Friday, April 1, 2011

Մրցութային առաջարկներն արտագրե՞լ են իրարից

Երբեւէ առիթ չենք ունեցել դիտելու 1992-ից Ստեփանավան քաղաքում հեռարձակվող «Ֆորտունա» ՍՊԸ-ի հաղորդումները, որն այժմ մրցույթում հաղթելով՝ հնարավորություն է ստացել թվային հեռարձակման ցանցի միջոցով սփռվել ողջ Լոռու մարզում: Այդ բացը փորձեցինք լրացնել նրանց կայքէջի՝ միջոցով, որի վերաբերյալ մրցութային առաջարկում նշված է. «Այսօր աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած կազմակերպություն կամ անհատ կարող է ծանոթանալ Ստեփանավանում տեղի ունեցող ամենօրյա իրադարձություններին այդ ինտերնետային էջից»: Ցանկացած անհատ հավաքելով www.fortuna.am հասցեն, ինչպես եւ մեզ հետ պատահեց երեկ՝ կտեսնի, որ այդ էջը դատարկ է:

Փորձեցինք հեռուստաընկերության մասին պատկերացում կազմել ըստ «Ֆորտունայի» ներկայացրած գործարար ծրագրի: Այստեղ նշել են, թե «նպատակ ունեն ստեղծել այնպիսի հեռուստաալիք, որի օգնությամբ մարզի հեռուստադիտողը իրեն իրապես կզգա համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսացող անկախ երկրի քաղաքացի»: Դեժավյու: Սա բառացի համընկնում է Հ2-ի մրցութային առաջարկում ամրագրված հետեւյալ խոստմանը, որը ժամանակին մեջբերել ենք. «Հեռուստաընկերությունն արտադրում է եւ նպատակ ունի արտադրել այնպիսի հաղորդումներ, որոնց օգնությամբ հեռուստադիտողն իրեն իրապես կզգա համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսացող անկախ երկրի քաղաքացի»:

Սա միակ համընկնումը չէ: «Ֆորտունան» նշել է. «Իմաստային առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»: Էլի դեժավյու: Հիշեցնենք, որ դարձյալ ներկայացրել ենք՝ «Կենտրոն» հեռուստաընկերության մրցութային առաջարկում կար բառացիորեն նույն ձեւակերպումը. «Իմաստային առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»:

Կարող էինք շարունակել «Ֆորտունայի» առաջարկից մեջբերումները, որոնք տառացիորեն նույնն են, ինչ իրենց հանրապետական սփռման գործընկերների առաջարկում: Նման բառացի համընկնումները չեն կարող պատահական լինել: Եվ քանի որ «Ֆորտունան» իր մրցութային առաջարկը ներկայացրել է Հ2-ից եւ «Կենտրոնից» 2 օր հետո՝ հոկտեմբերի 29-ին, ըստ ամենայնի, նախապես՝ մինչ մրցույթն է եղել իրարից պատճենելու գործընթացը: Իսկ գուցե այս առաջարկներն ունեն նույն հեղինա՞կը: Կեսկատակ կարող ենք ենթադրել, թե գուցե ՀՌԱՀ-ը մրցութային առաջարկի օրինակելի ձեւանմուշ էր տրամադրել ապագա հաղթողներին:

Սակայն այնպես չէ, թե «Ֆորտունայի» առաջարկն ամբողջապես է համընկնում իրենց գործընկերների հայտերին: Օրինակ, թեեւ «Ֆորտունայում» 60 մլն դրամ ներդրում անելու պատրաստակամության մասին տեղեկանք է տրամադրել մասնավորապես «Տաշիր Ինվեստ գրուպ» ՓԲԸ-ն, հեռուստաընկերությունն ի շարս եկամտի հնարավոր աղբյուրների՝ նշել է. «Պատվերով նկարահանումներ /զանազան միջոցառումներ, ծիսակատարություններ եւ այլն/»: Իսկ «բիզնես գաղափար» ենթաբաժնում իրենց իսկ առաջադրած «ինչ վաճառել» հարցին ի պատասխան՝ «Ֆորտունան» նշել է ոչ միայն «հեռուստատեսային եթերաժամ» տարբերակը, այլ նաեւ «Որակյալ երաժշտական, մշակութային, հումորային եւ այլ ժանրերի նոր տեսաձայներիզների արտադրանք եւ վաճառք»: Մայրաքաղաքային եւ հանրապետական սփռման հեռուստաալիքները հրապարակավ չեն անում նման խոստովանություններ, թեեւ նրանց եկամտի աղբյուրները իրականում շատ էլ չեն տարբերվում վերոշարադրյալից:

No comments:

Post a Comment