Showing posts with label հեռուստաընկերություններ. Show all posts
Showing posts with label հեռուստաընկերություններ. Show all posts

Monday, July 18, 2011

ԱՄԵՆԱՊԱՏՎԱՎՈՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ՍՏԱՑԱԾ ՄՐՑԱՆԱԿՆ Է

Ես այսօր երկրորդ անգամ արժանացա Երեւանի մամուլի ակումբի մրցանակին: 
Առաջին անգամ արժանացել էի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները լուսաբանելու համար, իսկ այժմ ահա հեռուստահեռարձակման արտոնագրման անցած տարի ավարտված մրցույթներին ներկայացված հայտերի մասին իմ հոդվածաշարի համար: Հոդվածաշարի առանձին մասեր հրապարակել եմ նաեւ իմ բլոգում: 
Այս մրցանակաբաշխությանն անդրադարձել են Մարդիկ, Ռիփորթ, Թերթ, News, Ա1+ կայքէջերը, Ազատություն ռադիոկայանը եւ  168 ժամ թերթը: 



Saturday, June 11, 2011

ԵՐԲ ԶԳԱՑԻՔ, ՈՐ ԱՍՏԾՈ ԱՐԱՐԱԾ ԵՔ

Գրեթե ամեն անգամ, երբ ինձ հեռուստաընկերություն են հրավիրում հարցազրույցի` մի պատմություն լինում է:

Ասենք, մի անգամ կանչել էին ՀՀԿ-ի մասին կարծիքս ասելու` ֆիլմ էին նկարում: Ես մեջբերեցի Աշոտ Նավասարդյանի խոսքերը, թե "Հանրապետական կուսակցություն գալիս են տալու` առողջությունը, ընդունակությունները, կյանքը եւ ամենակարեւորը` ոգին, այստեղ վերցնելու, ստանալու ոչինչ չկա, ով որ որեւէ բան ստանալու ակնկալիք ունի` կարող է հենց հիմա հեռանալ": Շատ ակնհայտ էր, թե ՀՀԿ հիմնադիրի այս խոսքերը որքան չեն համապատասխանում իշխանության կուսակցությանը: Դա հասկացել էին նաեւ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, եւ խոսքս կրճատել էին: Ստացվել էր ավելի զվարճալի մի բան. "Հանրապետական կուսակցություն գալիս են տալու": Ի դեպ, այդ ֆիլմը ցուցադրվել է ՀՀԿ-ի քսանամյակի տարեդարձի հանդիսավոր արարողության ժամանակ, եւ բոլոր հրավիրյալ բարձրաստիճան հանրապետականները լսել են դա:

Tuesday, April 12, 2011

ՀՌԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ

"Առավոտ" օրաթերթում տպագրված "Այդպիսին են հաղթողների առաջարկները" եւ "Նրանք հեռարձակելու են մարզերում" իմ հոդվածաշարերում, որոնցից մի քանիսը տեղադրել եմ նաեւ այս բլոգում` հանգամանալից անդրադարձել եմ այն թերություններին, որոնք նկատել եմ` ուսումնասիրելով թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակման համար հայտարարված մրցույթների մասնակից հեռուստաընկերությունների փաթեթները: Ահա թե դրանց կապակցությամբ մեր հարցազրույցում ինչ պարզաբանումներ է տվել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:
Ըստ դրանց` ստացվում է, որ չնայած "Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին" օրենքին` իրականում ոչ ֆինանսական հավելյալ փաստաթղթեր էր պետք ներկայացնել` բիզնես ծրագրի հիմնավորվածությունն ապացուցելու համար, ոչ էլ անձնակազմի մասին անվանական տվյալներ` նրանց մասնագիտական պատրաստվածությունն ապացուցելու համար:
Ա1-ն էր սխալ, որ ներկայացրեց նման փաստաթղթեր ու ընկավ կրակը:

