Saturday, June 11, 2011

ԵՐԲ ԶԳԱՑԻՔ, ՈՐ ԱՍՏԾՈ ԱՐԱՐԱԾ ԵՔ

Գրեթե ամեն անգամ, երբ ինձ հեռուստաընկերություն են հրավիրում հարցազրույցի` մի պատմություն լինում է:

Ասենք, մի անգամ կանչել էին ՀՀԿ-ի մասին կարծիքս ասելու` ֆիլմ էին նկարում: Ես մեջբերեցի Աշոտ Նավասարդյանի խոսքերը, թե "Հանրապետական կուսակցություն գալիս են տալու` առողջությունը, ընդունակությունները, կյանքը եւ ամենակարեւորը` ոգին, այստեղ վերցնելու, ստանալու ոչինչ չկա, ով որ որեւէ բան ստանալու ակնկալիք ունի` կարող է հենց հիմա հեռանալ": Շատ ակնհայտ էր, թե ՀՀԿ հիմնադիրի այս խոսքերը որքան չեն համապատասխանում իշխանության կուսակցությանը: Դա հասկացել էին նաեւ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, եւ խոսքս կրճատել էին: Ստացվել էր ավելի զվարճալի մի բան. "Հանրապետական կուսակցություն գալիս են տալու": Ի դեպ, այդ ֆիլմը ցուցադրվել է ՀՀԿ-ի քսանամյակի տարեդարձի հանդիսավոր արարողության ժամանակ, եւ բոլոր հրավիրյալ բարձրաստիճան հանրապետականները լսել են դա:


Մեկ ուրիշ անգամ իմ խոսքը կրճատեցին հենց այն հեռուստահաղորդման ժամանակ, որի ընթացքում տպագիր մամուլի ներկայացուցիչներիս դասեր էին տալիս, թե իրականությունը պետք է ներկայացվի այնպես, ինչպես որ է: Ես խոսում էի այն մասին, թե ճիշտ է` թերթերում վճարովի հոդվածներ տպագրվում են, բայց հեռուստաընկերությունների անգամ լրատվական ծրագրերից էլ կարելի է գլխի ընկել, որ տվյալ սյուժեն վճարված է: Թերթերի մասին հատվածը թողել էին անխաթար, իսկ այ հեռուստաընկերության մասին ասվածը, որն, ընդ որում, համեմել էի որոշակի օրինակներով` կրճատեցին:

Մի խոսքով` հեռուստաընկերությունների հետ շփվելու հարուստ փորձառություն ունեմ: Բայց երկու օր առաջ հրավիրեցին Շողակաթ հեռուստաալիք, ու հետս այնպիսի հարցազրույց արեցին, որ մինչեւ հիմա շոկի մեջ եմ: Նախ` հարցազրույցը վարում էր Հայր Սուրբը: Ինձ մի քանի անգամ եթերից առաջ ասացին, որ այդպես դիմեմ իրեն: Հետո` զրույցը ընթանում էր մոտավորապես այսպես: Հայր Սուրբն ինձ ասում էր` Աստվածաշնչում խոսքի ազատության հարցերն այսպես են դիտարկվում, խոսքի ազատությունը ոտնահարողը Նեռ է: Ես` որ երբեք Աստվածաշունչն այդ տեսանկյունից չէի դիտարկել, ի պատասխան նախընտրում էի խոսել թերթերի դեմ դատավարությունների մասին:

Բայց ինձ վերջնականապես սպանեց վերջին հարցը: Ինձ հարցրին` "Երբ զգացիք, որ Աստծո արարած եք": Բարեբախտություն էր, որ սա ձայնագրություն էր, եւ հումանիստական նկատառումներից ելնելով` երեւի այդ հատվածը կկրճատեն: Այլապես դեմքիս արտահայտությունից հաստատ կզգացվեր, որ ես կամ այդ հարցը մինչ այժմ ինքս ինձ չեմ տվել, կամ էլ տակավին չեմ էլ զգացել, որ Աստծո արարած եմ:

Ի դեպ, եթերից առաջ ինձ Հայր Սուրբի պատկերացումներն էլ փոխանցեցին, որ նրա կարծիքով` լրագրությունը մարգարեություն է: Հիրավի, մարգարե չկա սեփական գավառում:

Հ. Գ. Քիչ առաջ նայեցի այդ հաղորդումը: Վատը չէր` շնորհիվ հենց վարողի: Քանի որ ասելիք ուներ, խոսք էր հնչում եթերից:
Բայց էլի... կրճատել էին այն հատվածը, երբ նա ինձ հարցրեց եկեղեցու դերակատարության մասին, ես էլ խոսում էի այն մասին, թե այն օրինակները, որ մեր աչքի առաջ ունենք` լավատեսության տեղիք չեն տալիս: Նա ասաց, որ հոգեւորականների  հասցեին քննադատությունը կառուցողական չէ` ես էլ պատասխան հարց տվեցի, թե ինչպես կարելի է կառուցողական քննադատել, եթե հոգեւորականը զենք է կրում:
Բայց փոխարենը թողել էին եթերում այն հատվածը, երբ այս ամենից հետո ինձ հարցրեց, թե աղոթքն ինչ դեր ունի իմ կյանքում եւ ես, մեղմ ասած, դժվարացա պատասխանել:

Հա, ի դեպ, կրճատել էին նաեւ այն հարցը, թե ես երբ զգացի, որ Աստծո արարած եմ:

2 comments:

  1. Աննա ջան, ահավոր ջիջիլ ընկա... էդ հաղորդումը որտե՞ղ կարող ենք նայել

    ReplyDelete
  2. Շողակաթի 6-րդ ստուդիա հաղորդումն է, Արթուր ջան: Բայց ինչ կար ջիջիլի՞ :Ճ

    ReplyDelete