Wednesday, February 23, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-4

Երկիր Մեդիա՚ հեռուստաընկերության մրցութային առաջարկում կամ, ինչպես իրենք են այն անվանել` ՙԵթերային հեռարձակման բիզնես ծրագրում՚ նշված է. ՙՀեռուստաընկերությունը հպարտորեն տարբերվում է մյուս ընկերություններից իր եթերում հայրենական արտադրության հեռուստահաղորդումների զգալի ծավալով: Այսօր մեր հեռուստահաղորդումների 90%-ը հայրենական արտադրության է, որի 80%-ը մեր սեփական արտադրության է՚: Նշենք, որ մինչ այժմ մեր ուսումնասիրած բոլոր մրցութային առաջարկներում, թղթի վրա արձանագրվածի համաձայն, ոչ մի հեռուստաընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը 90%-ից պակաս չէ:



ՙՀեռուստաընկերության ձայնային կրկնօրինակման ստուդիայի աշխատանքների սկսելուն պես, նախընտրում ենք ավելացնել հայրենական եւ սեփական հեռուստահաղորդումների ծավալը՚,- խոստացել է ՙԵրկիր Մեդիան՚: Սա էլ մի առանձին անդրադարձի առարկա է: 2000 թվականին ընդունված ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքի համաձայն` օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2005 թվականն էր թույլատրվում օտար լեզվով հեռարձակել գեղարվեստական ու մուլտիպլիկացիոն կինոնկարներ: Դրանից հետո մեր եթերում, ինչպես աշխարհի բոլոր հեռուստաընկերություններում է` պետք է հնչեր միայն մայրենի լեզուն: Սակայն բացառությամբ Հ1-ի` անխտիր բոլոր հեռուստաընկերությունները խախտել են օրենքի այդ պահանջը: Եվ ահա 2010 թվականի վերջին մի հեռուստաընկերություն դեռ նոր է խոստանում սկսել ձայնային կրկնօրինակման ստուդիայի աշխատանքները: Իսկ շատերն ընդհանրապես են լռել այդ մասին:

ՙԵրկիր Մեդիան՚ ժամանցային հեռուստաընկերություն չէ, որ իր եթերը հեղեղում է ցածրարժեք ՙօճառի պղպջակներով՚,- դարձյալ հպարտորեն է արձանագրված այս տարբերությունը մրցութային առաջարկում: Թեեւ ավելի ուշ հիշատակված է, որ իրենց ալիքն էլ է սերիալ ցուցադրել՝ ՙՋու Մոնգ՚-ը, սակայն այն անվանված է ՙեթերում ցուցադրված ամենաբարձրաճաշակ հեռուստասերիալ, որին ոչ մի կերպ չի կարելի ՙօճառի պղպջակ կոչել՚:

Սակայն անդրադառնանք այս ընկերության գլխավոր տարբերությանը մյուս հեռուստաալիքներից. ՙԵրկիր Մեդիայի քաղաքականությունը (աուդիո-վիզուալ մոդելը) շարունակելու է հավատարիմ մնալ Միացյալ Ազգերի կազմակերպության 1946 թվականին ընդունված 59(I) բանաձեւին, համաձայն որի ՙտեղեկատվության ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է՚: Ըստ այդմ, մեր քաղաքականությունն ուղղված է լինելու քաղաքական տեսակետների բազմազանության եւ լրատվության բազմակարծության խթանմանը, ինչը կնպաստի որակապես նոր եւ տարբերակված հաղորդումների հեռարձակմանը՚: Մրցութային առաջարկում շատ մեծ տեղ է հատկացված այս առանձնահատկությանը: Մասնավորապես նշված է. ՙԻրենց ծրագրերով, իրենց գնահատականներով մեր եթերում են թե՜ իշխանության, թե՜ ընդդիմության դաշտը ներկայացնող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Սա միայն մեր գնահատականը չէ: Զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը մոնիտորինգի տակ պահող բազմաթիվ տեղական եւ արտասահմանյան կազմակերպություններ պարբերաբար իրենց զեկույցներում ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերությունը որակել են որպես բազմակարծությունը մեր երկրում կարեւորող հեռուստաընկերություն, հեռուստաընկերություն, որը խտրական վերաբերմունք չի ցուցաբերում որեւէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի նկատմամբ՚:


Որքան էլ ճշմարտացի է այս դիտարկումը` այնուամենայնիվ, այս կապակցությամբ կան նաեւ այլ գնահատականներ. ասենք՝ հիշեցումներ, որ ՙԵրկիր Մեդիան՚ էլ է նույն կերպ հրաժարվում ՀԱԿ-ի հանրահավաքների մասին գովազդային հայտարարությունները (վճարովի հիմունքներով) տարածելուց, ինչպես եւ մնացածները: Իսկ օրերս էլ ՙԼրագիր՚ կայքէջն էր դիտարկումներ ներկայացրել, թե փետրվարի 18-ին ՙԵրկիր Մեդիայի՚ ՙԵրկիրն Այսօր՚ լրատվական ծրագիրն ինչպես ներկայացրեց ՀԱԿ-ի հանրահավաքը` ցուցադրվել էին գերազանցապես կադրեր, որտեղ ընդամենը կամ պաստառներ էին խոշոր պլանով, կամ խոշոր պլանով մարդկանց դեմքեր, կամ էլ միջին պլանով մարդկանց փոքր խմբեր. ՙԵրբ Կոնգրեսի հանրահավաքն այդպես է լուսաբանում որեւէ այլ հեռուստաընկերություն, ամեն ինչ պարզ է ու հասկանալի: Մնացյալները պատկանում են իշխանությանը, այս կամ այն օլիգարխին, գտնվում են Բաղրամյան 26-ի հսկողության ներքո, եւ բնական է, որ հանրահավաքին ցույց են տալիս աչքեր, հոնքեր, քիչ, ականջ, բայց երբեք ոչ բազմություն: Սակայն երբ համանման կերպ է հանրահավաքը լուսաբանում անկախ հեռուստաընկերության համարում ունեցող ՙԵրկիր Մեդիան՚, դա առնվազն տարօրինակ է՚:

Ասվածին ի հավելումն` մեջբերենք ՙԵրկիր Մեդիայի՚ մրցութային առաջարկից հետեւյալը. ՙԽմբագիր՚ հաղորդաշարն անկեղծորեն ուզում է, որ մեր մամուլն առաջնորդվի ՙայնպես, ինչպես կա՚ նշանաբանով եւ ներկայացնի մեզանում տեղի ունեցող իրադարձություններն այնպես, ինչպես կան: Բայց արդյոք այդ կե՞րպ է վարվում մեր մամուլը՚: Փոխադարձաբար՝ տպագիր մամուլի ներկայացուցիչներս էլ անկեղծորեն կցանկանայինք, որ մեր հեռուստաընկերություները տեղի ունեցողը ներկայացնեին այնպես, ինչպես կան: Եվ հաստատ նրանք այդպես չեն վարվում՝ այս առումով գրեթե չկան բացառություններ:

ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերության դիրքը Հայաստանի հեռուստաշուկայում՚ ենթաբաժնից դատելով` այս ալիքն իրեն բացառություն է համարում առնվազն հետեւյալ առումով. ՙԳաղտնիք չէ, որ ներկայումս հայ հասարակությունը տուրք է տալիս զվարճանքին ու ՙթեթեւ՚ հաղորդումներին՚: Սակայն հիշեցվում է, թե ՙտեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց պետք է զարգանա նաեւ մարդը՝ հեռուստադիտողը, եւ ոչ թե դեգրադացիայի ենթարկվի: Պետք է անընդհատ ստանա թարմ, ստուգված հետաքրքիր տեղեկատվություն, եւ ոչ թե ամեն օր նույնը, նույն կերպարներով ու հումորով հագեցած հաղորդումներ ու ֆիլմեր դիտելու արժանանա: Այս բոլոր հակասությունները թվարկում ենք, որպեսզի ցույց տանք ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերության դերը հայկական հեռուստաշուկայում: ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերությունը գիտակցաբար ստանձնել է հայկական հեռուստաեթերում իր բնույթով միակը լինելու դերը: Այն միակն է իր հայեցակետով, քննարկվող թեմաների ընտրությամբ եւ դրանք մատուցելու կերպով: Ինչու գիտակցաբար: Որովհետեւ հեռուստաընկերության աշխատանքային թիմը քաջ պատկերացնում է, որ ներկա պայմաններում, ընդհանուր նույնացման պատկերի ֆոնին լինելու է միակը ու մենակ՚:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, ՙԵրկիր մեդիայի՚ մրցութային առաջարկում նշված է, որ թվային հեռարձակման լիցենզիա ստանալու դեպքում ՙնախատեսել ենք մեր եթերը հարստացնել նոր հեռուստահաղորդումներով` ՙՏյուր՚, ՙԵրկիր Ավետյաց՚, ՙԲաղրամյան 20՚, ՙԵրկիր.AM՚, ՙԿամուրջ. երկրից-երկիր՚: Լուսանկարներն ապացույց են` այդ բոլոր ծրագրերն ուղղակի copy-paste են այն առաջարկից, որը հեռուստաընկերությունը ներկայացրել էր 2003 թվականի մրցույթում, եւ որոնք չիրականացրեց այս ընթացքում:

No comments:

Post a Comment