Sunday, March 27, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-10

Ահա եւ հասանք մրցութային գործընթացի թերեւս ամենահետաքրքիր մասնակցին՝ ՙԱրմնյուզ՚ ՓԲԸ-ին, որը մայրաքաղաքային սփռման, միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման թիվ 11 մրցույթի հաղթողն է: Իսկ ՙԱրմնյուզը՚ հետաքրքիր է առավել այն իմաստով, թե արդյոք նրա ներկայացրած առաջարկն անբի՞ծ է՝ իր մրցակից ՙԱ1+՚-ի համեմատ, որին ՀՌԱՀ-ը մեղադրեց թերի կամ ակնհայտ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ:

Միանգամից ասենք՝ ՙԱրմնյուզի՚ առաջարկը մղոններո՛վ է հեռու անթերի համարվելուց: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այս հեռուստաընկերությունն էլ է հաղթողի ընտրության համար կարեւոր չափորոշիչներից մեկը՝ իր տեխնիկական միջոցները ներկայացրել ուղղակի ինտերնետից ՙքաշած՚ նկարներով ու տեքստերով: Այս հնարքը հատկանշական է նաեւ այլ հեռուստաընկերությունների մրցութային առաջարկների համար:

Նշենք, որ ՙԱրմնյուզի՚ մրցութային առաջարկի դեպքում մեր տրամադրության ներքո է այն տարբերակը, որն ՙԱ1+՚-ը ստացել է դատարան դիմելուց հետո: Եվ սա ամբողջական փաթեթ է՝ ներկայացված կից պայմանագրերով ու նման այլ փաստաթղթերով, որոնք ՀՌԱՀ-ն այժմ տրամադրելը նպատակահարմար չի գտնում: Եվ այս պայմանագրերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՙԱրմնյուզի՚ մրցութային առաջարկում բազմաթիվ են թերություններն ու անհամապատասխանությունները: Ասենք, ՙԱրմնյուզ՚ ՓԲԸ կանոնադրության համաձայն՝ ընկերության գտնվելու վայրը Թումանյան 37, բն.3 հասցեն է: Սակայն իրենց ներկայացրած բոլոր փաստաթղթերում ՙԱրմնյուզ՚ ՓԲԸ-ի հասցեն նշված է Եղվարդի խճուղի 1-ը, այսինքն՝ սա այն հասցեն է, որտեղ գտնվում է ՙԱրմենիա՚ հեռուստաընկերությունը:

Մրցութային առաջարկի 192 էջում ներառված է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված՝ ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը՝ Մոսկվայի բնակիչ Իգոր Յուրյեվիչ Բալաբինի եւ ՙԱրմնյուզի՚ միջեւ, որով պրն Բալաբինը պարտավորվում է տեղեկատվություն հավաքել եւ այն փոխանցել ՙԱրմնյուզին՚: Ո՞վ է այդ պրն Բալաբինը՝ պարզ չէ, մանավանդ որ պայմանագրի ներքո առկա է միայն նրա ստորագրությունը՝ առանց որեւէ կնիքի: Կնքված է միայն ՙԱրմնյուզի՚ կողմից: Նշենք նաեւ, որ համացանցում Իգոր Յուրյեվիչ Բալաբին անուն ազգանունով մարդու որոնողական աշխատանքներն ավարտվեցին զրո արդյունքով: Ըստ ամենայնի, չկա այդ անունով լրագրող:


195 էջում մեջբերված է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված մեկ այլ պայմանագիր՝ ՙԱրմնյուզի՚ եւ Գորիսում բնակվող Իրինա Յոլյանի միջեւ, որով նա նույնպես պարտավորվում է ՙհավաքել եւ/կամ ձեռք բերել լրատվական բնույթի տարբեր տեղեկատվություններ եւ այդ տեղեկատվությունը գրավոր կամ էլեկտրոնային կրիչների միջոցով հանձնել պատվիրատուին՚: Վերեւում սխալվեցինք՝ այս պայմանագիրն անվանելով ՙկնքված՚, քանի որ դրա ներքո արդեն ընդհանրապես չկա որեւէ կնիք: Ավելի՜ն՝ չի ստորագրել անգամ ՙԱրմՆյուզ՚ ՓԲԸ-ի տնօրեն Գեղամ Մարգարյանը: Կա միայն Իրինա Յոլյանի ստորագրությունը:


Նույն օրը՝ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված մեկ այլ պայմանագիր է ներկայացված 198 էջում՝ ՙԱրմնյուզ՚ ՓԲԸ-ի եւ Գուգարքի բնակիչ Ժան Գալստյանի միջեւ, որով նա էլի պարտավորվում է հավաքել ՙլրատվական բնույթի տարբեր տեղեկատվություններ՚, եւ դրանք տրամադրել հեռուստաընկերությանը: Ինչպես եւ Իրինա Յոլյանի հետ պայմանագիրը՝ այստեղ էլ ո՜չ կնիք կա, ո՜չ ՙԱրմնյուզ՚ ՓԲԸ տնօրենի ստորագրությունը:


201 էջ՝ այստեղ արդեն 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ՙԱրմնյուզի՚ եւ Վանաձորի բնակիչ Ալլա Նահապետյանի միջեւ պայմանագիրն է՝ նույն առարկայով, այսինքն՝ լրատվություն հավաքելու եւ հանձնելու մասին: Եվ այստեղ նույնպես՝ էլի ո՜չ կնիք կա, ո՜չ ստորագրություն՝ Ալլա Նահապետյանի ստորագրությունից բացի:


Մրցութային առաջարկ՝ էջ 204, ՙԱրմնյուզի՚ եւ Արմավիրի բնակիչ Կարինե Վարդանյանի միջեւ 2010 թվականի հոկտեմբերի 1-ի պայմանագիր՝ նույն բովանդակությամբ, եւ նույն թերություններով՝ անկնիք, անստորագիր՝ ՙԱրմնյուզի՚ կողմից, իսկ Կարինե Վարդանյանի ստորագրության փոխարեն՝ ուղղակի նրա անունը:

Էջ 207՝ Ապարանի բնակիչ Նվեր Ղազարյանի եւ ՙԱրմնյուզի՚ միջեւ պայմանագիր՝ դարձյալ չարաբաստիկ հոկտեմբերի 1-ին: Եվ էլի՝ առոչինչ պայմանագիր, քանի որ ո՜չ կնիք կա, ո՜չ ստորագրված է, իսկ Նվեր Ղազարյանի անվան դիմաց խզբզոց է:


Ուշադրություն ենք հրավիրում, որ բոլոր այս պայմանագրերը կնքվել են նույն օրը: Եվ հիշեցնում ենք, որ ՀՌԱՀ-ի հրապարակած հայտարարության համաձայն՝ ՀՌԱՀ աշխատակազմի քարտուղարություն հեռուստաընկերություններն իրենց հայտը եւ անհրաժեշտ փաստաթղթերը պիտի ներկայացնեին 2010թ. հոկտեմբերի 10-20-ը ներառյալ: Այսինքն՝ վերջնաժամկետից առաջ՝ հոկտեմբերի 1-ին ՙԱրմնյուզն՚ այս թղթերով թղթակցային ցանց ունենալու տպավորություն էր փորձել ապահովել: Սակայն ցանկացած իրավաբան կասի, որ նման փաստաթղթերը չարժեն անգամ այն թուղթը, որի վրա տպագրված են: Եվ սրանք դեռ ամբողջը չեն, ուստի շարունակվելու է ՙԱրմնյուզի՚ մրցութային առաջարկին անդրադարձը:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

No comments:

Post a Comment