Այս մասին արդեն գրել է Սամվել Մարտիրոսյանը, որի եւ Աննա Բարսեղյանի հետ միասին ներգրավված էինք Երեւանի մամուլի ակումբի այլընտրանքային լրատվամիջոցների վերաբերյալ մի ծրագրում: Այն ժամանակ ես բլոգ չունեի, ուստի չէի կարող հրապարակել այս տեսագրությունը:
Չնայած իմ թախանձագին խնդրանքներին, որ ուղարկվի հաղորդման ամբողջական տեսագրությունը` Ապարան ԹիՎԻ-ի ղեկավարը, մեկ է, ուղարկեց մոնտաժված տարբերակը, ուստի մի թեթեւ բացատրեմ, թե կադրում ինչ է կատարվում:
Որ պարզ դառնա, թե ինչու ես հենց սկզբից փլվեցի, լսելով "Այսօր Ապարանի հեռուստատեսության հյուրերն են"` պետք է տեսնեք, թե ինչ էինք տեսնում մենք` երկտեղանի մի մահճակալ: Մենք հենց ներս մտանք այդ "տաղավարը"` ես հետաքրքրվեցի, թե հատկապես որտեղ է լինելու նկարահանումը: Տանտերը, որը նաեւ հեռուստաընկերության ղեկավարն ու օպերատորն էր` հարցրեց. "Բայց դու ինչ գործ ունես իմ կնգա կռավաթի հետ": Համաձայնեցի` ոչ մի գործ չունեմ, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է` ով է "այլ պայմաններում" նստում այնտեղ, որտեղ մենք էինք նստած: Տպավորությունն այն է, որ այդտեղ նստողները նաեւ պիտի գնահատականներ բարձրացնեին` տեխնիկայի, արտիստիզմի եւ այլնի համար: