Saturday, April 30, 2011

ԼԵՆԻՆԸ ՍԻԵԹԼՈՒՄ

Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում: Երկար տարիներ անց` առաջին անգամ դա զգացի այստեղ` Ամերիկայում: Այն պահին, երբ տան ճանապարհին` ավտոբուսից տեսնելով Լենինի արձանը, ինձ զգացի այնպես` կարծես գտել եմ կորցրած հարազատիս: Մեղա, մեղա, երբեք չէի պատկերացնի, որ զուգահեռ կանցկացնեմ Լենին եւ հարազատ բառերի միջեւ :
Բայց դե` մի կերպ պիտի բացատրեմ, չէ, թե ինչու է իմ բլոգի այս գրառումը հենց Սիեթլում, ավելի ճիշտ` դրա Ֆրեմոնթ արվարձանում կանգնեցված Լենինի արձանի մասին:

Friday, April 29, 2011

ԽՄԲԱԳԻՐԸ ՊԻՏԻ ՇԱՏ ԼԱՎ ԻՄԱՆԱ ՕՐԵՆՔԸ

International center for journalist (ICFJ) կազմակերպության կազմակերպածՆոր մամուլ, նոր մարտահրավերներ. Լրագրության լավագույն փորձառությունը նոր ժամանակաշրջանի համար”  ծրագրի ընթացքում Վաշինգթոնում գտնվող հայ լրագրողներս առիթ ունեցանք հանդիպելու Fletcher, Heald & Hildreth, PLC հեռարձակման եւ հաղորդակցության իրավական գրասենյակի հատուկ խորհրդական Քեյվին Գոլդբերգի հետ: Այս իրավաբանի հետ զրույցը Ամերիկայում խոսքի ազատության եւ մամուլի հարցերի` մասնավորապես այն խնդրի վերաբերյալ, թե ինչպես են այստեղ կարգավորվում վիրավորանքի եւ զրպարտության հետ կապված պատասխանատվության հարցերը` զուգահեռների տեղիք տվեց հայաստանյան իրականության հետ:
Եվ այսպես` նախ լավ լուրերը: Ամերիկայում երբեք պատասխանատվության չէին ենթարկի որեւէ մեկին գավառացի անվանելու համար: Քեյվին Գոլդբերգը մեր հիշատակմանը, թե Հայաստանի նախկին նախագահը փորձում է պատասխանատվության ենթարկել թերթերից մեկին` իրեն նաեւ գավառացի անվանելու համար` պատասխանեց, թե ԱՄՆ-ում դա չէին համարի վիրավորանք, այլ կգնահատեին ուղղակի կարծիք, որի համար պատասխանատվության չեն ենթարկում: Սակայն հաստատ պատասխանատվության կկանչեն, ասենք, նման հայտարարության համար` “Իմ կարծիքով, նա մարդասպան է”:

Wednesday, April 20, 2011

ՄԵՐ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ


Էս են հերթն է, որում կանգնած էր Հրայր Թովմասյանը:
Թեեւ ինքն արդարադատության նախարար է, բայց հերթում հիմա ես եմ առաջինը` իր անցած տեղերն անցնելով գիշերով:

Վաշինգթոնում Ռուզվելտի մեմորիալում հաջորդ հայտնվող հայն արդեն այս դռնով պիտի ներս մտնի: Ուրիշ ձեւ չկա:

ՋՈՒՋՈՒԼԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Ապրիլի 19-ին այցելել էինք Google-ի Վաշինգթոնի գրասենյակ. Այն լեցուն էր գույներով` կարմիր, դեղին, կանաչ բազկաթոռներ, բարձիկներ, մեծ ու փոքր գնդեր, խաղալիքներ`Google-ի պատկերով: Կարծես մանկապարտեզի երեխաների համար նախատեսված սենյակ լիներ` շատ լավն էր:
Հանդիպեցինք Google Public Policy director Robert O. Boorstin-ին եւ News media industry manager Sean Carlson-ին: Հումորով մարդիկ էին, որոնք լիքը հետաքրքիր բաներ պատմեցին: Նրանց համակարգչի վրա ցույց տվեցի Ջուջուլին: Sean Carlson-ն ահագին ուրախացավ: Մանավանդ հնչեղության վրա:


Այնպես որ` կարելի է ասել, որ կայացավ Google-ի եւ Ջուջուլի պատմական հանդիպումը:

Saturday, April 16, 2011

GOODBYE ARMENIA!!!!!

Առավոտյան մեկնում եմ ԱՄՆ: Այնտեղ կլինեմ մոտ մեկ ամիս, որի հիմնական մասը պետք է media internship անցնեմ` լրագրողական փորձառությունս կատարելագործեմ The Seattle times օրաթերթում:
Այսքան մանրամասն պատմում եմ, քանի որ ՀՀԿ-ական մի պատգամավորի երբ ասացի, որ ուղեւորվում եմ Ամերիկա` այնպես հարցրեց, թե ինչու եմ գնում, որ ձայնի հնչերանգը ճշգրտորեն "թարգմանելով"` ասացի, որ պետք է որպես լրտես վերապատրաստվեմ: Ինքը ծիծաղեց ու ասաց. "Դու կարող ես արդեն դասեր տալ":
Դե տեսնենք, թե ոնց կստացվի:
Նկարում մի պատկեր է Սիեթլից: Քաղաքի մասին նաեւ գիտեմ այն, որ այստեղ են հավաքված այն հայ հաքերները, որոնց հաջողվել էր կոտրել Մայքրոսոֆթի կայքէջը, եւ դրա դիմաց նրանք շատ արագ տոմս էին ստացել դեպի Սիեթլ` աշխատելու Մայքրոսոֆթի գրասենյակում:
Մնացածը բլոգում կգրեմ դեպքի վայրից:
Լավ մնացեք:

Tuesday, April 12, 2011

ՊԱՏՃԵՆՈՒՄ ԵՆՔ` ԱՌԱՆՑ ԱՆԳԱՄ ՍՏՈՒԳԵԼՈՒ

Սա ԵԽԽՎ պաշտոնական կայքէջից Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաեւայի հարցը եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի երեկվա երկխոսությունն է, որի տեքստը հրապարակվել էր արդեն երեկոյան:

Ms PASHAYEVA (Azerbaijan) – On 8 March 2011, the Armenian armed forces targeted through a sniper a nine-year-old child, Fariz Badalov, an inhabitant of the district of Aghdam who was playing in a yard. They murdered that minor. Such activities by the Armenian side contradict international law. We would like to know your attitude to this issue. What role can – and should – the Council of Europe play in the cessation of such activities, as well as the implementation of Parliamentary Assembly Resolution 1416, which demands the liberation of the territories occupied by Armenia?

Mr JAGLAND – I shall not respond to that specific question, but a point has been missed in our work. We do not do enough work on human rights in the areas of so-called frozen conflicts. You mentioned one of them. We should try to contribute more. We are doing a little in the Georgian conflict through confidence building and human rights measures. However, I think that the Council of Europe should consider how we can be more relevant in the areas that you mentioned.


Իսկ ահա թե նույն երկխոսությունն ԱՅՍՕՐ ինչպես է ներկայացված հայկական կայքերում

"ԵԽԽՎ ընդլայնված գարնանային նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան ԵԽ գլխավոր քարտուղար Տյոբորն Յագլանդին հարցրել է. «Կարո՞ղ է Եվրոպայի խորհուրդը ԵԽԽՎ 1416 բանաձևի կատարման ճանապարհին, որը պահանջում է ազատել Ադրբեջանի «օկուպացված» տարածքները, դրական դերակատարություն ունենալ, և պե՞տք է նման դերակատարություն ունենա, ըստ ձեզ»։

Հարցին ի պատասխան` գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե այն ամենը, ինչի մասին խոսում է Գանիրա Փաշաևան, փաստ է.

–Կարծում եմ, որ մենք չենք կարող բավականաչափ աշխատել «սառեցված հակամարտությունների» տարածաշրջանում, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Մենք լուրջ արդյունքների ու առաջընթացի չենք հասել այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ մենք պետք է մեր ներդրումն ունենանք այդ հակամարտությունների կարգավորման հարցում։ Այնպես, ինչպես մենք դա արեցինք, թեկուզ և ոչ մեծ չափերով, ռուս–վրացական հակամարտության ընթացքում մարդու իրավունքների մթնոլորտի վստահության պաշտպանության ճանապարհին։ Կարծում եմ, ԵԽ–ն պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի այդ տարածաշրջաններում վճռականություն դրսևորելու համար":


Նույն տեքստն արդեն իսկ ընթերցել եմ երկու կայքերում, որոնցից եւ ոչ մեկը հղում չի արել` որտեղից այս տեքստը, որն ինչպես արդեն համոզվեցիք` բավական միտումնավոր խեղաթյուրված է: Ինձ համար ակնհայտ է, որ աղբյուրն ադրբեջանական է:
Ոչ մեկի չեմ ցանկանում դասեր տալ, բայց կարծում եմ` գործ ունենք ոչ արհեստավարժ աշխատանքի հետ: Գուցե նաեւ` ոչ միայն դրա, այլ ինչպես ընդունված է անվանել` տեղեկատվական անվտանգության:

ՀՌԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ

"Առավոտ" օրաթերթում տպագրված "Այդպիսին են հաղթողների առաջարկները" եւ "Նրանք հեռարձակելու են մարզերում" իմ հոդվածաշարերում, որոնցից մի քանիսը տեղադրել եմ նաեւ այս բլոգում` հանգամանալից անդրադարձել եմ այն թերություններին, որոնք նկատել եմ` ուսումնասիրելով թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակման համար հայտարարված մրցույթների մասնակից հեռուստաընկերությունների փաթեթները: Ահա թե դրանց կապակցությամբ մեր հարցազրույցում ինչ պարզաբանումներ է տվել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:
Ըստ դրանց` ստացվում է, որ չնայած "Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին" օրենքին` իրականում ոչ ֆինանսական հավելյալ փաստաթղթեր էր պետք ներկայացնել` բիզնես ծրագրի հիմնավորվածությունն ապացուցելու համար, ոչ էլ անձնակազմի մասին անվանական տվյալներ` նրանց մասնագիտական պատրաստվածությունն ապացուցելու համար:
Ա1-ն էր սխալ, որ ներկայացրեց նման փաստաթղթեր ու ընկավ կրակը:

Monday, April 11, 2011

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Ապրիլի 8-ին, 2011թ, ԱՄՆ Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է 2010թ.-ի Մարդու իրավունքների մասին զեկույցը:
Զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ հատվածի ամբողջական տեքստին /հայերեն/ կարող եք ծանոթանալ այստեղ:

Sunday, April 10, 2011

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԻՄ ԲԼՈԳԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ

«Եթե ԶԼՄ-ները պետք է օբյեկտիվ լինեն, ապա բլոգները պետք է սուբյեկտիվ լինեն: Շատ նորմալ է, որովհետև բլոգների առջև չկա օբյեկտիվ լինելու խնդիր: Ինչու ստեղծվեցին բլոգները: Արևմուտքում լրատվամիջոցները մաքսիմալ օբյեկտիվ են, և առաջացավ սուբյեկտիվ տեսակետ գրող բլոգի անհրաժեշտություն: Մեզ մոտ լրատվամիջոցները մեծ մասամբ սուբյեկտիվ են, եթերը վերահսկվում է, թերթերը ևս կոնկրետ քաղաքական դիրքորոշում են արտահայտում: Ուստի սուբյետիվության խնդիր մեզ մոտ չկար: Բլոգերը ստացավ ազատություն արտահայտելու ծայրահեղ սուբյեկտիվ կարծիք»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Պապյանը:

Հ. Գ. Հանրության նեղ` այս բլոգի ընթերցողների շրջանակներով սահմանափակվող զանգվածներին հայտնեմ, որ Արթուր Պապյանն իր բազմաթիվ արժանիքներին զուգահեռ` մի "արատ" ունի. նա իմ բլոգի ադմինիստրատորն է եւ այն երեք անձանցից մեկը, ովքեր համոզեցին ինձ բլոգ բացել: Իսկ Արթուրը նաեւ ձեւավորեց այն ու ինձ սովորեցրեց բլոգերության այբուբենը:
Հիմա հարց` արդյոք լավ գործ է արել նա, եթե մինչ այս ես փորձում էի օբյեկտիվ լինել այն ԶԼՄ-ներում, որտեղ աշխատում եմ, իսկ իմ սուբյեկտիվ կարծիքն արտահայտելու այս անսահմանափակ հնարավորությունը ստանալով` ես պարբերաբար նեղացնում եմ մամուլի իմ գործընկերներին, քաղաքական իրադարձությունների մասին տեսակետ արտահայտելով` արժանանում եմ նկատողության, թե հանդես եմ գալիս որպես կողմ եւ այլն: :)

Saturday, April 9, 2011

Տեսակետների խաչմերուկ, 9 ապրիլի, 2011


Զրպարտության եւ վիրավորանքի համար ԶԼՄ-ների դեմ հարուցվող դատական հայցերի մասին են խոսում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը եւ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Tuesday, April 5, 2011

ՎՃԱՐԻՐ ՏՈՒԳԱՆՔԸ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ՎԻՐԱՎՈՐԻՐ, ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ

Ինձ համար հասկանալի են այն պատճառները, թե ինչու պիտի Հայաստանի որեւէ քաղաքացի, ինչպես դա արել էր "Հրապարակի" թղթակիցը` ցանկանա ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին գրել նման տողեր. «Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ ու արյունռուշտությամբ, առանձնակի փայլում է անմտությամբ: Ուղղակի մտածում ես` ՀՀ նախագահի աթոռում թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ չէ»: Կամ` «Երեւի տեղապահ Քոչարյանը ոչ միայն մտքի, այլեւ` հիշողության կարճության խնդիր ունի: Երեւի չի հիշում, թե 2003-ի նախագահական ընտրություններում ինքն ինչ ողորմելի վիճակում էր: Նա Մատենադարանի հարթակից բարբառում էր. «Ես եմ իմ կենսագրությունը կերտել»: Իհարկե, այնպիսի դավաճանության, պետական ու տնտեսական հանցագործությունների ու, ամենակարեւորը` արյան մեջ թաղված կենսագրություն, ինչպիսին իրենն է, այս երկրագնդի վրա հատուկենտ արարածներ են ունեցել: Նման գարշելի կենսագրությունները սովորաբար միայնակ էլ կերտում են»:

Ավելին, ինքս էլ եմ համարում, որ հիմնավոր են գնահատականները գավառականության եւ արյունռուշտության մասին:

ԲԱՅՑ:

Եթե ես շատ ցանկանամ ու որոշեմ հրապարակավ հնչեցնել համանման կամ նույն որակումները` նախապես գումար կկուտակեմ: Քանի որ այս ամենն այսուհանդերձ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ են, որոնք զանգվածային լրատվության միջոցով արտահայտելը ենթադրում է համապատասխան պատասխանատվություն եւ տուգանք:

Այնպես որ` այն ընթերցողները, որոնք ցանկանում են պաշտպանել իրենց նախընտրած թերթերի վիրավորելու իրավունքը` ճիշտ կանեն, հենց այսօրվանից կազմակերպեն հանգանակություն:

Ի դեպ, եթե ինքս երբեւէ հրապարակավ անձնական վիրավորանքներ հասցնեմ որեւէ մեկին եւ դրա համար ինձ ցանկանան ենթարկել պատասխանատվության` նախապես խնդրում եմ իմ հնարավոր բոլոր պաշտպաններին, որ դա չդիտարկեն իբրեւ ազատ խոսքի դեմ հալածանք:

Saturday, April 2, 2011

ՌԵԿԼԱՄԼԱՐ

Ես կարծում էի, թե անգերազանցելի է "Ջազզվե: Իսկական հայկական սուրճ` Իտալիայից" գովազդն իր անհեթեթությամբ, բայց հենց նոր լսեցի "Յոգուրտ Մոջո. Երբ խիղճդ հանգիստ է" գովազդային կարգախոսը":
Ի դեպ, մի գովազդ կա, որ ինչքան աչքովս ընկնում է` ժպտում եմ: Ահա սա է:

Friday, April 1, 2011

REBRENDING. ՀԵՔԻԱԹ ՈՍԿԵ ՄԿՆԻԿԻ ՄԱՍԻՆ

Հետեւելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հռչակած յուրօրինակ “Դեմքով դեպի գյուղը” կարգախոսին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ մարտի 29-ին այցելել էր Վայոց ձորի մարզ: Աշխատանքային այս այցի մասին խորհրդարանի կայքէջում երկար հաղորդագրություն կա, որտեղ մասնավորապես նկարագրվում է, որ Ելփին գյուղում նա խոստացել է լուծել ողջ գյուղի արտադրած խաղողի իրացման հարցը “ինչպես նաեւ, ֆերմերներից մեկի խնդրանքին ի պատասխան, խոստացավ մինչեւ տարեվերջ գյուղնախարարության աջակցությամբ լուծել մթերման սարքավորումների տեղադրման հարցը”, Զառիթափ գյուղում ԱԺ նախագահը խոստացել է գումար հատկացնել տրակտորի ձեռքբերմանն օժանդակելու համար, իսկ Սերս գյուղում տեղեկանալով, որ գյուղի դպրոցը մարզական գույք չունի, խոստացել է լուծել այդ հարցը. “Մարտիրոս գյուղում, ի թիվս այլ խնդիրների, դժվար է կարտոֆիլի սերմացուի հարցը. համայնքը հնարավորություն չունի այն ձեռք բերել: Հովիկ Աբրահամյանը խոստացավ որոշակի գումար հատկացնել այդ հարցը լուծելու համար: Տեղում լուծվեց նաեւ, համագյուղացիների վկայությամբ, սոցիալապես չափազանց ծանր ընտանիքներից մեկին աջակցություն ցույց տալու հարցը”: Բարձրունի գյուղում նա խոստացել է վճարել գյուղացիների երկու տարվա հողի հարկը: Եվ վերջապես այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ, “որտեղ արդեն նրա կողմից նվիրաբերված 5 համակարգիչներով կահավորվել էր ուսումնական հաստատության համակարգչային լսարանը”:

Այս ամենի համատեքստում, թերեւս պատահական չէ, որ պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ է գտել հետեւյալ պարբերությունը. “ԱԺ նախագահի վայոցձորյան երթուղում ներառված գյուղերում մարդիկ այնքան էին ոգեւորվել իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի այցելությունից, որ նրանցից մեկն Ազգային ժողովի նախագահին ասաց. «Ոսկե ձկնիկի օրն եք ընկել. Ձեզ տեսել ենք` մեր բոլոր կարիքների մասին պատմում ենք»”:

Շատ բնական է, որ “ձկնիկ” բառի մեջ անմիջապես ցանկանում ես փոխել առաջին տառը: Ի դեպ, շատ տարիներ առաջ, երբ Հովիկ Աբրահամյանն ուղղակի Արտաշատից ընտրված պատգամավոր էր` նրան մի հարց եմ տվել, որը հրապարակվել է “Առավոտում”: Ես հետաքրքրվել էի, թե ինչու են իրեն “Մուկ” անվանում, իսկ նա եղբոր արեւով երդվեց, որ չունի նման մականուն: Իսկ տարիներ անց, երբ նորից էր առաջադրել իր թեկնածությունը, որպեսզի հետո դառնա ԱԺ նախագահ` “168 ժամ” թերթին տված հարցազրույցում պատմել էր մականվան ծագումնաբանությունը, թե տնից հա քաղցրեղենը կորչում էր, եւ տատն ասել էր, թե կարող է այստեղ մուկ կա:

Մրցութային առաջարկներն արտագրե՞լ են իրարից

Երբեւէ առիթ չենք ունեցել դիտելու 1992-ից Ստեփանավան քաղաքում հեռարձակվող «Ֆորտունա» ՍՊԸ-ի հաղորդումները, որն այժմ մրցույթում հաղթելով՝ հնարավորություն է ստացել թվային հեռարձակման ցանցի միջոցով սփռվել ողջ Լոռու մարզում: Այդ բացը փորձեցինք լրացնել նրանց կայքէջի՝ միջոցով, որի վերաբերյալ մրցութային առաջարկում նշված է. «Այսօր աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած կազմակերպություն կամ անհատ կարող է ծանոթանալ Ստեփանավանում տեղի ունեցող ամենօրյա իրադարձություններին այդ ինտերնետային էջից»: Ցանկացած անհատ հավաքելով www.fortuna.am հասցեն, ինչպես եւ մեզ հետ պատահեց երեկ՝ կտեսնի, որ այդ էջը դատարկ է:

«Գրանդ» խումբն ունի եւս մի կապուղի

Մրցույթից անմիջապես առաջ՝ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին էր գրանցվել «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն, որի մասնակիցների ցուցակում են Երեւանի բնակիչներ Աիդա Սարիբեկի Ղազարյանը՝ 51%, եւ Սամվել Սերյոժայի Սահակյանը՝ 49%: Թեեւ վերջինիս մասնաբաժինը փոքր-ինչ ավելի համեստ է՝ մրցութային առաջարկում հետո նշված է. «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ի ներդրումային եւ զարգացման ծրագիրը իրականացվելու է ընկերության հիմնադիր Սամվել Սահակյանի միջոցներով»:
Իսկ «Տավուշ ՏՎ»-ի գործարար ծրագրի համաձայն՝ «Ընկերության հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ներդրումային գումարը կազմում է 90 մլն դրամ»: Արտոնագիր ստանալուն հաջորդող 6 ամիսների ընթացքում արվելիք այս ներդրումները հիմնականում ուղղվելու են «ժամանակակից տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ձեռքբերմանը»:
Թե ովքեր են այս անձինք եւ ինչ շահագրգռություն ունեին թվային հեռարձակում իրականացնելու Տավուշի մարզում՝ մեզ համար պարզ չէր, մինչեւ մրցութային առաջարկի հավելվածներում չընթերցեցինք «Գրանդ կոմերց» ՍՊԸ-ի մասնակիցների՝ 2010 թվականի ապրիլի 11-ին կայացած տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցների արձանագրությունը: Իսկ մասնակիցներն ընդամենը 2-ն են՝ 70% բաժնեմասով՝ Հրանտ Վարդանյանը, եւ 30% բաժնեմասով՝ Սամվել Սահակյանը: Եվ այստեղ վերջապես նույնականացրինք, որ Սամվել Սահակյանն ԱԺ նախկին պատգամավորն է՝ «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:

Ըստ այդմ՝ նախամրցութային պայմանավորվածություններով զրկվելով իրենց տնօրինած նախկին 2 կապուղիներից մեկից, որով հեռարձակում էին իրականացնում հանրապետության տարածքում՝ Հրանտ Վարդանյանի ղեկավարած «Գրանդ» խումբը ստացել է «խրախուսական մրցանակ»՝ հեռարձակում իրականացնելու հնարավորություն Տավուշի մարզում, որտեղ, հիշեցնենք, այս խումբը ծավալում է գյուղատնտեսական գործունեություն, եւ որտեղից պատգամավոր է ընտրվել պրն Վարդանյանի որդին՝ Միքայելը:
Ամբողջությամբ