Ա-ԹԻՎԻ՚-ի մրցութային առաջարկից դատելով` բավական նվազ է հեռուստաընկերության թե’ սեփական հաղորդումների, թե’ մասնագիտական սեփական աշխատակազմի պաշարը: Իսկ բիզնես ծրագրի հիմնավորվածությունը հավաստող եւ ոչ մի փաստաթուղթ կցված չէ մրցութային առաջարկին:
Մայրաքաղաքային սփռման, ժամանցային ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 7 մրցույթի (չենք անդրադառնում թիվ 6` PTP-ի վերահեռարձակման մրցույթին) մասնակցի` ՙԱ-ԹԻՎԻ՚-ի մրցութային առաջարկում, որն անվանել են բիզնես ծրագիր` այս հեռուստաընկերությունը ներկայացվում է որպես անվանափոխված ՙԱրմենԱկոբ-ԹԻՎԻ՚ ՍՊԸ-ի իրավահաջորդ: Հայտնի է, որ, ինչպես եւ ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության պարագայում էր` սա էլ է ընդամենը հնարք. այս դեպքում էլ է ոտնահարվել ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքի հետեւյալ պահանջը. ՙՀեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի՚:
Նշենք, որ այս մի իրավահաջորդը մրցութային առաջարկում բավական քննադատաբար է անդրադարձել նախորդի գործունեությանը: Այսպես, նշված է, որ անցած 8 տարիներին ՙԸնկերության ծրագրային քաղաքականության եւ հաղորդումների թեմատիկ ուղղվածության հիմքում դրված էր ՙԸնտանեկան հեռուստաալիք՚ անվանը հավատարիմ մնալու սկզբունքը՚: Սակայն հեռուստաալիքի գործունեության վերլուծությամբ ի հայտ են բերվել. ՙԾրագրային քաղաքականությունը ոչ միշտ էր համապատասխանում հայտարարված ՙԸնտանեկան հեռուստաալիք՚ կոնցեպցիային՚: Որպես թերություն է նշված. ՙԾրագրային ցանցն առանձին դեպքերում կազմվում էր աշխատանքային փորձառության եւ ՙհոտառության՚ հիման վրա: Գործնականում բացակայում էր հեռուստատեսային բիզնեսի իրականացման գործում մասնագիտական, գիտական մոտեցումը՚: Այնուամենայնիվ, հատկանշական է, որ մեր եթերում աշխատանքային փորձառությունը համարվում է թերություն:
Որպես ՙԱրմենԱկոբ-ԹԻՎԻ՚-ի շրջանի թերություն է նաեւ նշվում, թե մենեջմենթը ՙիրականացվում էր պարզունակ մակարդակով: Հեռուստաալիքի կառավարման հիմնական թերություններից մեկը մնում էր մասնագիտացված կադրերով համալրված չլինելը, կադրերի անբավարար քանակը, որը եւ դարձավ ալիքի լճացման պատճառը կազմակերպության ներսում աշխատակազմի մասնագիտական աճի բացակայության պայմաններում՚: Նշենք, որ հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ կան` 2009 թվականից ՙԱ-ԹԻՎԻ՚-ի գլխավոր պրոդյուսերն է նախկինում Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, որը մասնավորապես մշակում է հեռուստածրագրերի հայեցակարգը:
Հեռուստածրագրերի մասին. մի կողմից` նշել են, թե իրենց նպատակային լսարանը 5-55 տարեկաններն են, մյուս կողմից` հաղորդացանցը ներկայացնելիս արձանագրել, որ այն նախատեսված է բոլորի համար եւ մասնավորապես` ՙՏարեց մարդկանց անդորրն ամբողջացնում է ՙԵրբ իմը լինես՚ սերիալը՚:
