Monday, February 28, 2011

ՀԱՃԱԽՈՐԴԸ ՈՉ ՄԻՇՏ Է ՃԻՇՏ

Շաբաթ օրը "Երկիր Մեդիա" հեռուստաընկերության "Խմբագիր" հաղորդաշարն ինձ հրավիրել էր հեռակա բանավեճի իրենց հասարակական-քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր Գեղամ Մանուկյանի հետ` "Երկիր Մեդիայի" վերաբերյալ իմ հոդվածի վերաբերյալ: Բնականաբար, բավական քաղաքակիրթ բանավեճ էր` Գեղամի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, եւ, ի դեպ, համարում եմ, թե անկախ ամեն ինչից` "Երկիր Մեդիա"-ի եթերում բազմակարծության աստիճանն ավելին է, քան մնացած հեռուստաընկերություններում:

Գեղամը բացատրում էր, թե ինչու իրենք ՀԱԿ-ի հանրահավաքների հայտարարությունները եթեր չեն հեռարձակում` նշելով, թե դրա համար հատուկ թույլտվություն է պետք, որ հավաքն արտոնված է: Ես էլ առարկում էի, թե ՀՅԴ հավաքների մասին բոլոր հայտարարությունները իրենք այնուամենայնիվ հեռարձակում են:




Գեղամն ասում էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է իրենց եթեր գալ, ես էլ համաձայնում էի` ոչ միայն ձեր եթեր, "Ազատություն" ռադիոկայանի իմ հաղորդմանն էլ չի եկել, բայց ՀԱԿ-ը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը չի եւ, եթե ՀԱԿ-ի ակտիվիստներին ձերբակալում են թռուցիկ բաժանելու համար` նման իրադարձություններն իրապես ազատ ԶԼՄ-ն պիտի լուսաբանի:

Գեղամն ասում էր, թե որոշ թերթերի էջերը գներ ունեն: Ես էլ համաձայնում էի` այո, ունեն, բայց հեռուստաընկերությունների եթերն էլ, անգամ լրատվական ծրագրերն իրենց գներն ունեն: Այ այստեղ խոսքս մոնտաժել էին, ու ասածի մի մասը դուրս թողել` դե, էլի այդ օրինակն էի բերել, թե ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ անվճար էին Սուրբ Սարգսի տոնի համար ԲՀԿ-ին շնորհակալություն հայտնում բոլոր հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերով: Եվ շատ ուշագրավ է, որ մոնտաժվեց հենց այն հաղորդման ընթացքում, որտեղ մեզ կոչ էին անում ամեն ինչ ներկայացնել, ինչպես որ է:

Ամենահետաքրքիրը սակայն եղավ երեկ: Խմբագրություն զանգեց մի տիկին ու առանց ներկայանալու` միանգամից վրա տվեց: Երկխոսությունը մոտավորապես այս բովանդակությունն ուներ:

- Ձեզ տեսա հեռուստացույցով: Եվ ուզում եմ ասել, թե լրատվամիջոցի համար ամենեւին էլ ազատության չափանիշ չէ այն, թե լուսաբանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ ոչ:
- Շատ լավ: Բայց ես հիմա շատ զբաղված եմ` հարցազրույց եմ պատրաստում, խնդրում եմ, ավելի ուշ զանգահարեք` կզրուցենք:
- Ես ուղղակի ուզում եմ ասել, որ դա կարող է նաեւ սկզբունքի հարց լինել` Լեւոն Տեր-Պետրոսյանը չարիք է այս երկրի համար ու նա չպիտի լուսաբանվի:
- Շատ լավ, կներեք, բայց ես ուղղակի հիմա ժամանակ չունեմ Ձեր փաստարկներին պատասխանելու համար:
- Բայց ինչ պիտի պատասխանեիք որ:
- Դե, օրինակ այն, որ իրադարձությունները պետք է լուսաբանվեն անկախ լրատվամիջոցի կամ լրագրողի դրա նկատմամբ ունեցած անձնական (հիմնավոր կամ ոչ) վերաբերմունքից:
- Բայց լրագրողներն էլ մարդ են, եւ նրանցից չի կարելի պահանջել, որ լուսաբանեն մի բան, որը չարիք է այս երկրի համար:
- Ներեցեք, ժամանակ չունեմ զրուցելու համար:
- Ես օրինակ եթեր ունենայի` Լեւոն Տեր-Պետրոսյանին մի վայրկյան անգամ չէի տրամադրի:
- Ձեր իրավունքն է, բայց այն` ինչ ասում եք, հակասում է անաչառ ու չեզոք լրատվության համընդհանուր չափանիշներին:
- Նա չարիք է, ինչ չեզոք լրատվություն նրա մասին:
- Կներեք, արդեն մի քանի անգամ ասացի, որ զբաղված եմ` Տիգրան Թորոսյանը սպասում է, պիտի հարցազրույցի սղագրությունն ուղարկեմ` վերջնական հաստատման համար:
- Ախ, Տիգրան Թորոսյաաաաաաաաաանը...

Զրուցակցիս ձայնի ծաղրական երանգից հասկացա, որ նա ասելիք ունի նաեւ Տիգրան Թորոսյանի մասին: Բայց դե` իրոք, ահավոր զբաղված էի, եւ ի վերջո դրեցի ընկալուչը` առանց նրա խոսքին սպասելու:

Ինչի համար պատմեցի այս ամենը: Երկու կողմում էլ` եւ ընդդիմության, եւ իշխանության, կան այսպիսի անձինք, որոնք լրագրողների "ականջին են նստում" նման խորհուրդներով: Ասենք քաջալերում, թե ինչքան կոշտ ու վիրավորական որակումներով գրես իշխանության մասին, այնքան լավ: Կամ ահա այսպես պահանջում չլուսաբանել տվյալ գործչին ու կուսակցությանը: Եվ երբ լրագրողներին ասում են, թե պետք է հաշվետու լինեն ու սպասարկեն միայն հանրության շահերը` նման բաներ պահանջողները պիտի հաշվի առնեն, որ հանրությունը կամ առնվազն նրա առանձին ներկայացուցիչներ նաեւ այսպիսի` կողմնակալության պահանջներ են առաջադրում ԶԼՄ-ներին:

4 comments:

  1. Ան, անկեղծ ասա՝ եթերի ժամանակ քանի՞ անգամ ես ծիծաղել :ՃՃՃՃ

    ReplyDelete
  2. Ան ջան, ես, դու եւ Սամվելն այնպիսի փորձառություն ենք ունեցել Ապարան ԹիՎԻ-ում, որ երեւի դու հիմա հա պատկերացնում ես, թե ես հեռուստահաղորդումների ժամանակ մշտապես ծիծաղելով կադրից դուրս եմ ընկնում: Բայց չէ` Ապարան ԹԻՎԻ-ն եզակի էր եւ բացառություն. նման բաներ կյանքում մի անգամ են լինում: Հուսով եմ :)

    ReplyDelete
  3. Ան, պետք ա հուսաս, որ նման փորձառություն դեռ կունենաս :ՃՃ բա լավ չէ՞ր :ՃՃՃ

    ReplyDelete
  4. Իհարկե, այդ հույսն է ինձ ապրեցնում: Բայց դե՝ նաեւ իրատեսությունը ստիպում է գիտակցել, որ չեն կրկնվում նման բաները երբեք :)))))))

    ReplyDelete