Wednesday, September 14, 2011

ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՌԱԲԻԶ

Հին ժամանակներում նման ուղերձները վերնագրում էին` բոլոր բարի կամքի տեր մարդկանց:
Արդեն գիշերվա 4-ն է, իսկ ես արթուն եմ: Կեսգիշերից քիչ անց մեր դիմացի հարեւանի տանը սկսեցին երգել: Երեւում էր, որ մի քիչ պրոֆեսիոնալ են: Տղաս ասաց, որ Սպիտակցի Հայկոյի ձայնն է: Սկզբում դեռ մի քիչ տանելի էր: Բայց հետո...
Պատուհանները բաց են` այլընտրանք չկա, կխեղդվեի թթվածնի պակասից: Երբ քաղաքի ձայները լռեցին` այդ "Սպիտակցի Հայկոյի" ձայնը սկսեց հնչել այնպես, կարծես անմիջապես հենց մեր պատուհանների տակ էր երգում:
Որոշ ժամանակ դադարում էր, ու սկսում էի ննջել, բայց հենց պիտի ընկղմվեի քնի մեջ` երգ էր սկսվում` "Պարսկաստանի խոոոոոորքից": Հատկապես անտանելի էր "Իմ հիվանդ մայրը ձյուն ուզեց մի օր" երգը, որը միանգամից բարձր նոտայից է սկսվում, ու հնչում այնքան աղեկտուր...
Ինչ որ տեղ 3.30-ի սահմաններում ես գժի պես դուրս թռա ու պատուհանից սկսեցի գոռալ` խիղճ ունեցեք:
Ինչ որ պահի պատուհանները փակեցի... անօգուտ: Լրիվ խորհրդային այս մուլտֆիլմի հերոսի հոգեվիճակում էի:

Վերջը որոշեցի անքնությունս օգտագործել: Վերջին շրջանում ժամանակ չեմ ունենում բլոգումս գրելու համար: Սրանից էլ լավ առիթ: Հույս ունեմ, որ ի վերջո` կհոգնեն, իրենց քունն էլ կտանի կամ էլ` Աստված տա, երգողի ձայնը կկտրվի:
Ախր, ամեն ինչը մի կողմ` ահավոր սարսափելի է ռոք սիրող մեկի համար այս ռաբիզ կլկլոցը: Առանց այն էլ դրանից ոչ մի կերպ հնարավոր չէ խուսափել` երթուղային լինի, տաքսի, որեւէ սրճարան... Դեռ այնտեղ ի վերջո կարող ես խնդրել անջատել` թեեւ խեթ հայացքների արժանանալու գնով: Բայց հիմա ինչ անեմ ես, բարի կամքի մարդիկ: Արտերկրում այս դեպքում ոստիկանություն կկանչեին, բայց ես մտավախություն ունեմ, որ մի նման բան եթե անեմ, ու եթե դա իրոք Սպիտակցի Հայկոն է` ուղղակի իր ունկնդիրների շարքերը կստվարացնեմ:

Բայց թունելի վերջում լույս երեւաց` մի 5 րոպե կլինի` հիվանդ մայրը ձյուն չի ուզել: Ու համ էլ մեքենայի ձայն լսեցի: Կարող է Հայկոն ուրիշ տեղ էլ նվագելու գործ ուներ:

Հ. Գ.  Առավոտյան պետք է ներկա լինեի Մեդիա եւ անիմացիա վարպետության դասին, որը վարելու է գերմանացի կինոքննադատ Յոհաննես Ուոլթերզը: Գեղամ ջան, Ինտերնյուսի ընկերներ ջան` հուսով եմ, դուք արդեն հասկացաք, թե ինչու չեմ մասնակցելու դրան:


Հ. Հ. Գ. Համացանցում գտա «Իմ հիվանդ մայրը» երգը` սպիտակցի Հայկոյի կատարմամբ: Ու հիմա վստահ եմ` ինքն էր: Յախք, յախք, մինչեւ վերջ