Friday, March 25, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-9

Թիվ 10 մրցույթը, որում շահողը դարձավ «ԱՐ հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն՝ հայտարարված էր «մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու» հեռուստահեռարձակողների լիցենզավորման համար: Սակայն անգամ «ԱՐ»-ի ներկայացրած մրցութային առաջարկից, որն անվանել են բիզնես ծրագիր՝ ակնհայտ երեւում է «երկուսը մեկի մեջ», այսինքն՝ ե՛ւ «ԱՐ»-ի, ե՛ւ «Հայրենիքի» հաղորդումները ներառելու ձգտումը:

Հիշեցնենք, որ այդ հեռուստաընկերությունների սեփականատերը՝ «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը, «Հրապարակին» ասել էր. «Ուղղակի կար որոշում, որ երկու հեռուստաալիք ոնց որ թե համարվում էր շատ, կամ չգիտեմ՝ իրենք ոնց էին համարում: Մեզ ընդամենը թույլ տվեցին մի հեռուստաընկերություն ունենալ, որի մեջ խտացրինք երկու հեռուստաալիքների հաղորդումները»: Եվ մանրամասնել էր. «Ցերեկվա ժամերին լինելու է «Հայրենիքը», երեկոյան ժամերին՝ «ԱՐ»-ը»:

Չնայած մրցույթի հայտարարված ուղղվածությանը՝ առաջարկում ներառել են լրատվական-քաղաքական-հասարակական ծրագրեր եւ մասնավորապես՝ «Ազդարար» լրատվական ծրագիրը, որը, եթե պահպանվեին մրցույթի պահանջները, հիմա պիտի հաղորդեր բացառապես «մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական» լուրեր: Սակայն բիզնես ծրագրում շարադրել են, որ «Ազդարարն» ունի, ասենք, «Համար ժողովրդի համար» ծառայությունը, որն «ապահովում է սերտ համագործակցություն հեռուստադիտողների հետ: Ծառայության ստացած ահազանգերն արժանանում են լրատվական ծառայության ուշադրությանը, որոնց լուսաբանումը մեծամասամբ հանգեցնում է խնդիրների լուծմանը: Լրատվական ծառայությունը խիստ ուշադրության է արժանացնում նաեւ սոցիալապես խոցելի վիճակում հայտնված խավին՝ ոչ միայն լուսաբանելով նրանց խնդիրները, այլեւ ցուցաբերելով նյութական աջակցություն»: Անշուշտ, խիստ կարեւոր եւ օգտակար գործ են անում, սակայն այն որեւէ կերպ չի աղերսվում իրենց ստացած արտոնագրի պայմաններին:

Նշենք, որ կատարվածն արդեն իսկ արժանացել է հեռուստադիտողների բացասական արձագանքին: Մարտի 3-ին «Ազգը» հրապարակել էր մի նամակ, որի հեղինակը նշում է, թե ժամանակին, երբ ահազանգել էր՝ «գողացել են երեխաների հեռուստաալիքը»՝ շատերը իր հետ չէին համաձայնել. «Նույնիսկ իմ կողմից շատ հարգված, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը հեռախոսով ինձ համար կարդաց ՀՌԱՀ-ի որոշումը, որտեղ ասվում էր, որ այսուհետեւ «ԱՐ»-ը կդառնա ՄԻԱՅՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ: Եկեք տեսնենք, թե «ԱՐ»-ը ինչպես դարձավ մանկական ալիք: Ամեն օր 8.15-ին տասնհինգ րոպե հաղորդում են «Վերկացիկը», եւ սկսվում է իրար հետեւից 9-10 գեղարվեստական կինոնկարների ցուցադրումը, վերջում՝ գիշերվա ժամը 1.40-ին, հաղորդում են դասական երաժշտություն: Եթե հաշվենք, որ յուրաքանչյուր կինոնկար, գովազդով հանդերձ, տեւում է 2 ժամ, ուրեմն օրական 20 ժամ երեխան դիտում է դետեկտիվ կինոնկարներ: Չե՞ք հավատում: Բացեք «ԱՐ»-ի ծրագրերը»: Ասվածին հավելենք, որ «ԱՐ»-ը նույն կերպ շարունակում է նաեւ հնդկական ֆիլմեր ցուցադրել, ինչպես նախկինում: Թերեւս դրանք շատ մանկական են, անչափ գիտակրթական եւ ահավոր ճանաչողական:

Սակայն էլի ենք շեշտում՝ դեռ մրցութային առաջարկից էր արդեն ակնհայտ, որ հայտարարված ուղղվածությունից կան հսկայական շեղումներ: Ասենք, ծրագրում ներառել են «Ես եւ դու» հաղորդաշարը, որն ըստ շարադրվածի՝ «վերլուծում է կին եւ տղամարդ հարաբերությունները մեր համաքաղաքացիների կարծիքով»: Չէ, բնավ այն կարծիքը չունենք, որ մանուկների եւ պատանիների համար չի կարող լինել կին եւ տղամարդ հարաբերությունների մասին հաղորդում, սակայն ակնհայտ է, որ դա պետք է արվի այլ մոտեցմամբ, քան ուղղակի փողոցի անցորդների կարծիքները ներկայացնելը:

Մեկ այլ օրինակ. ծրագրում ներառել են «Քննության գաղտնիքները» հաղորդաշարը, որն ըստ ներկայացվածի՝ «պատրաստվում է ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ», եւ անդրադառնում են աղմկահարույց քրեական գործերին: Չենք մեկնաբանի, թե այս դեպքում ինչպես է դրսեւորվում «դաստիարակչական» ուղղվածությունը:

Բացի այս կոնկրետ ծրագրերից՝ մրցութային առաջարկում ուղիղ տեքստով էլ են փաստորեն հավաստել, թե մտադիր չեն գործել միայն սահմանված ուղղվածությանը համապատասխան: Այսպես՝ հեռանկարային ծրագրերի բաժնում նշել են. «Թվային հեռարձակում իրականացնելու լիցենզիայի մրցույթում հաղթելու դեպքում «ԱՐ» հեռուստաընկերությունը, որպես ընդհանուր ուղղվածության հեռուստաընկերություն, հավատարիմ մնալով իր որդեգրած ծրագրային քաղաքականությանը՝ շարունակելու է իր գործունեությունը դինամիկ զարգացման ճանապարհով»: Եվ խոստացել են, որ «Ազդարար» լրատվական ծառայության «ուշադրության կենտրոնում են մնալու ինչպես մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրները, որոնց մասին «ԱՐ»-ը տեղեկանում է «Համար ժողովրդի համար» ծառայության միջոցով, այնպես էլ սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքները»:
Ի դեպ, թեեւ նրանք հաղթել են մայրաքաղաքային սփռմամբ հեռարձակման համար մրցույթում՝ առաջարկում նաեւ նշել են, թե պատրաստ են իրենց «հեռարձակումն իրականացնել ողջ հանրապետության տարածքում»:


http://www.aravot.am/am/articles/politics/91051/view

No comments:

Post a Comment