Բավական ուշագրավ մանրամասներ կարելի է իմանալ՝ ընթերցելով հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները: Այսպես պարզեցինք, որ լուծարվել է ՙՇարմ՚ ՓԲԸ-ն: ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության, ինչպես իրենք են այն անվանել՝ գործարար ծրագրի սկզբում նշված է. ՙՄուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻՎԻ՚ ՓԲԸ-ն (նախկին ֆիրմային անվանումը ՙՇարմ՚ ՓԲԸ) իրավաբանական անձ համարվող, շահույթ ստանալու նպատակ հետապնդող առեւտրային կազմակերպություն է՚: ՙՇարմ՚-ի գործադիր տնօրեն Հրանտ Թոխատյանը մեր հարցմանն ի պատասխան հաստատեց՝ այո՜, ՙՇարմ՚ ՓԲԸ-ն լուծարվել է, ստեղծվել է ՙՇարմ՚ Հոլդինգը:
Կարելի է գուշակել, թե ինչու է արվել այս անվանափոխությունը: ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքի համաձայն՝ ՙՀեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի՚: Եվ որպեսզի սքողվի հանրահայտ փաստը, որ ՙՇարմի՚ ստացած արտոնագիրը 2002 թվականից ուղղակի ձեռքից ձեռք է անցել, եւ հեռուստաընկերությունն այս ընթացքում փոխել է 3 սեփականատերեր՝ ՙՇարմ՚ ՓԲԸ-ն իր իրավական կարգավիճակի անունն ի վերջո զիջել է Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող հեռուստաընկերությանը:
ՙՇարմ՚ ՓԲԸ-ի իրավահաջորդ ՙՄուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻՎԻ՚ ՓԲԸ-ի ծրագրում կա ժառանգականության մասին վկայող մի դրույթ: Հիշեցնենք, որ ՙՇարմը՚ 2002 թվականին խոստանում էր հեռարձակել ՙՄիայն լավ լուրեր՚, իսկ այժմ էլ ՙԿենտրոնն՚ է իր գործարար ծրագրում նշել. ՙԻմաստային առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին՚:
Մրցութային առաջարկում նշված է. ՙԳործունեության յուրաքանչյուր ոլորտում ՙԿենտրոն՚ հեռուստաընկերությունն առաջնորդվում է թափանցիկության սկզբունքով: Գործունեության թափանցիկությունն ապահովելու համար ՙԿենտրոն՚ հեռուստաընկերությունը համագործակցում է անկախ հետազոտական ընկերությունների հետ, ինչի արդյունքում ընկերության հետ գովազդի ոլորտում համագործակցող սուբյեկտները հնարավորություն են ստանում վերահսկել իրենց գովազդների հեռարձակումները ու դրանց արդյունավետությունը՚: Այս գործարար ծրագիրն ուսումնասիրելիս նկատեցինք, որ գովազդային երկկողմանի պայմանագրերի զգալի մասի (եթե ոչ գրեթե կեսի վրա), կար միայն մեկ կողմի՝ ՙՄուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻՎԻ՚-ի կնիքը: Սակայն թափանցիկության սկզբունքով գործող հեռուստաընկերության այս փաստաթղթերը ՀՌԱՀ նախագահը թույլ չտվեց լուսանկարել՝ պատճառաբանելով մեր նախորդ հրապարակումներից հետո հեռուստաընկերություններից ստացված բողոքները: Միակ բացառությունն արվեց ԵԱՀԿ հետ կնքված հեռուստածրագրի արտադրության եւ հեռարձակման պայմանագրի համար (լուսանկարում), որում էլի չկար երկրորդ կնիքը:
Որքան տեղյակ ենք՝ մրցութային առաջարկը փակ, գաղտնի փաստաթուղթ չէ: Եվ անցած բոլոր տարիներին միջազգային կազմակերպությունները, որոնց անդամակցում է Հայաստանը՝ մեր առջեւ նույն պարտավորությունն են դրել՝ անցկացնել արտոնագրերի ՙբաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթ՚: Վերջին նման պահանջն արտացոլված է ԵԽԽՎ 2009 թվականին ընդունված 1677 բանաձեւի 12 կետում: Եվ հերթական անգամ ընդգծում եմ՝ բաց եւ թափանցիկ մրցույթի համար բավարար չէ միայն տեսնել, թե ինչպես են ՀՌԱՀ անդամները գնահատականներ բարձրացնում կամ, ինչպես են հետո հիմնավորում իրենց կայացրած որոշումը: Կարեւոր է նաեւ համոզված լինելը. թե սա իրոք արդարացի մրցույթ է եղել եւ ՀՌԱՀ-ը հավասար ու նույնքան բծախնդիր մոտեցում է ցուցաբերել անխտիր բոլոր հեռուստաընկերությունների նկատմամբ՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, թե նրանք միայնա՞կ են մասնակցել մրցույթին, թե՞ մրցակցային սկզբունքով:
Հանուն արդարության՝ հարկ է նկատել, որ ՀՌԱՀ-ը մինչ այժմ երբեք խոչընդոտներ չէր հարուցել փաստաթղթեր տրամադրելիս: Բայց ահա պարզվեց, որ ուսումնասիրված 3 մրցութային առաջարկներից 2-ում կան թերի փաստաթղթեր, ինչպիսիք կային նաեւ ՙԱ1+՚-ի առաջարկում (որոնք, ի դեպ, հրապարակված են ՀՌԱՀ կայքէջում), եւ որոշակիորեն խստացվեցին առաջարկները պատճենահանելու կանոնները:
Իսկ ՙԿենտրոնի՚ գովազդային պայմանագրերն այս դեպքում առավել էական են, քանի որ չնայած ծրագրում նշված է ՙհիմնադիրների կողմից ակնկալվող ներդրումների՚ մասին, եւ անգամ մանրամասնել են. ՙՆերկայացվող առաջարկի ֆինանսական ապահովման հետ կապված հեռուստաընկերության բաժնետերերի կողմից ընդունվել է նախնական որոշում ընկերության կանոնադրական կապիտալի չափն ավելացնել՝ հասցնելով այն 4,5 մլն ԱՄՆ դոլարի համարժեք դրամի՚, սակայն գործարար ծրագրի հավելվածներում չկա որեւէ փաստաթուղթ, որով կհավաստվեր նման ներդրումների պատրաստակամությունը: Թեեւ իրոք ի՞նչ փաստաթուղթ կարող էր ներկայացվել ՙնախնական որոշման՚ կապակցությամբ: Իսկ ծրագրի համաձայն՝ ՙանհրաժեշտ մյուս ֆինանսական միջոցներն ամբողջությամբ կստացվեն Ընկերության տնտեսական գործունեությունից՚, ու ՙՀեռուստատեսային գործունեության եկամտի հիմնական աղբյուրը կհանդիսանա գովազդային եթերաժամի վաճառքը՚:
Խնդիրը նաեւ այն չէ, որ ՙԿենտրոնի՚ հիմնական սեփականատերը ձեռնպահ է մնացել ինքն իրեն տեղեկանք տրամադրելուց, ինչը, հիշեցնենք, արել էր Հ2-ի սեփականատերը: Գործարար ծրագրում ներառված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհակալագիրը (լուսանկարում) ՙՄուլտի Մեդիա Կենտրոն ԹԻՎԻ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Ադումյանին. ՙՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ՙԿենտրոն՚ հեռուստատեսության ողջ անձնակազմին՝ մեր երկրում սպորտի բնագավառի իրադարձությունները բարձր մակարդակով լուսաբանելու եւ հանրության ամենալայն շերտերին այս ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար՚: Գրեթե տառացի նույն շնորհակալագիրը ՙԿենտրոնին՚ տրամադրել է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Պետրոսյանը:
Մնացածը բարձրագոչ խոստումներ են, որոնք կան մյուս ընկերությունների առաջարկում՝ կան նաեւ ՙԿենտրոնի՚ ծրագրում: Ասենք այսպիսի. ՙՀեռուստաընկերությունը նպատակ ունի ծավալել այնպիսի գործունեություն, որի արդյունքում հայ հեռուստադիտողն իրեն իրապես կզգա համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսացող անկախ երկրի քաղաքացի՚: Հիշեցնենք, որ համանման տողեր կային նաեւ մեկ այլ հեռուստաընկերության մրցութային առաջարկում, որի եթերում իրենց հաստատուն տեղն ունեն Արմենչիկի համերգները:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
No comments:
Post a Comment