Friday, April 1, 2011

REBRENDING. ՀԵՔԻԱԹ ՈՍԿԵ ՄԿՆԻԿԻ ՄԱՍԻՆ

Հետեւելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հռչակած յուրօրինակ “Դեմքով դեպի գյուղը” կարգախոսին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ մարտի 29-ին այցելել էր Վայոց ձորի մարզ: Աշխատանքային այս այցի մասին խորհրդարանի կայքէջում երկար հաղորդագրություն կա, որտեղ մասնավորապես նկարագրվում է, որ Ելփին գյուղում նա խոստացել է լուծել ողջ գյուղի արտադրած խաղողի իրացման հարցը “ինչպես նաեւ, ֆերմերներից մեկի խնդրանքին ի պատասխան, խոստացավ մինչեւ տարեվերջ գյուղնախարարության աջակցությամբ լուծել մթերման սարքավորումների տեղադրման հարցը”, Զառիթափ գյուղում ԱԺ նախագահը խոստացել է գումար հատկացնել տրակտորի ձեռքբերմանն օժանդակելու համար, իսկ Սերս գյուղում տեղեկանալով, որ գյուղի դպրոցը մարզական գույք չունի, խոստացել է լուծել այդ հարցը. “Մարտիրոս գյուղում, ի թիվս այլ խնդիրների, դժվար է կարտոֆիլի սերմացուի հարցը. համայնքը հնարավորություն չունի այն ձեռք բերել: Հովիկ Աբրահամյանը խոստացավ որոշակի գումար հատկացնել այդ հարցը լուծելու համար: Տեղում լուծվեց նաեւ, համագյուղացիների վկայությամբ, սոցիալապես չափազանց ծանր ընտանիքներից մեկին աջակցություն ցույց տալու հարցը”: Բարձրունի գյուղում նա խոստացել է վճարել գյուղացիների երկու տարվա հողի հարկը: Եվ վերջապես այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ, “որտեղ արդեն նրա կողմից նվիրաբերված 5 համակարգիչներով կահավորվել էր ուսումնական հաստատության համակարգչային լսարանը”:

Այս ամենի համատեքստում, թերեւս պատահական չէ, որ պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ է գտել հետեւյալ պարբերությունը. “ԱԺ նախագահի վայոցձորյան երթուղում ներառված գյուղերում մարդիկ այնքան էին ոգեւորվել իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի այցելությունից, որ նրանցից մեկն Ազգային ժողովի նախագահին ասաց. «Ոսկե ձկնիկի օրն եք ընկել. Ձեզ տեսել ենք` մեր բոլոր կարիքների մասին պատմում ենք»”:

Շատ բնական է, որ “ձկնիկ” բառի մեջ անմիջապես ցանկանում ես փոխել առաջին տառը: Ի դեպ, շատ տարիներ առաջ, երբ Հովիկ Աբրահամյանն ուղղակի Արտաշատից ընտրված պատգամավոր էր` նրան մի հարց եմ տվել, որը հրապարակվել է “Առավոտում”: Ես հետաքրքրվել էի, թե ինչու են իրեն “Մուկ” անվանում, իսկ նա եղբոր արեւով երդվեց, որ չունի նման մականուն: Իսկ տարիներ անց, երբ նորից էր առաջադրել իր թեկնածությունը, որպեսզի հետո դառնա ԱԺ նախագահ` “168 ժամ” թերթին տված հարցազրույցում պատմել էր մականվան ծագումնաբանությունը, թե տնից հա քաղցրեղենը կորչում էր, եւ տատն ասել էր, թե կարող է այստեղ մուկ կա:

2 comments:

  1. Մարդն իրան գյուղապետի թեկնածու ա կարծում

    ReplyDelete