Showing posts with label իմ մասին. Show all posts
Showing posts with label իմ մասին. Show all posts

Sunday, November 13, 2011

Տեղափոխվել եմ

Այս բլոգն այլեւս չի թարմացվելու, քանի որ հիմա բլոգ ունեմ մեր թերթի կայքում՝ http://www.aravot.am/:
Բայց սա էլ չի վերացվի՝ գուցե որոշ ժամանակ անց նորից վերադառնամ այս հարթակ:

Wednesday, September 14, 2011

ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՌԱԲԻԶ

Հին ժամանակներում նման ուղերձները վերնագրում էին` բոլոր բարի կամքի տեր մարդկանց:
Արդեն գիշերվա 4-ն է, իսկ ես արթուն եմ: Կեսգիշերից քիչ անց մեր դիմացի հարեւանի տանը սկսեցին երգել: Երեւում էր, որ մի քիչ պրոֆեսիոնալ են: Տղաս ասաց, որ Սպիտակցի Հայկոյի ձայնն է: Սկզբում դեռ մի քիչ տանելի էր: Բայց հետո...
Պատուհանները բաց են` այլընտրանք չկա, կխեղդվեի թթվածնի պակասից: Երբ քաղաքի ձայները լռեցին` այդ "Սպիտակցի Հայկոյի" ձայնը սկսեց հնչել այնպես, կարծես անմիջապես հենց մեր պատուհանների տակ էր երգում:
Որոշ ժամանակ դադարում էր, ու սկսում էի ննջել, բայց հենց պիտի ընկղմվեի քնի մեջ` երգ էր սկսվում` "Պարսկաստանի խոոոոոորքից": Հատկապես անտանելի էր "Իմ հիվանդ մայրը ձյուն ուզեց մի օր" երգը, որը միանգամից բարձր նոտայից է սկսվում, ու հնչում այնքան աղեկտուր...
Ինչ որ տեղ 3.30-ի սահմաններում ես գժի պես դուրս թռա ու պատուհանից սկսեցի գոռալ` խիղճ ունեցեք:
Ինչ որ պահի պատուհանները փակեցի... անօգուտ: Լրիվ խորհրդային այս մուլտֆիլմի հերոսի հոգեվիճակում էի:

Վերջը որոշեցի անքնությունս օգտագործել: Վերջին շրջանում ժամանակ չեմ ունենում բլոգումս գրելու համար: Սրանից էլ լավ առիթ: Հույս ունեմ, որ ի վերջո` կհոգնեն, իրենց քունն էլ կտանի կամ էլ` Աստված տա, երգողի ձայնը կկտրվի:
Ախր, ամեն ինչը մի կողմ` ահավոր սարսափելի է ռոք սիրող մեկի համար այս ռաբիզ կլկլոցը: Առանց այն էլ դրանից ոչ մի կերպ հնարավոր չէ խուսափել` երթուղային լինի, տաքսի, որեւէ սրճարան... Դեռ այնտեղ ի վերջո կարող ես խնդրել անջատել` թեեւ խեթ հայացքների արժանանալու գնով: Բայց հիմա ինչ անեմ ես, բարի կամքի մարդիկ: Արտերկրում այս դեպքում ոստիկանություն կկանչեին, բայց ես մտավախություն ունեմ, որ մի նման բան եթե անեմ, ու եթե դա իրոք Սպիտակցի Հայկոն է` ուղղակի իր ունկնդիրների շարքերը կստվարացնեմ:

Բայց թունելի վերջում լույս երեւաց` մի 5 րոպե կլինի` հիվանդ մայրը ձյուն չի ուզել: Ու համ էլ մեքենայի ձայն լսեցի: Կարող է Հայկոն ուրիշ տեղ էլ նվագելու գործ ուներ:

Հ. Գ.  Առավոտյան պետք է ներկա լինեի Մեդիա եւ անիմացիա վարպետության դասին, որը վարելու է գերմանացի կինոքննադատ Յոհաննես Ուոլթերզը: Գեղամ ջան, Ինտերնյուսի ընկերներ ջան` հուսով եմ, դուք արդեն հասկացաք, թե ինչու չեմ մասնակցելու դրան:


Հ. Հ. Գ. Համացանցում գտա «Իմ հիվանդ մայրը» երգը` սպիտակցի Հայկոյի կատարմամբ: Ու հիմա վստահ եմ` ինքն էր: Յախք, յախք, մինչեւ վերջ 

Monday, July 18, 2011

ԱՄԵՆԱՊԱՏՎԱՎՈՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ՍՏԱՑԱԾ ՄՐՑԱՆԱԿՆ Է

Ես այսօր երկրորդ անգամ արժանացա Երեւանի մամուլի ակումբի մրցանակին: 
Առաջին անգամ արժանացել էի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները լուսաբանելու համար, իսկ այժմ ահա հեռուստահեռարձակման արտոնագրման անցած տարի ավարտված մրցույթներին ներկայացված հայտերի մասին իմ հոդվածաշարի համար: Հոդվածաշարի առանձին մասեր հրապարակել եմ նաեւ իմ բլոգում: 
Այս մրցանակաբաշխությանն անդրադարձել են Մարդիկ, Ռիփորթ, Թերթ, News, Ա1+ կայքէջերը, Ազատություն ռադիոկայանը եւ  168 ժամ թերթը: 



Saturday, May 28, 2011

ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Այս գրությունն ազդարարում է, որ չի կարելի նստել կամ պառկել հանրային մայթերին առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան ժամը 9-ը: Ենթադրվում է, թե մնացած ժամանակ կարելի՞ է քնել փողոցում: