E ակումբին տված հարցազրույցում իմ գլխավոր խմբագիրը` Արամ Աբրահամյանը ասել է /տեսագրությունում այդ հատվածը սկսվում է 15-րդ րոպեից/, թե իբր ես օգոստոսին էլ գրելու թեմաներ կգտնեմ:
Շնորհակալ եմ վստահության համար, բայց սույնով հերքում եմ այդ պնդումը:
Կարծում եմ` ոչ միայն իմ, այլ նաեւ շատ այլ լրագրողների համար գրելու նյութը "քչություն է անում": Գուցե դրա համար էլ այսքան սեւեռվել ու կենտրոնացել ենք իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ երկխոսության վրա: Այն, իհարկե, կարեւոր իրադարձություն է, բայց դրա լուսաբանման ինտենսիվությունն արդեն անցնում է չափն ու սահմանը:
Ասենք` այն, որ Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն, որոշ լրատվամիջոցների համար իր կարեւորությամբ զիջել էր այն իրողությանը, որ այսօր տեղի է ունեցել ՀԱԿ-ի եւ իշխանության երկրորդ հանդիպումը, որտեղ որոշվել է օրակարգը:
Կամ` այսօր ներկա եղա ասուլիսի, որի բանախոսները պատմում էին, թե Ջավախքում Տերյանական օրերի ընթացքում ինչպես են ձայնի իրավունքից զրկել հայ պատգամավորներին եւ այլն: Հենց ավարտեցին խոսքը` նրանց էլի սկսեցին հարցեր տալ երկխոսության մասին:
Բնականաբար` անգամ խոսք չի կարող լինել Նորվեգիայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որը համաշխարհային մամուլի գլխավոր թեման է: Այն հայկական մամուլում երբեք չի կարող համեմատվել մեր երկխոսության հետ:
Լիովին շեղվեցի թեմայից, բայց չեմ կարող այս առնչությամբ մի պատմություն չպատմել: Ես Ամերիկայում էի, երբ սպանեցին Բեն Լադենին: Hurriyet Daily News-ից Ֆուլյա Օզերկանը The Seattle Times-ում փոքրիկ պրեզենտացիա կազմակերպեց, թե թուրքական մամուլն ինչպես է արձագանքել այդ սպանությանը. ներկայացրեց բազմաթիվ թերթերի առաջին էջեր` Բեն Լադենի լուսանկարով: Մի նման բան ինքս էլ փորձեցի անել, սակայն շատ արագ պարզվեց, որ ներկայացնելու բան չունեմ` մի առաջին էջին Գագիկ Շամշյանն էր, մյուսին` կոլաժ "Ժառանգության" եւ ՀՅԴ-ի դեմ, երրորդին ինչ-որ ծաղրալից մեկնաբանությամբ նկար ՀԱԿ-ի հասցեին...
Վերջում նշեմ, որ այսօր մեկ այլ ասուլիսում "Ժառանգություն" խմբակցության քարտուղար, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը երկխոսության մասին նաեւ նման մի բան ասաց, թե մարդու իրավունքների տեսակետից՝ ճիշտ չի համարում օգոստոսին նման հանդիպումներ անցկացնելը:
Մարդն ունի հանգստի սահմանադրական իրավունք: Եվ թերթերում նույնպես մարդիկ են աշխատում, որքան էլ այս պնդումը կարող է վիճարկելի թվալ շատերի համար :)
No comments:
Post a Comment