Wednesday, March 23, 2011

ԸՆՏՐԵՔ ՆՈՒՅՆԻ ԵՎ ՆՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ

Իշխանամետ թերթերից մեկը մի ժամանակ օրումեջ ծաղրում էր Արտաշես Գեղամյանին: Նրան բացառապես Փրկիչ էր անվանում, ու իբրեւ Ոդիսեւս պատկերելով` տպագրում համապատասխան կոլաժներ ու ծաղրանկարներ: Իսկ այն բանից հետո, երբ Գեղամյանը պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը` նույն թերթը սկսեց ամենայն հարգանքով հարցազրույցներ անել նրա հետ, տպագրել Արտաշես Գեղամյանի աշխարհաքաղաքական ծավալուն վերլուծությունները:

Ընդդիմադիր թերթերից մեկը մի ժամանակ օրումեջ ծաղրում էր Ստեփան Դեմիրճյանին: Նրան բացառապես Ազգո էր անվանում, եւ տպագրում նրա պատկերով կոլաժներ ու ծաղրանկարներ: Իսկ այն բանից հետո, երբ Դեմիրճյանը պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը` նույն թերթը սկսեց ամենայն հարգանքով հարցազրույցներ անել նրա հետ:

Իշխանամետ թերթերից մեկի հաճախակի հյուրը Գուրգեն Եղիազարյանն էր, երբ նա քննադատում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սակայն նրան սկսեցին անտեսել, երբ պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ընդդիմադիր թերթերից մեկի հաճախակի հյուրը մարքսիստ Դավիթ Հակոբյանն էր, երբ պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սակայն նրան սկսեցին անտեսել, երբ դուրս եկավ ՀԱԿ-ից:

Այս պարզ շարքը կարող եմ շարունակել անվերջ: Բայց այդ թերթերի անունները բոլորը գիտեն, եւ օրինակների շարքն էլ կարող է լրացնել յուրաքանչյուր ոք:

Եվ հարցեր են առաջանում` արդյոք ինչ տարբերություն թեեւ տարբեր ուղղվածության, բայց ճիշտ նույն կերպ` լրատվության փոխարեն քարոզչություն իրականացնող եւ ամեն ինչ ըստ քաղաքական նպատակահարմարության լուսաբանող այս թերթերի մոտեցումների միջեւ: Եվ արդյոք ինչ կփոխվի, եթե նրանք փոխվեն տեղերով: Պատասխանն ակնհայտ է` ՈՉԻՆՉ:

Ու վերջում էլ մի հարց, որը փոքր ինչ հռետորական է, եթե հաշվի առնենք, որ ՀԱԿ-ի առաջնորդը մուսալեռցի է, եւ մեղմ ասած` հեշտությամբ չի խոստովանում իր վրիպումները: Այնուամենայնիվ` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնեն վերջին օրերի իրենց հեռակա մենամարտը եւ անգամ գան ընդհանուր հայտարարի (իսկ նման բաներ քաղաքականության մեջ լինում են շատ հաճախ) արդյոք ինչ են զգալու այն լրագրողները, որոնք լծվեցին ՀԱԿ առաջնորդի քայլերի քարոզչական ապահովմանը, եւ մեջտեղ բերեցին ինչ ասես` էլ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել էր Սերժ Սարգսյանի երդման արարողությանը (կարծես Տեր-Պետրոսյանը չէր, որ մասնակցեց Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությանը), էլ, որ մարտի 1-ին ներկա չի եղել Մյասնիկյանի արձանի մոտ… Լավ, չշարունակեմ` սա մեկ այլ առանձին թեմա է, որին գուցե երբեք չանդրադառնամ էլ, որ ՀԱԿ-ին աջակցող մամուլը մի առանձնահատուկ կարողություն ունի` իրենց նկատմամբ անգամ չեզոք վերաբերմունք ունեցող մարդկանց հասցնելու թշնամի դառնալու աստիճանի:

2 comments:

  1. Շատ դիպուկ եք գրել:

    ReplyDelete
  2. Աննա ջան, տեղերով փոխվելուց (գումարելիների տեղափոխություն) ոչինչ չի փոխվում, միեւնույնն է, Հայաստանում ոչ մի լրատվամիջոց չի մտածում իր հիմնական թիրախի՝ աուդիտորիայի, նույնն է թե՝ ժողովրդի մասին: Քո կողմից վերը ներկայացվածի վառ օրինակ կարող է լինել Վրաստանում «Իմեդի» եւ «Ռուսթավի2» հեռուստաալիքների պատմությունը. մինչ սահակաշվիլական հեղափոխությունը դրանցից մեկը լրիվ ընդդիմադիր էր, մյուսը Շեւարդնաձեի գովերգման հարթակ էր: Հեղափոխությունից հետո դերերը լրիվ փոխվեցին. նայում էի Իմեդին, թվում էր թե մինչհեղափոխական Ռուսթավին եմ նայում :Դ

    ReplyDelete