Friday, April 1, 2011

Մրցութային առաջարկներն արտագրե՞լ են իրարից

Երբեւէ առիթ չենք ունեցել դիտելու 1992-ից Ստեփանավան քաղաքում հեռարձակվող «Ֆորտունա» ՍՊԸ-ի հաղորդումները, որն այժմ մրցույթում հաղթելով՝ հնարավորություն է ստացել թվային հեռարձակման ցանցի միջոցով սփռվել ողջ Լոռու մարզում: Այդ բացը փորձեցինք լրացնել նրանց կայքէջի՝ միջոցով, որի վերաբերյալ մրցութային առաջարկում նշված է. «Այսօր աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած կազմակերպություն կամ անհատ կարող է ծանոթանալ Ստեփանավանում տեղի ունեցող ամենօրյա իրադարձություններին այդ ինտերնետային էջից»: Ցանկացած անհատ հավաքելով www.fortuna.am հասցեն, ինչպես եւ մեզ հետ պատահեց երեկ՝ կտեսնի, որ այդ էջը դատարկ է:

«Գրանդ» խումբն ունի եւս մի կապուղի

Մրցույթից անմիջապես առաջ՝ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին էր գրանցվել «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն, որի մասնակիցների ցուցակում են Երեւանի բնակիչներ Աիդա Սարիբեկի Ղազարյանը՝ 51%, եւ Սամվել Սերյոժայի Սահակյանը՝ 49%: Թեեւ վերջինիս մասնաբաժինը փոքր-ինչ ավելի համեստ է՝ մրցութային առաջարկում հետո նշված է. «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ի ներդրումային եւ զարգացման ծրագիրը իրականացվելու է ընկերության հիմնադիր Սամվել Սահակյանի միջոցներով»:
Իսկ «Տավուշ ՏՎ»-ի գործարար ծրագրի համաձայն՝ «Ընկերության հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ներդրումային գումարը կազմում է 90 մլն դրամ»: Արտոնագիր ստանալուն հաջորդող 6 ամիսների ընթացքում արվելիք այս ներդրումները հիմնականում ուղղվելու են «ժամանակակից տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ձեռքբերմանը»:
Թե ովքեր են այս անձինք եւ ինչ շահագրգռություն ունեին թվային հեռարձակում իրականացնելու Տավուշի մարզում՝ մեզ համար պարզ չէր, մինչեւ մրցութային առաջարկի հավելվածներում չընթերցեցինք «Գրանդ կոմերց» ՍՊԸ-ի մասնակիցների՝ 2010 թվականի ապրիլի 11-ին կայացած տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցների արձանագրությունը: Իսկ մասնակիցներն ընդամենը 2-ն են՝ 70% բաժնեմասով՝ Հրանտ Վարդանյանը, եւ 30% բաժնեմասով՝ Սամվել Սահակյանը: Եվ այստեղ վերջապես նույնականացրինք, որ Սամվել Սահակյանն ԱԺ նախկին պատգամավորն է՝ «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:

Ըստ այդմ՝ նախամրցութային պայմանավորվածություններով զրկվելով իրենց տնօրինած նախկին 2 կապուղիներից մեկից, որով հեռարձակում էին իրականացնում հանրապետության տարածքում՝ Հրանտ Վարդանյանի ղեկավարած «Գրանդ» խումբը ստացել է «խրախուսական մրցանակ»՝ հեռարձակում իրականացնելու հնարավորություն Տավուշի մարզում, որտեղ, հիշեցնենք, այս խումբը ծավալում է գյուղատնտեսական գործունեություն, եւ որտեղից պատգամավոր է ընտրվել պրն Վարդանյանի որդին՝ Միքայելը:
Ամբողջությամբ

Thursday, March 31, 2011

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՅՍՊԻՍԻՆ ԷԻՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

էլ ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում անել: Այս փաստաթղթերն էլ Հայ ԹիՎի-ի մրցութային առաջարկից են: Եվ դեռ այսքանից հետո ՀՌԱՀ-ը դատարանում խոսելու է «Ա1+»-ի փաթեթում առկա որոշ փաստաթղթերի մասին...

