ՙՇանթի՚ ղեկավար Արթուր Եզեկյանը |
"Շանթին" լսելը ըդիկ նույնն է, ինչ-որ մաշկիդ վրա զգաս՚,- այս կարծիքը ներառված է հեռուստաընկերության մրցութային առաջարկում, որը չի պարունակում այնպիսի խախտումներ, ինչպես "Արմենիան", եւ քանի որ արդեն այսօր "Առավոտում" հրապարակվել է` նշեմ, ինչպես նաեւ "Հայկական երկրորդ հեռուստաալիքի" մրցութային փաթեթը: Բայց այնուամենայնիվ որոշ նրբերանգներ կան:
Թիվ 2 մրցույթի միակ մասնակիցը՝ ՙՇանթ՚ հեռուստաընկերությունն իր առաջարկում ներկայացրել է բավական հավակնոտ ծրագրեր. ՙՄոտակա 10 տարիների ընթացքում պլանավորվում է դարձնել ՙՇանթը՚ համահայկական, միջազգային ճանաչում ունեցող հեռուստաընկերություն: Հաստատվել միջազգային հեռուստաշուկայում՝ որպես հեռուստածրագրեր եւ ֆորմատներ մատակարարող ընկերություն: Ներկայացնել աշխարհում Հայաստանն ու հայ ժողովրդին արժանավայել եւ պատշաճ կերպով՚:
Անդրադարձ կա հեռուստաընկերության անցած ուղուն. ՙՏարածաշրջանի առանց այն էլ անհաղթահարելի տնտեսական դժվարություններից բացի՝ ՙՇանթը՚ ստիպված եղավ հաղթահարել նաեւ մի շարք արհեստականորեն ստեղծված դժվարություններ, որոնցից յուրաքանչյուրն էլ կարող էր ճակատագրական դառնալ ՙՇանթի՚ գոյության համար:
Տեղական հարկային մարմինների ստուգումները 1996 եւ 1998 թվականներին, որոնցից յուրաքանչյուրը տեւեց շուրջ 1 տարի՝ արգելափակելով ֆինանսական հոսքերը եւ երկու դեպքում էլ հնարավոր եղավ հաղթահարել միայն Հանրապետական Հարկային տեսչության միջամտության շնորհիվ:
1999 թ դեկտեմբերին Ամանորի օրերին Կապի նախարարության եւ Գյումրիի հեռուստահաղորդիչ կենտրոնի նախաձեռնությամբ հեռարձակման անջատումը շուրջ 10 օրով վարձավճարի գանձման պատրվակով: Վարձավճարի անհավանական բարձր սակագինը մարզային հեռուստաընկերությունների համար հետագայում վերանայվեց միայն ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ուսումնասիրություններից հետո՚: Այս տողերը կարդալիս ՙչարյաց փոքրագույնը՚ սկզբունքով երանի ես տալիս, որ եղել են ժամանակներ, երբ եթե իշխանության մի թեեւը նեղում էր ԶԼՄ-ին՝ գտնվում էին իշխանական այլ մարմիններ, որոնք նաեւ պաշտպանում էին նրան: Հետագա տարիներին իշխանությունը դարձավ այնքան միատարր, որ ո՜չ ՙԱ1+՚, ո՜չ ՙԳալա՚-ին նման աջակցություն ցուցաբերելու հանդգնություն չունեցավ պետական որեւէ կառույց:
Իր ներկա լրատվական քաղաքականությունը ՙՇանթը՚ բնորոշել է այսպես. ՙԻր ուղղվածությամբ ձգտում է պետականամետությունը համատեղել անկողմնակալության հետ՚: Նաեւ վստահություն է արտահայտված. ՙԱյժմ թե՜ տեխնիկական, թե՜ տաղավարային, թե՜ լրատվության մատուցման ընդգրկունության եւ թե՜ մյուս իմաստներով՝ ՙՇանթի՚ լրատվությունը հարում է համաշխարհային հեռուստատեսային առաջատարների չափանիշներին՚: Հուսանք, որ երբ հեռուստաընկերության լրատվությունը ոչ միայն կհարի, այլ նաեւ կհամապատասխանի համաշխարհային չափանիշներին՝ ՙՇանթի՚ լրատվության համար չեն լինի արգելված թեմաներ կամ գործիչներ:
Հեռուստաընկերության մրցութային առաջարկում բավական ստվար ծավալ է կազմում թեկուզ եւ հիմնավոր, բայց ինքնագովազդը. անգամ ներառել են ՙՇանթի՚ 15-ի ամյակի առիթով հայտնած կարծիքների սղագրությունը: Եվ առաջինը մեջբերված է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի գնահատականը, հետո նոր, ասենք, Միխայիլ Շվիդկոյի կամ Հրանուշ Հակոբյանի կարծիքները: Սակայն ավելի ուշագրավ են, ինչպես ձեւակերպված է՝ ՙպատահական քաղաքացիների՚ կարծիքները. Երեւանից՝ ՙՄարդկային բոլոր հատկանիշները ունի՚, ՙԿայացած ա…՚, Լոս Անջելեսից՝ ՙՇատ աղվոր օրգանիզեյշն է, շատ աղվոր կազմակերպված է, շատ աղվոր փրոգրամներ ունի՚, ՙԱմեն ինչը լավա, նյուզ շատ լավա, էտ կինոները շատ լավա, իսկապես լավա՚, Գյումրիից՝ ՙՇանթին լսելը ըդիկ նույնն է, ինչ-որ մաշկիդ վրա զգաս՚, ՙՆախաձեռնող ջիղ ունի իր մեջ՚, Արմավիրից՝ ՙԸնդհանրապես ես ինչքան միացնեմ, ՙՇանթն՚ եմ միացնում (երեկոյան կողմ ենք էլի միացնում)՚, Գավառից՝ ՙԱռողջ, առողջ դաստիարակչական նպատակներ է հետապնդում՚ եւ այլն: Մնում է գուշակել, թե այս ամենն ինչպես է առնչվում ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքի համաձայն հաղթողին որոշելու չափանիշներին:
Մեջբերենք ներդրումային ծրագրից. ՙ10 տարիների ընթացքում նախատեսվում է կատարել հետեւյալ կապիտալ ներդրումները՝ շենքային պայմանների ընդարձակման եւ բարեկարգման նպատակով 2 մլն ԱՄՆ դոլար, տեխնիկական վերազինման նպատակով՝ 5 մլն դոլար, մասնագետների վերապատրաստման համար՝ 500 հազար դոլար, արտաքին շուկայում մարքեթինգային նպատակների համար, 500 հազար դոլար՚: Չնայած ՙՇանթի՚ բաժնետերերի փոփոխության վերաբերյալ զանազան լուրերին՝ առաջարկում նշված է. ՙԸնկերությունն իր ինքնուրույնության պահպանման նպատակով գերադասեց իր միջոցները վաստակել միայն սեփական աշխատանքով, առանց արտաքին հավելյալ միջոցներ ներգրավելու, չնայած տարբեր ժամանակաշրջաններում ունեցած ֆինանսական եւ տեխնիկական դժվարություններին՚: Եվ վերոնշյալ ներդրումներն էլ ՙկատարվելու են աստիճանական, սեփական միջոցներով, համաձայն ֆինանսական պլանավորման: Առավել հրատապ դեպքերում նախատեսվում է նաեւ վարկային միջոցների ներգրավում՚: Որեւէ ֆինանսական փաստաթուղթ կցված չէ՝ միայն շուկայի վերլուծություն է, ըստ որի առաջիկա 10 տարիներին սպասվում է ընկերության եկամուտների աճ մասնավորապես ներքին շուկայում գովազդին հատկացվող միջոցների աճի շնորհիվ եւ միջազգային շուկայում արտադրանքի իրացմամբ:
Ի՞նչ հիմքեր ունի ՙՇանթը՚ հուսալու, թե գովազդին հատկացվող միջոցներն աճելու են, մանավանդ այն պայմաններում, երբ հենց առաջարկում են նշված տվյալներ, որ թեեւ 2008 թվականի դեկտեմբերին ՙՈրոգայթ՚ սերիալի ընթացքում գովազդի ցուցադրման գները հասել են ռեկորդային ցուցանիշի՝ 360 հազար դրամի, սակայն դրանից հետո խիստ նկատելի անկում է եղել. ՙԳովազդային շուկայի զարգացման այս տենդենցն ընդհատվեց միջազգային ֆինանսական ճգնաժամի պատճառով: 2009-ի ընթացքում գովազդի գներն ու գովազդային միջոցներն ընդհանուր առմամբ ունեցան որոշակի անկում՝ մինչեւ 70 հազար-150 հազար դրամ՚: Հիմա ՙՇանթն՚ ակնկալում է գովազդային եկամուտների աճ՝ ՙի հաշիվ տնտեսական աճի, որն անխուսափելի է ճգնաժամային անկումից հետո՚: Այդ անխուսափելիությունը գոնե առայժմ կատարված միարժեք փաստ չէ:
Ներդրումային ծրագրի մեկ այլ հիմնավորման՝ միջազգային շուկայում արտադրանքի իրացման նախադեպ ՙՇանթն՚ ունի՝ ռուսական ՙՍենթրալ Փարթներշիփ՚ ընկերությունը գնել է ՙՈրոգայթ՚ սերիալի ռուսական տարբերակը ստեղծելու իրավունքը, եւ նշվում է, թե ներկայումս քննարկվում են նաեւ այլ երկրներում այն ադապտացնելու հնարավորությունները. ՙԱռաջիկա տարիներին ֆորմատի արտահանումը լինելու է միջազգային շուկայում ՙՇանթի՚ հիմնական իրացման ենթակա ուղղություններից մեկը՚:
Նկատենք, որ այս ամենում այնուամենայնիվ որոշակի ռիսկ կա՝ ինչպես հեռուստաընկերության մրցութային առաջարկում ամրագրված մեկ այլ խոստման մեջ՝ շոու ծրագրերին ավելի մեծ փայլ տալու համար ՙԳալահամերգներից մի քանիսին, հատկապես եզրափակիչ համերգին, հրավիրել հանրահայտ աստղերի՝ Սերժ Թանգյան, Իրինա Ալեգրովա, Զառա եւ այլն՚: Պարզ հարց է առաջանում՝ բա որ չգա՞ն: Կամ ավելի լուրջ հարց՝ իսկ եթե տնտեսական աճ այդպես էլ չլինի՞ եւ դրա հետեւանքով նաեւ՝ գովազդների աճ, արդյոք այդ դեպքում կարելի՞ է հիմնավորված համարել ներկայացված բիզնես ծրագիրը: Հիշեցնենք, որ օրենքի համաձայն՝ բիզնես ծրագրի հիմնավորվածությունը եւս պիտի գնահատվեր ՀՌԱՀ-ի կողմից:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Դե՝ պետականամետի են մարդը, ով իրանց հասկացածով 1 դեմքով ներկայացնում է համ պետականը, համ դրա մետը, փողը կտա... հո չի թողնի, որ «Շանթի» նման աղվոր օրգանիզեյշնը միամիտ օբյեկծիվ դառնա ու սկսի իրեն քֆրտել
ReplyDeleteԲայց դու զգում ես, Արթուր ջան, թե մեր բոլոր հեռուստաընկերություններն իրենց մասին ինչ ահավորագույն բարձր կարծիքի են?
ReplyDeleteԱննա ջան, էս «ահավորագույն»-ը ն ո՞ր գույների միացությունից է:)
ReplyDeleteGoogle-ում փնտրեցիա այս բառը, 2 հատ գտնվեց, մեկը` քո գրածն էր, մյուսն էլ Մուրացանի (Անդրեաս Երեց) :)))
Վահագ ջան, նույն տրամաբանությամբ` առավելագույնն էլ է գույների միացություն: :)
ReplyDeleteՀիասթափեցրիր. ես էլ գիտեի սա իմ նորաբանությունն է հայերենում: Պարզվեց, Մուրացանն ինձնից առաջ է անցել: :)
Ի դեպ, տղաս ինձ փոքր ժամանակ ասում էր` մամա, ամեն ինչ մոռանում ես, ոնց որ Մոռացանը լինես
Ուրեմն ես ինտերնետին Freebox-ի միջոցով եմ միանում: Սա միանգամից 3 ծառայություն (1. ինտերնետ: 2. հեռախոս` 40-ից ավելի պետություններ անվճար զանգելու հնարավորությամբ (դրանց թվում նաև` Վրաստան, Ռուսաստան, բայց ոչ Հայաստան) ԱՄՆ և Կանադա նաև բջիջայիններն էլ են անվճար): 3. Հեռուստատեսություն
ReplyDelete(Ի դեպ, այս 3 ծառայությունների ընդհանուր վարձավռարը ամսական 29,90€ է)
Հա, որպեսզի սխալված չլինեի, հենց նոր ստուգեցի TV-ների քանակը: Այս պահի դրությամբ կարող եմ աշխարհի 291 որակեալ ու անվորակ հեռուստաընկերությունների հաղորդումները անվճար դիտել: Վերջիններիս թվում նաև` Հ 1 ու «Արմենիա»: Իսկ Շանթը վճարովի է: Ու շատ թանկ: Համեմատության համար ասեմ, որ Ֆրանսիայում միջազգային մակարդակով ամենահարգի «Canal+»-ը, որը իր մեջ թվով 6 հեռուստատեսության հաղորդումներ է պարունակում (Canal +, +Cinema, +Sport, +Info, և այլ), որոնց ընդհանուր գինը 9,90€ է, իսկ Շանթի-ի ամսական արժեքը 4€:
Կարծում եմ բերածս օրինակից հետո կարող ենք ասել`
ՇԱԱԱՏ ԱՀԱՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐ ԿԱՐԾԻՔԻ ԵՆ