիտողին ամեն դեպքում կարելի է ասել՝ դե, փորձեցինք վերականգնել քաղաքական երկխոսության մշակույթը, կներեք՝ չստացվեց: Սակայն այս առումով շատ կոնկրետ հաղորդումներ էլ են նշվել, որոնք, որքան հետեւել ենք՝ այս ամիսների ընթացքում այդպես էլ դեռ չեն հայտնվել «Արմնյուզ»-ի եթերում. ասենք, չկա ո՛չ «Հեռուստադուել» թոք-շոուն, որը պետք է «տրամագծորեն հակառակ տեսակետ ունեցող մարդկանց բանավեճ» լիներ, ո՛չ «Էսկալիբուր կամ թուր կեծակի»-ն, որը պետք է ներկայացներ մի քաղաքական առաջնորդի անցած ճանապարհը: Հաշվի առնելով, որ վերջինս պիտի ներկայացնի տվյալ առաջնորդի «փորձությունները, կարիերան մինչեւ իշխանության հասնելն ու առաջին քայլերը»՝ ենթադրվում է, թե բազմակարծություն ապահովելու կոչված այս հաղորդումը նվիրված է լինելու բացառապես իշխանական գործիչներին:
 

Այսուհանդերձ, հույս հայտնենք, որ արտոնագրի գործունեության հետագա շրջանում կկատարվեն ինչպես այս, այնպես էլ մրցութային առաջարկում տրված հետեւյալ խոստումը. «Ընկերության տեղեկատվական քաղաքականությունը պայմանավորված չի լինելու այս կամ այն քաղաքական ուժի շահերով եւ ուղղվածությամբ: Այս իմաստով՝ ծրագրային բազմակարծությունն ապահովվելու է բոլոր քաղաքական ուժերի տեսակետների եւ դիրքորոշումների հավասարակշռմամբ՝ հեռուստալսարանին հնարավորություն տալով ստանալ բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն քաղաքական իրադրության եւ իրականության վերաբերյալ»:
Սակայն պարզ չէ, թե ինչպես են համադրվում վերոհիշյալ եւ մրցութային առաջարկի «հետագա ֆինանսական կանխատեսումներ» բաժնում տրված խոստումները. «Ընկերությունը նախատեսում է ավելացնել սեփական արտադրության քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հաղորդումների ծավալը, որոնք կրելով կոմերցիոն բնույթ՝ կավելացնեն նաեւ ընկերության հասույթը»: Այսինքն՝ քաղաքական վերոհիշյալ հաղորդումներն ունենալու են կոմերցիո՞ն բնույթ: Սա հասկանալի է դարձնում, թե ինչու են ներկայացնելու հենց իշխանության հասած գործիչների կարիերան:
 

Մինչ այժմ կատարված չէ «Արմնյուզի» մրցութային առաջարկում տված խոստումը համացանցային շուկա մուտք գործելու, մասնավորապես սոցիալական կայքերում ընդգրկվելու վերաբերյալ, ինչը ո՛չ առանձնապես միջոցներ է պահանջում, ո՛չ էլ հավելյալ ջանքեր: Վերջում առանց մեկնաբանության մեջբերենք մեկ այլ՝ առայժմ չկատարված խոստում. «Նախատեսվում են ավելի քան 50 ավտոնոմ տեսախցիկներ տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, որոնք բարձր HD որակով կիրականացնեն 24-ժամյա մոնիթորինգ, որոնց ուշադրությունից չի կարողանա փախնել ոչ մի իրադարձություն»:

No comments:

Post a Comment