Հեռուստաընկերության մրցութային առաջարկում, ըստ էության, պիտի լինեն արտոնագրված անձի ընտրության համար ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքով սահմանված 6 չափանիշների պատասխաները: Թիվ 3 մրցույթի մասնակցի՝ ՙՀայկական երկրորդ հեռուստաալիքի՚ մրցութային առաջարկը 3 հաստլիկ հատորներից է բաղկացած, որոնցից մեկում հավելվածներ են՝ տեխնիկական միջոցների տեխանձնագրերը, անցկացված աուդիտի մասին տվյալները եւ այլ փաստաթղթեր: Անգամ կցել են ՙՄաքուր Աջափնյակ՚ ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագիրը՝ ՙՊատվիրատուի տարածքում կուտակված եւ հեռացման նախապատրաստված կենցաղային աղբի եւ բակային տարածքի մաքրումից առաջացած փոշու տեղափոխման՚ վերաբերյալ:
Երկրորդ հատորն ամբողջությամբ վերաբերում է աշխատակազմին, որի մասնագիտական պատրաստվածությունը հավաստելու համար կցել են ամեն տեսակ թղթեր. ասենք, որ լրագրողներից մեկը մասնակցել է ՙՀոգեբուժական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում՚ թեմայով սեմինարի կամ, որ հեռուստաընկերությունն է ստացել շնորհակալագիր ՙանվարձահատույց դոնորության քարոզմանը աջակցելու համար՚: Հատկապես հետաքրքիր էր ՙհամալսարանական իրադարձությունները հաճախ լուսաբանելու համար՚ տրված պատվոգիրը:
Ինչ վերաբերում է երրորդ փաթեթին. հիշեք Հ2-ի եթերից անպակաս Արմենչիկի համերգները, կիսառաբիզ ՙՍիրված երգեր՚ հաղորդաշարը, ՙԲնակարան համար 2՚ սերիալը, ՙԱնեկդոտ շոու՚ կամ նման հաղորդումները եւ կարդացեք մրցութային առաջարկում ամրագրված հետեւյալ տողերը. ՙՀեռուստաընկերությունը փորձել է եւ, մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում, շարունակելու է փորձել խորքային եւ հիմնավոր լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք բխում են նախեւառաջ հասարակության, ազգի, պետության ու պետականության շահերից, շարունակելու է փորձել ձեւավորել հասարակական այնպիսի կարծիք, որն անհրաժեշտ եւ բավարար մթնոլորտ կստեղծի հայրենիքում ապրելու եւ արարելու հողի ձեւավորման համար: Շարունակելու ենք փորձել նպաստել հասարակության աշխարհայացքի ձեւավորմանն ու աշխարհընկալմանը՚: Սա դեռ ամբողջը չէ. ՙՀեռուստաընկերությունն արտադրում է եւ նպատակ ունի արտադրել այնպիսի հաղորդումներ, որոնց օգնությամբ հեռուստադիտողն իրեն իրապես կզգա համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսացող անկախ երկրի քաղաքացի, այնպիսի հաղորդումներ, որոնք նպաստում են եւ կնպաստեն հասարակության հոգեւոր վերելքին եւ գեղագիտական դաստիարակությանը՚:
Հ2-ն, իր համոզմամբ, ՙստեղծել եւ ստեղծելու է՚ այնպիսի հաղորդումներ, որոնք ՙհեռուստադիտողին հաղորդակից կդարձնեն համաշխարհային մշակութային եւ համամարդկային արժեքներին, ազգային ավանդույթներին, հայոց պատմությանը եւ ընդհանրապես հասարակական կյանքին՚: Եվ խոստանում են, որ հետագայում էլ դրվատելու են ՙազգային միաբանության, ինքնության, պետականության ու ազգային իղձերի մարմնավորում հանդիսացող գաղափարները, խորհրդանիշերը, ստեղծագործություններին ու հերոսներին՚:
Հ2-ը հանգամանալից ներկայացրել է իր ծրագրերը: Ասենք՝ ՙԼրաբերի՚ մասին նշված է. ՙԹողարկումներն առավոտյան սկսվում են բարեւով, հետո՝ անոնսով: Անոնսը գրում է մեկ մարդ, որպեսզի լեզուն եւ ոճը մշտապես նույնը լինեն՚: Նաեւ, որ ՙԼրաբերը՚ վերջին տարիներին մի փոքր հեղափոխական քաղաքականություն որդեգրեց, եւ որոշեց օգտագործել սեփական միջազգային փորձն ու մարդկային ռեսուրսը: Այսպես, փոխվեց առաջին հերթին լրատվության լեզուն, ապա նաեւ ոճը: Ամերիկյան հեռուստաընկերություններում ոճը, որով խոսում ու գրում է ՙԼրաբերը՚, կանվանեին նեովիզուալ բառամթերք՚: Կամ բացահայտված է, որ հեդլայները ՙնույնպես գրում է միեւնույն մարդը, եւ մշտապես օգտագործվում է բառային սիմվոլիկան՚:
Եվ վերջապես՝ ազդարարված է. ՙԼրաբերում՚ բոլորը փորձված են՚՝ այստեղ աշխատում են ՙհետխորհրդային Հայաստանի ամենահին կին հաղորդավարը, ամենագրավիչ տղամարդ հաղորդավարը՚: Բավական կասկածելի գովասանք է ՙամենահին կին՚ լինելը: Իսկ ամենագրավիչ տղամարդ լինելը թերեւս շեշտել են, քանի որ ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքի նոր խմբագրության հեղինակները վստահեցնում էին, որ հեռարձակման մրցույթները նման են գեղեցկության մրցույթների: Այսքանով չեն ավարտվում ՙԼրաբերի՚ թղթակիցների արժանիքները. ՙԿան լրագրողներ, որոնք ՀԵՆՑ ԻՐԵՆՔ ՆՍՏՈՒՄ եւ մոնտաժում են իրենց տեսանյութը՚:
Մի քանի մեջբերումներ անենք այլ հաղորդումների վերաբերյալ շարադրանքից, որոնք պատկերացում կտան, թե նաեւ ինչպես է լցվել Հ2-ի փաթեթի այս մի հատորը: ՙ4-րդ ստուդիայի՚ վերաբերյալ նշված է, որ դրա ՙտաղավարում հյուրընկալվում են նաեւ ընդդիմադիր թեւի ամենակրակոտ անդամները՚: ՙԲարի լույս Հայաստան՚ ծրագրի մասին գրված է. ՙՀ2-ի բարի լույսը կարող է դիտել ցանկացած հայ տղամարդ եւ չթաքցնել այդ փաստը՚: ՙՄագավտո+՚ հաղորդաշարի հեղինակ- վարող Մագայի մասին՝ ՙՆա սիրահարվեց մեքենային, ինչպես տղամարդը, եւ որոշեց հաղորդում անել տղամարդկանց համար՚, ու նաեւ՝ ՙԱռաջին հայացքից փխրուն թվացող ավտոսեր այս կինն ինքնաթիռով գնաց ավտոմրցույթների ետեւից՚: ՙՉէին սպասում՚-ի մասին. ՙՀաղորդման բրենդը՝ հեղինակներ Դավիթը եւ Սուրենը պարզապես հաղորդավար եւ օպերատոր չեն. նրանք վաղուց արդեն ձուլված են իրար՚: ՙՔաղցած չէին սպասում. սա Դավիթի եւ Սուրենի նոր հաղորդաշարի անունն է, որը եթեր է դուրս գալիս ՙՉէին սպասում՚-ին զուգահեռ. այս անգամ արդեն տղաները բախում են հայտնիների դռները եւ նրանցից ուտելիք ուզում՚: ՙԻնչ եփել այսօր. սա վաղուց արդեն ոչ թե այն հիմնական հարցն է, որ տալիս են հայ կանայք տալիս են իրենք իրենց՝ արթնանալուն պես, այլ նաեւ խոհանոցային ժանրի հաղորդման վերնագիր, որը մի քանի տարի է՝ Հայկական երկրորդի եթերում է՚:
Եվ վերջապես՝ մրցութային առաջարկում ծավալ են ապահովել նաեւ այսպիսի նկարագրությունները, թե 1,7 հա տարածքով պտղատու այգի ունեն, ՙորտեղ ազատ ժամին իրենց հանգիստն են անցկացնում Հ2-ի աշխատակիցները՚: Ներառել են լուսանկարներ, որտեղ պատկերված են Հ2-ի ոչ միայն սրճարանները, այլ անգամ զուգարանները, եւ այդ տարածքում առկա բանկոմատները՝ հատ առ հատ:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Այս փաթեթում բավական թափանցիկ ակնարկներ կան գործընկեր հեռուստաընկերությունների հասցեին՝ ասենք, թե իրենց եթերում բացառված է եղել ՙքրեական ապրելակերպի դրվատում պարունակող հեռուստաարտադրանքի մատուցումը՚, կամ ՙՀ2-ն այն եզակի հեռուստաընկերություններից է, որը տուրք չտալով այլ ընկերությունների ռեյտինգային մրցավազքին՝ չարտադրեց սերունդ փչացնող հեռուստասերիալներ ու հաղորդումներ: Այսուհանդերձ՝ Հ2-ին հաջողվեց ետ չմնալ հեռուստատեսության սկզբունքներին հակասող գործելաոճով ռեյտինգ հավաքող ընկերություներից եւ կայուն 4-րդ տեղը զբաղեցնել ռեյտինգային աղյուսակներում՚: Որպեսզի ակնհայտ լինի, թե ում են վերաբերում այս ակնարկները՝ հիշեցնենք, որ առաջին 3 տեղերը զբաղեցնում են ՙԱրմենիան՚, ՙՇանթը՚ եւ Հ1-ը:
No comments:
Post a Comment