Հայտնի է, որ ՙԱ-ԹԻՎԻ՚-ի հեռուստացանցում զգալի մաս է կազմում ռուսական THT հեռուստաալիքի ծրագրերի վերահեռարձակումը, սակայն զարմանալի էր մրցութային առաջարկում ընթերցել, որ Գարիկ Մարտիրոսյանը եւ Միշա Գալուստյանը մաս են կազմում իրենց թիմին: Անհնար է մտաբերել որեւէ ծրագիր, որ ռուսական շոու-բիզնեսի այս աստղերը պատրաստած լինեն հատուկ ՙԱ-ԹԻՎԻ՚-ի համար: Հեռուստաընկերության թիմի անդամներ են ներկայացված նաեւ Եգոր Գլումովը, որը հաջողությամբ համագործակցում է նաեւ ՙՇանթ՚ հեռուստաընկերության հետ, Արմինկան եւ Սոֆի Մխեյանը, որոնք համագործակցում են բոլորի հետ: Այնպես որ` այս հեռուստաընկերության սեփական թիմի շարքերը բավական նոսր են: Էմմա Բալբաբյանից կամ, ինչպես նրան ներկայացրել են առաջարկում` ՙսրտակեր խոհարար Սարգիս Մկրտչյանից՚ բացի` գրեթե չկա որեւէ այլ լրագրող, որին հնարավոր լինի ներկայացնել իբրեւ բացառապես ՙԱ-ԹԻՎԻ՚-ի դեմք: Մինչդեռ հիշեցնենք, որ մասնագիտական աշխատակազմը օրենքով սահմանված չափորոշիչներից մեկն է, որով որոշվում է հաղթողը:
Հիշեցնենք, որ այլ չափորոշիչներից են սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը: Մինչդեռ ՙԱ-ԹԻՎԻ՚-ի ծրագրում առավել ներկայացված են էլի ոչ սեփական ծրագրերը: Ասենք, ձեռք են բերել ՙՀնդկաստան. Մի սիրո պատմություն՚ հեռուստանովելը եւ մանրամասն շարադրել են. ՙՖիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հնդկաստանի Ագրա, Վարանասի, Բոմբեյ, Ջայպուր եւ Ջոհպուր քաղաքներում: 10 շաբաթ Հնդկաստանում, իսկ այնուհետեւ Դուբայ եւ Ռիո դե Ժանեյրո: 1300 քառակուսի մետր նկարահանման հրապարակ, 7000 քառակուսի մետր դեկորացիաներ, հեռուստատեսային նորագույն տեխնիկա, գունագեղ հագուստ եւ օպերատորական հրաշալի աշխատանք՚: Նույն կերպ` նաեւ ՙՎայրի սիրտը՚ սերիալի մասին. ՙԲարձր խավից սիրված (թերեւս նկատի են ունեցել ՙսերված՚ բառը.- Ա. Ի.) աղջնակին ու հասարակ ձկնորսին վիճակված չէր երջանիկ լինելու: Սոցիալական տարբերությունն անընդունելի էր Մարիա դե Ռոսարիոյի ընտանիքի համար: Մահը լավագույն արդարացումն է չարագործությունը թաքցնելու համար: Բայց սիրո ծնունդը հզոր է եւ որքան էլ վայրի լինի նրա սիրտը, միեւնույն է` գիտի սիրել՚: Եվ նույն ոգով` մի քանի էջ այլոց արտադրության ծրագրերի մասին այս բավական լղարիկ` 59 էջանոց մրցութային առաջարկում:
Թեեւ նաեւ նշել են, որ ծրագրում են իրականացնել մի շարք սեփական հեռուստանախագծեր: Ասենք, նախատեսում են տարին մեկ անցկացնել ՙՀայատեսիլ՚ երգի փառատոն. ՙՆախագծի կանոնները շատ նման են լինելու ՙԵվրատեսիլ՚ հանրաճանաչ երգի մրցույթի կանոններին, եւ յուրաքանչյուր մարզ ու երկիր իրավունք կունենա մասնակցել մրցույթին՚: Կամ` սեփական արտադրության գեղարվեստական ֆիլմ են նկարահանելու. մեկի պրեմիերան նախատեսվում է արդեն այս տարի:
ՙԱ-ԹԻՎԻ՚-ն նախատեսում է մինչեւ 2020 թվականը ձեռք բերել 260 մլն դրամի տեխնիկա եւ սարքավորումներ: Նշել են, որ 2011-2020 թվականներին իրենց նախատեսվող եկամուտները կկազմեն 7 մլրդ 300 մլն դրամ: Թե ինչպես են ծախսելու այդ եկամուտները` հանգամանալից նշել են, բայց թե ինչպես են վաստակելու` չկա եւ ոչ մի փաստաթուղթ: Բիզնես այս ծրագրից ենթադրվում է, թե եկամուտների ակնկալվող հիմնական աղբյուրը գովազդն է, բայց չեն կցել անգամ գովազդային որեւէ պայմանագիր: Եվ այսուհանդերձ` ՀՌԱՀ-ն այս բիզնես ծրագիրը համարել է հիմնավոր:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
www.aravot.am
ara waj mamshki :) SevKavTV-na pastoren A-TVi teghy :) +Nazeni :)
ReplyDelete