Wednesday, March 30, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-11

Մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք «Ա1+»-ի մրցակից «Արմնյուզ» ՓԲԸ-ի մրցութային փաթեթում առկա 6 պայմանագրերը, որոնցից եւ ոչ մեկը համապատասխան ձեւով կնքված ու ստորագրված չէր: Այսքանով չեն սպառվում «Արմնյուզի» թերի փաստաթղթերը, ընդ որում՝ եւս մեկ անգամ ենք շեշտում, որ ՀՌԱՀ-ի անդամները, որոնք «Ա1+»-ի առաջարկում առկա թերությունների մասին ազդարարեցին ասուլիսում եւ հարցազրույցներում՝ մինչ այժմ ծպտուն անգամ չեն հանել «Արմնյուզի» փաթեթում առկա առոչինչ փաստաթղթերի մասին: 

Sunday, March 27, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-10

Ահա եւ հասանք մրցութային գործընթացի թերեւս ամենահետաքրքիր մասնակցին՝ ՙԱրմնյուզ՚ ՓԲԸ-ին, որը մայրաքաղաքային սփռման, միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման թիվ 11 մրցույթի հաղթողն է: Իսկ ՙԱրմնյուզը՚ հետաքրքիր է առավել այն իմաստով, թե արդյոք նրա ներկայացրած առաջարկն անբի՞ծ է՝ իր մրցակից ՙԱ1+՚-ի համեմատ, որին ՀՌԱՀ-ը մեղադրեց թերի կամ ակնհայտ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ:

Միանգամից ասենք՝ ՙԱրմնյուզի՚ առաջարկը մղոններո՛վ է հեռու անթերի համարվելուց: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այս հեռուստաընկերությունն էլ է հաղթողի ընտրության համար կարեւոր չափորոշիչներից մեկը՝ իր տեխնիկական միջոցները ներկայացրել ուղղակի ինտերնետից ՙքաշած՚ նկարներով ու տեքստերով: Այս հնարքը հատկանշական է նաեւ այլ հեռուստաընկերությունների մրցութային առաջարկների համար:

Wednesday, March 9, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-7

"Երեւան՚" հեռուստաընկերության մրցութային առաջարկում հայրենական արտադրության հաղորդումների ծավալի վերաբերյալ նշված երկու տարբեր թվերից ՀՌԱՀ-ը հիմք է ընդունել այն մեկը, որը նրան առավելություն էր տալիս մրցակցի նկատմամբ:

Մինչ այժմ բոլոր հեռուստաընկերությունները, որոնց առաջարկները ներկայացրել ենք՝ միայնակ էին մասնակցել մրցույթներին: Երիտասարդական ուղղվածության թիվ 8 մրցույթն առաջինն է, որի մասնակիցները երկուսն էին՝ ՙԵրեւանն՚ ու ԱԼՄ-ն: Դիտարկենք, թե ինչ առավելություններ ուներ ՙԵրեւան՚-ի առաջարկը:

Tuesday, March 8, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ- 6

Ա-ԹԻՎԻ՚-ի մրցութային առաջարկից դատելով` բավական նվազ է հեռուստաընկերության թե’ սեփական հաղորդումների, թե’ մասնագիտական սեփական աշխատակազմի պաշարը: Իսկ բիզնես ծրագրի հիմնավորվածությունը հավաստող եւ ոչ մի փաստաթուղթ կցված չէ մրցութային առաջարկին:

Մայրաքաղաքային սփռման, ժամանցային ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 7 մրցույթի (չենք անդրադառնում թիվ 6` PTP-ի վերահեռարձակման մրցույթին) մասնակցի` ՙԱ-ԹԻՎԻ՚-ի մրցութային առաջարկում, որն անվանել են բիզնես ծրագիր` այս հեռուստաընկերությունը ներկայացվում է որպես անվանափոխված ՙԱրմենԱկոբ-ԹԻՎԻ՚ ՍՊԸ-ի իրավահաջորդ: Հայտնի է, որ, ինչպես եւ ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության պարագայում էր` սա էլ է ընդամենը հնարք. այս դեպքում էլ է ոտնահարվել ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքի հետեւյալ պահանջը. ՙՀեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի՚:

