Showing posts with label թերթեր. Show all posts
Showing posts with label թերթեր. Show all posts

Wednesday, March 23, 2011

ԸՆՏՐԵՔ ՆՈՒՅՆԻ ԵՎ ՆՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ

Իշխանամետ թերթերից մեկը մի ժամանակ օրումեջ ծաղրում էր Արտաշես Գեղամյանին: Նրան բացառապես Փրկիչ էր անվանում, ու իբրեւ Ոդիսեւս պատկերելով` տպագրում համապատասխան կոլաժներ ու ծաղրանկարներ: Իսկ այն բանից հետո, երբ Գեղամյանը պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը` նույն թերթը սկսեց ամենայն հարգանքով հարցազրույցներ անել նրա հետ, տպագրել Արտաշես Գեղամյանի աշխարհաքաղաքական ծավալուն վերլուծությունները:

Ընդդիմադիր թերթերից մեկը մի ժամանակ օրումեջ ծաղրում էր Ստեփան Դեմիրճյանին: Նրան բացառապես Ազգո էր անվանում, եւ տպագրում նրա պատկերով կոլաժներ ու ծաղրանկարներ: Իսկ այն բանից հետո, երբ Դեմիրճյանը պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը` նույն թերթը սկսեց ամենայն հարգանքով հարցազրույցներ անել նրա հետ:

Monday, February 28, 2011

ՀԱՃԱԽՈՐԴԸ ՈՉ ՄԻՇՏ Է ՃԻՇՏ

Շաբաթ օրը "Երկիր Մեդիա" հեռուստաընկերության "Խմբագիր" հաղորդաշարն ինձ հրավիրել էր հեռակա բանավեճի իրենց հասարակական-քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր Գեղամ Մանուկյանի հետ` "Երկիր Մեդիայի" վերաբերյալ իմ հոդվածի վերաբերյալ: Բնականաբար, բավական քաղաքակիրթ բանավեճ էր` Գեղամի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, եւ, ի դեպ, համարում եմ, թե անկախ ամեն ինչից` "Երկիր Մեդիա"-ի եթերում բազմակարծության աստիճանն ավելին է, քան մնացած հեռուստաընկերություններում:

Գեղամը բացատրում էր, թե ինչու իրենք ՀԱԿ-ի հանրահավաքների հայտարարությունները եթեր չեն հեռարձակում` նշելով, թե դրա համար հատուկ թույլտվություն է պետք, որ հավաքն արտոնված է: Ես էլ առարկում էի, թե ՀՅԴ հավաքների մասին բոլոր հայտարարությունները իրենք այնուամենայնիվ հեռարձակում են: