Wednesday, September 14, 2011

ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՌԱԲԻԶ

Հին ժամանակներում նման ուղերձները վերնագրում էին` բոլոր բարի կամքի տեր մարդկանց:
Արդեն գիշերվա 4-ն է, իսկ ես արթուն եմ: Կեսգիշերից քիչ անց մեր դիմացի հարեւանի տանը սկսեցին երգել: Երեւում էր, որ մի քիչ պրոֆեսիոնալ են: Տղաս ասաց, որ Սպիտակցի Հայկոյի ձայնն է: Սկզբում դեռ մի քիչ տանելի էր: Բայց հետո...
Պատուհանները բաց են` այլընտրանք չկա, կխեղդվեի թթվածնի պակասից: Երբ քաղաքի ձայները լռեցին` այդ "Սպիտակցի Հայկոյի" ձայնը սկսեց հնչել այնպես, կարծես անմիջապես հենց մեր պատուհանների տակ էր երգում:
Որոշ ժամանակ դադարում էր, ու սկսում էի ննջել, բայց հենց պիտի ընկղմվեի քնի մեջ` երգ էր սկսվում` "Պարսկաստանի խոոոոոորքից": Հատկապես անտանելի էր "Իմ հիվանդ մայրը ձյուն ուզեց մի օր" երգը, որը միանգամից բարձր նոտայից է սկսվում, ու հնչում այնքան աղեկտուր...
Ինչ որ տեղ 3.30-ի սահմաններում ես գժի պես դուրս թռա ու պատուհանից սկսեցի գոռալ` խիղճ ունեցեք:
Ինչ որ պահի պատուհանները փակեցի... անօգուտ: Լրիվ խորհրդային այս մուլտֆիլմի հերոսի հոգեվիճակում էի:

Վերջը որոշեցի անքնությունս օգտագործել: Վերջին շրջանում ժամանակ չեմ ունենում բլոգումս գրելու համար: Սրանից էլ լավ առիթ: Հույս ունեմ, որ ի վերջո` կհոգնեն, իրենց քունն էլ կտանի կամ էլ` Աստված տա, երգողի ձայնը կկտրվի:
Ախր, ամեն ինչը մի կողմ` ահավոր սարսափելի է ռոք սիրող մեկի համար այս ռաբիզ կլկլոցը: Առանց այն էլ դրանից ոչ մի կերպ հնարավոր չէ խուսափել` երթուղային լինի, տաքսի, որեւէ սրճարան... Դեռ այնտեղ ի վերջո կարող ես խնդրել անջատել` թեեւ խեթ հայացքների արժանանալու գնով: Բայց հիմա ինչ անեմ ես, բարի կամքի մարդիկ: Արտերկրում այս դեպքում ոստիկանություն կկանչեին, բայց ես մտավախություն ունեմ, որ մի նման բան եթե անեմ, ու եթե դա իրոք Սպիտակցի Հայկոն է` ուղղակի իր ունկնդիրների շարքերը կստվարացնեմ:

Բայց թունելի վերջում լույս երեւաց` մի 5 րոպե կլինի` հիվանդ մայրը ձյուն չի ուզել: Ու համ էլ մեքենայի ձայն լսեցի: Կարող է Հայկոն ուրիշ տեղ էլ նվագելու գործ ուներ:

Հ. Գ.  Առավոտյան պետք է ներկա լինեի Մեդիա եւ անիմացիա վարպետության դասին, որը վարելու է գերմանացի կինոքննադատ Յոհաննես Ուոլթերզը: Գեղամ ջան, Ինտերնյուսի ընկերներ ջան` հուսով եմ, դուք արդեն հասկացաք, թե ինչու չեմ մասնակցելու դրան:


Հ. Հ. Գ. Համացանցում գտա «Իմ հիվանդ մայրը» երգը` սպիտակցի Հայկոյի կատարմամբ: Ու հիմա վստահ եմ` ինքն էր: Յախք, յախք, մինչեւ վերջ 

9 comments:

  1. Հետաքրքիր է՝ նման դեպքերում ոստիկանությունը կանչելը կօգնի՞․․․․ թեեւ, իհարկե, դա բնորոշվում է հին հայկական «կլյավուզ» բառով․․․

    ReplyDelete
  2. Լսի, կարծեմ վարչական իրավախախտում է համարվում կեսգիշերից հետո աղմկելը եւ դրա համար նախատեսված է տուգանք: Բայց դե` հաստատ "կլյավուզնիկի" համբավ ձեռք կբերես հարեւանային հանրության շրջանակներում:

    ReplyDelete
  3. հե-հեեե, Աննա ջան, քեզ հասկացողների թիվը, կարծում եմ շաատ-շատ են: Դիմացիր ու զինվիր, մեկ էլ տեսար կրկնեցին...

    ReplyDelete
  4. Հոդված 180. Լռության խախտումը հասարակական վայրերում

    Լռության խախտումը գիշերը (ժամը 22-ից մինչև 6-ը), այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքների վրա նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից և այլ ապարատներից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում և բակերում, փողոցներում և այլ հասարակական վայրերում, բնակելի տարածություններում և դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև նման մյուս գործողությունները`
    առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

    ReplyDelete
  5. Հետաքրքիր կլիներ պարզել, թե որքան հաճախ է կիրառվել այս պատժամիջոցը: Ինչքան հիշում եմ՝ Հրազդանի ձորի հարեւանությամբ բնակվողները միշտ բողոքել են ողջ գիշեր հնչող երաժշտությունից, բայց ոչինչ չի փոխվել:

    ReplyDelete
  6. Anna, this is for you as an alternative:

    http://www.youtube.com/watch?v=YC62s4aZ26o

    ReplyDelete
  7. Սա մի օրինակ է, որ անգամ քացախից կարելի է էլի գինի սարքել: Վատը չէ, մանավանդ ռոքային որոշ հնչեղությունը:
    Շնորհակալ եմ այլընտրանքի համար:
    Բայց մեկ է՝ գիշերը քնելու համար է :)

    ReplyDelete
  8. Nerexutyun vor latinakan tarerov em grum, Hayreniqum chem hima.

    Es vorpes poet (hogum) iharke chem karogh hamadzajnvel vor gishery qnelu hamar e. Bajc ankaskac Spitakci Haykoin lseluc mianshanak uzumes qnel, havityan qnov iharke.

    ReplyDelete