Saturday, March 5, 2011

ԿՅԱՆՔԻՍ ԱՄԵՆԱՈՒՐԱԽ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ. ԱՊԱՐԱՆ ԹԻՎԻ

Այս մասին արդեն գրել է Սամվել Մարտիրոսյանը, որի եւ Աննա Բարսեղյանի հետ միասին ներգրավված էինք Երեւանի մամուլի ակումբի այլընտրանքային լրատվամիջոցների վերաբերյալ մի ծրագրում: Այն ժամանակ ես բլոգ չունեի, ուստի չէի կարող հրապարակել այս տեսագրությունը:

Չնայած իմ թախանձագին խնդրանքներին, որ ուղարկվի հաղորդման ամբողջական տեսագրությունը` Ապարան ԹիՎԻ-ի ղեկավարը, մեկ է, ուղարկեց մոնտաժված տարբերակը, ուստի մի թեթեւ բացատրեմ, թե կադրում ինչ է կատարվում:
Որ պարզ դառնա, թե ինչու ես հենց սկզբից փլվեցի, լսելով "Այսօր Ապարանի հեռուստատեսության հյուրերն են"` պետք է տեսնեք, թե ինչ էինք տեսնում մենք` երկտեղանի մի մահճակալ: Մենք հենց ներս մտանք այդ "տաղավարը"` ես հետաքրքրվեցի, թե հատկապես որտեղ է լինելու նկարահանումը: Տանտերը, որը նաեւ հեռուստաընկերության ղեկավարն ու օպերատորն էր` հարցրեց. "Բայց դու ինչ գործ ունես իմ կնգա կռավաթի հետ": Համաձայնեցի` ոչ մի գործ չունեմ, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է` ով է "այլ պայմաններում" նստում այնտեղ, որտեղ մենք էինք նստած: Տպավորությունն այն է, որ այդտեղ նստողները նաեւ պիտի գնահատականներ բարձրացնեին` տեխնիկայի, արտիստիզմի եւ այլնի համար:


Wednesday, March 2, 2011

Հեռարձակման մրցույթներ փաստացի չեն եղել

2011 թվականի հունվարի 26-ին «Հրապարակ» օրաթերթում հրապարակվեց հետեւյալ հարցուպատասխանը «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանի հետ
- Որոշ ժամանակ առաջ խոսք էր գնում, որ Ձեր հեռուստաընկերությունը՝ «Ար»-ը, պետք է փակվի: Ինչ-որ համաձայնության եկա՞ք, ինչ-որ հարցեր լուծվեցի՞ն, որ չփակվեց հեռուստաընկերությունը:
- Չէ, տենց խոսք չկար կոնկրետ «Ար»-ի մասին: Ուղղակի կար որոշում, որ երկու հեռուստաալիք ոնց որ թե համարվում էր շատ, կամ չգիտեմ իրենք ոնց էին համարում: Մեզ ընդամենը թույլ տվին մի հեռուստաընկերություն ունենալ, որի մեջ խտացրինք երկու հեռուստաալիքների հաղորդումները:
- Ասել է թե՝ «Հայրենիքն» այլեւս չի՞ լինելու եթերում:
- Երկուսն էլ լինելու են: Ցերեկվա ժամերին լինելու է «Հայրենիքը», երեկոյան ժամերին՝ «Ար»-ը:

Ընդամենը մի քանի տող, որոնցում կա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի առնվազն մի քանի խախտումների մասին վկայություն:

Monday, February 28, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ- 5

Բավական ուշագրավ մանրամասներ կարելի է իմանալ՝ ընթերցելով հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները: Այսպես պարզեցինք, որ լուծարվել է ՙՇարմ՚ ՓԲԸ-ն: ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության, ինչպես իրենք են այն անվանել՝ գործարար ծրագրի սկզբում նշված է. ՙՄուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻՎԻ՚ ՓԲԸ-ն (նախկին ֆիրմային անվանումը ՙՇարմ՚ ՓԲԸ) իրավաբանական անձ համարվող, շահույթ ստանալու նպատակ հետապնդող առեւտրային կազմակերպություն է՚: ՙՇարմ՚-ի գործադիր տնօրեն Հրանտ Թոխատյանը մեր հարցմանն ի պատասխան հաստատեց՝ այո՜, ՙՇարմ՚ ՓԲԸ-ն լուծարվել է, ստեղծվել է ՙՇարմ՚ Հոլդինգը:

Կարելի է գուշակել, թե ինչու է արվել այս անվանափոխությունը: ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքի համաձայն՝ ՙՀեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի՚: Եվ որպեսզի սքողվի հանրահայտ փաստը, որ ՙՇարմի՚ ստացած արտոնագիրը 2002 թվականից ուղղակի ձեռքից ձեռք է անցել, եւ հեռուստաընկերությունն այս ընթացքում փոխել է 3 սեփականատերեր՝ ՙՇարմ՚ ՓԲԸ-ն իր իրավական կարգավիճակի անունն ի վերջո զիջել է Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող հեռուստաընկերությանը:

Sunday, February 27, 2011

ԴԵԺԱՎՅՈՒ

"Երկիր Մեդիա" հեռուստաընկերությունը արդեն մեկ ժամ է` նոր հաղորդավար ունի, որին զանգում են, խնդրում մեկնաբանել Միջին Արեւելքում տեղի ունեցող կամ այլ իրադարձությունները: Ինքն էլ ձեռքը ձեռքի վրա դրած` ծանրումեծ ասում է. "Ունենք հեռախոսազանգ" եւ խոսում, ինչպես ինքն է ասում, Լեւոն Պետրոսյանի, իշխանավարելու, "հարցերն իրենց անուններով կոչելու", նաեւ այն մասին, թե ժողովուրդը սպասում է, որ "լույս լինի թունելից" եւ այլն:
Արձանագրեց, թե սա ԱԼՄ չի, որ ասեն, թե հեռախոսազանգերը սարքել են: Համ էլ գոռաց եթերից` "Չեք տեսնում, ինչ է կատարվում, անպայման է` մատը մտնի ձեր ԱՇԿԸ":
Մի խոսքով` այդ անունը ջնջել չի լինի:
Կարապետիչը վերադարձավ հայկական հեռուստաեթեր:
Բոլորիս մեծ ավետիս:

Wednesday, February 23, 2011

ԳՐՎԱԾԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Առիթ ունեցել եմ անդրադառնալ Շանթի մրցութային առաջարկին, որտեղ իրենց լրատվական քաղաքականությունը բնորոշված էր իբրեւ անկողմնակալ եւ վստահություն էր արտահայտված, թե այժմ թե՜ լրատվության մատուցման ընդգրկունության եւ թե՜ մյուս իմաստներով՝ ՙՇանթիլրատվությունը հարում է համաշխարհային հեռուստատեսային առաջատարների չափանիշներին":

Հետաքրքիր է, համաշխարհային առաջատարներից արդյոք որ մեկի եթերում կարելի էր այնպիսի սյուժե տեսնել, ինչպիսին փետրվարի 21-ին տեսա Շանթի լուրերում, որի ընթացքում աղջիկները Սուրբ Սարգիսի տոնի կապակցությամբ շնորհակալություն էին հայտնում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ անձամբ Գագիկ Ծառուկյանին: Այս ակնհայտորեն վճարված սյուժեն այդ օրը թափառող էր բոլոր հեռուստաալիքներում, եւ որեւէ մեկը, բնականաբար, ոչ մի նշում չէր արել, թե դա պատրաստվել է գովազդային հիմունքներով: